Պուտինը Հայաստանին առաջարկել է ընտրություն կատարել, Փաշինյանը համաձայնել է աշխատել ռուսական առաջարկների շուրջ

  • 28.10.2022
  • 0
  • 355 Views

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:

«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է, որ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցն է, և մենք, իհարկե, նշանակալիորեն հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանք նրա վրա, ինչ կառաջարկի Հայաստանը»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։

Իր հերթին, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  Մատվիենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:

«Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները հանգեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – մեջբերում Մատվիենկոյի խոսքերը «Ինտերֆաքս»-ը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Վալդայի համաժողովում ելույթ ունենալիս ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, պետք է հաշվի առնել երկու երկրների շահերը:

«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», – ասել է Մատվիենկոն:

Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաեւ խորհրդարանական համագործակցությունը։

Իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Ամերիկահայ «Ասպարեզ» օրաթերթն էլ հայտնում է, որ այս ամսուան աւարտին, Սոչիի մէջ ակնկալուող Փաշինեան-Փութին-Ալիեւ հանդիպումէն առաջ պաշտօնական Ուաշինկթըն դարձեալ յայտարարեց, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարները քաջալերեցին հանդիպիլ այն ձեւաչափով, որ առաւել օգտակար է անոնց, նոյն ժամանակ շեշտելով, որ ուղղակի երկխօսութիւնը առանցքային է հարցերու լուծման եւ կայուն խաղաղութեան հասնելու համար:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց առաջին փոխնախարար Վետանթ Փաթել 26 Հոկտեմբերին շեշտեց, որ տարածաշրջանին մէջ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Վրաստանի ինքնիշխանութեան եւ անկախութեան համար չկայ աւելի մեծ աջակից, քան՝ Միացեալ Նահանգները:

Նախարարութեան բանբեր Նետ Փրայս իր կարգին յայտարարեց, թէ Հայաստան եւ Ատրպէյճան պէտք է որոշեն, որ օգտակա՞ր է արդեօք Ռուսիոյ նախագահին հրաւէրը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում