Նաիրյան ոգու առկայծումները

  • 28.10.2022
  • 0
  • 44 Views

«ԱԶԳ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրականը հայկական ոգու հաղթանակների մասին։

Նորից ու կրկին հաստատվում է այն միտքը, թե հայերը խելացի ազգ չեն, բայց տաղանդավոր են: Պարտության, մարդկային ու տարածքային կորուստների, ռազմաքաղաքական սպառնալիքների, քաղաքական խարխափումների ներկա մթնոլորտում, ընդհանուր հուսաբեկության մեջ, աշխարհի տարբեր քաղաքներից, մայրաքաղաք Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Իջեւանից եւ այլ բնակավայրերից ստացվող հաղորդագրությունները, մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձությունները սպորտի եւ արվեստի ոլորտներում` վկայում են նաիրյան ոգու անընկճելիության մասին, եւս մեկ անգամ ընդգծելով 15 դար առաջ մեր Պատմահոր արձանագրածը. «…Սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, եւ արժանի գրոց յիշատակի»: Այո, արիության բազմաթիվ գործեր են կատարվում հենց ա՛յս օրերին, հենց մեր աչքի առաջ, երբ թվում է, թե կորցրել կամ կորցնում ենք ամեն ինչ` պետություն, երկիր, ժողովուրդ: Երբ ապիկարության հաղթարշավն է մեզ զարկում գետնեգետին: Երբ պարտության, երկրի անհավասարակշիռ ղեկավարման, ձախավերությունների դիմաց չգիտես ամոթից ո՜ւր թաքցնես դեմքդ:

Նայեք ընդամենը դեռեւս չամբողջացած ընթացիկ ամսվա օրացույցին. գրեթե օր չկա, որում մեր մարզիկներն ու մարզնուհիները Դյուրես (Ալբանիա) քաղաքում, Անթալիայում (Թուրքիա), Չեռնոգորիայի Բուդվա, Իսպանիայի Պոնտեվեդրա, Հնդկաստանի Չեննայ քաղաքներում, Իտալիայում, Սերբիայում եւ այլուր, ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի ու շախմատի եվրոպական ու համաշխարհային մրցումներում չնվաճեն ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ: Չկա մրցասպարեզ, ուր չհնչի մեր օրհներգը, չծածանվի մեր եռագույնը: Մեր մարզիկների հաղթանակի ձգտումը անդիմադրելի է հատկապես թուրք ու մանավանդ ազերի մրցակիցների դեմ, ժողովրդային լեզվով ասած` կարծեք մուռ են հանում իրենց հասակակակից ընկերների սպանության, խեղանդամության, գերեվարման ու խողխողման դիմաց: Վրե՛ժ են լուծում ու ցույց են տալիս իրենց գերազանցությունը, ինչպես պատերազմի դաշտում, մերձամարտի ժամանակ, առանց ԱԹՍ-ների կռիվների ատեն: Նրանք ոչ թե սփոփում, այլ բուժո՛ւմ են մեզ մեր ամոթից, ստորակայության բարդույթից: Մեզ բուժեցին նաև այն 4 աղջիկներն ու 4 տղաները, որոնք Անթալիայում կայացած հաշմանդամային բազկամարտի աշխարհի մրցույթից տուն վերադարձան 8 մեդալով, 4 ոսկի և 4 բրոնզ: Նրանցից երկուսը պատերազմի ընթացքում հայրենիքը պաշտպանելիս էին հաշմանդամ դարձել…

Կրկին նայեք հոկտեմբերյան օրացույցին: Արվեստով հագեցած խիտ օրեր: Երեւանում, հայրենի մյուս քաղաքներում, եվրոպական ոստաններում, համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոփառատոներ, գիտաժողովներ, նորընծա գրքերի շնորհանդեսներ: Արվեստասերները, երաժշտասերները, գրասերներն ու կինոսիրողները չգիտեն ո՞ր միջոցառմանը հասնել, ո՞րը բաց թողնել եւ որի՞ն գնալ: Աշխարհահռչակ Սերգեյ Խաչատրյանի համերգը սիմֆոնիկի հետ, Փարիզի «Սոլի-տուտտի» վոկալ համույթի ելույթները «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» վերնագրով, Պետերբուրգի Բորիս Էյֆանի բալետային խմբի ներկայացումը «Ռոդեն. նրա հավերժական կուռքը» թեմայով, զարմանահրաշ Հարություն Դելլալյանի 85-ամյակի համերգը եւ հանճարեղ Գրիգոր Գուրզադյանի նկարչական գործերի ցուցահանդեսը` նրա ծննդյան 100-ամյակի առթիվ: Այնուհետեւ պրեմիերա` Մոցարտի «Դոն Ջիովանին»` օպերային ստուդիայում, ապա` Թեոդոր Կուրենտզիսի նվագախմբի ու երգչախմբի ելույթները` «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» բնաբանով, սփյուռքահայ դաշնակահարներ Շահան Արծրունու եւ Տիգրան Գրիգորյանի մենահամերգները, «Ռուսական կինոյի օրեր» փառատոնը եւ ամենանշանակալիցը` Երեւանի Շեքսպիրյան միջազգային 16-րդ թատերական փառատոնը: Սրանք գլխավորներն են արվեստի մեկամսյա տոնախմբության` առանց նշելու տասնյակ ու տասնյակ մյուս` տարատեսակ ձեռնարկները, որոնք ապշահար թողեցին այս միջոցին մեր երկիր ժամանած օտարերկրացիներին, որոնք սպասում էին վկա լինել տառապանքի տակ կքած, անորոշությունների մեջ խճճված մի ժողովրդի ցավին: Նրանցից մեկը, անգլիացի մի հայագետ, ընկերոջս ուղարկած մի գիրք հանձնելիս ինձ ասաց. «Հիմա՛ եմ հասկանում այն երկու կանանց, որոնք Ցեղասպանության օրերին, փախեփախի մեջ, իրենց տան կարեւոր իրերի փոխարեն Մշո ավետարանն են կիսել ու բերել Արեւելյան Հայաստան»:

Հոգեւոր մշակույթ, ֆիզիկական մշակույթ եւ գիտական մշակույթ,- սրանք մեր ոչ թե այցեքարտն են աշխարհում, այլ` մեր էությունից բխող ուժականությունը, որը մեզ կապում է հնարմատ մեր անցյալին եւ համամարդկային քաղաքակրթությանը: Այդ երեքից որեւէ մեկի անտեսումը, որեւէ իշխանության կողմից, համազոր է ազգադավության: Այդ երեքից 3-րդի` գիտական մտքի անտեսումը չէ՞ր միթե պատճառը վերջին և շարունակվող պատերազմում մեր պարտության:

Նաիրյան ոգին առկա է, առկայծում է դեռ: Պակասում է մտքի, խելքի, գիտության հրահրումը, փոթորկումը, քաջալերումը: Միայն այդ երեքի համակարգման դեպքում կպաշտպանվի, կուռճանա, աշխարհում տիրապետող կդառնա աստվածատուր տաղանդը. մեր տաղանդը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նաիրյան ոգու առկայծումները – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում