Հոկտեմբերի 23-ին պաշտոնապես վերաբացվել է Երուսաղեմի Հայ Պատրիարքության Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանը

  • 24.10.2022
  • 0
  • 3481 Views

Կիրակի, հոկտեմբերի 23-ին, ժամը 4-ին բացառիկ հանդիսավորությամբ և մեծ շուքով կատարվեց Երուսաղեմի Հայ Պատրիարքության Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի պաշտոնական վերաբացումը: Բազմաթիվ հյուրեր խմբվել էին թանգարանի բակում և Գյուլբենկյան Մատենադարանի սրահում, որտեղ և տեղի պիտի ունենար կոկիկ և կարճ հայտագիրը:

Ճիշտ ժամը 4-ին Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանը Սրբոց Հակոբյանց միաբանության հետ միասին մուտք գործեց Գյուլբենկյան Մատենադարանի սրահ: Բացման խոսքով հանդես եկավ Ամերիկայից Սուրբ Աթոռ ժամանած արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալճանյանը, ով իր պատանեկությունն անցկացրել է Սուրբ Աթոռի Ժառանգավորաց Վարժարանի կամարների տակ և մշտապես իր որդիական պարտքն ու հավատարմությունն է ցուցաբերել Սուրբ Աթոռի հանդեպ: Մարդիկյան թանգարանի վերանորոգման ծախսերը Տ. Առաքելի միջնորդությամբ հոգացել են Մարդիկյան ընտանիքի ժառանգները՝ շարունակելով իրենց ծնողների սկսած բարի գործը:

Տ. Առաքելն իր խոսքի մեջ նախ պատմական ակնարկ կատարեց Սուրբ Երկրում հայերի ներկայության և ունեցած հարուստ ժառանգության մասին, ապա շնորհակալություն հայտնեց թանգարանի վերանորոգման աշխատանքների կազմակերպման մասնակիցներին, և հատկապես այդ աշխատանքները համակարգող ֆրանսիաբնակ պարոն Հարություն Պեզճյանին, և մասնավորելով իր խոսքը՝ բոլորի կողմից երախտագիտական խոսքեր ասաց Մարդիկյաններին, որոնց նյութական նվիրատվությամբ հնարավոր եղավ իրականացնել թանգարանի շենքի հարդարումը, վերազարդարումը և տանիքի կառուցումը:

Տ. Առաքելի խոսքից հետո կոմիտասյան մեներգերով հանդես եկան Ժառանգավորաց Ընծայարանի սաներ՝ Հովհաննես Խումարյանը և Տիրացու Իվան Ադամյանը: Ապա Ժառանգավորաց երգչախմբի կողմից կատարված խմբերգից հետո, կարճ բայց պերճախոս ելույթ ունեցավ Սուրբ Աթոռի Գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը, որ շեշտեց Երուսաղեմի նման կենտրոնում հայկական թանգարանի վերահաստատման նշանակությունը: Իր խոսքից հետո, Պատրիարք Սրբազան հայրը միաբանության և ներկաների հետ միասին առաջացավ դեպի թանգարանի մուտքը, որտեղ Նորին Ամենապատվությունը կտրելով ժապավենը՝ կատարեց Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի պաշտոնական վերաբացումը:

Հյուրերը բուռն հետաքրքրությամբ ուղղվեցին նախ թանգարանի կենտրոնում զետեղված 1894 թ.-ին Դամասկոսի դռնից 300 մետր հյուսիս արևմուտք Մուսրարայում, Երուսաղեմի մոտ հայտնաբերված 6-րդ դարի խճանկարի առջև, որը հավանաբար մի վանքի հարակից հայկական մեռելասրահի տախտակամած է: Խճանկարը 2022 թ.-ին տեղափոխվել է Հայկական թաղամաս և հաստատվել է թանգարանի գավթում: Խճանկարի տակ զետեղված են Մուսրարայից տեղափոխված սուրբերի մասունքները:

Ապա ներկաները շրջայց կատարեցին թանգարանի սրահներով՝ դիտելու Պատրիարքության անգին գանձերը՝ Ս. Գլխադրի արծաթյա և ոսկեթել ասեղնագործ սքանչելի վարագույրը, Հովհաննես Կոլոտ Պատրիարքի թանկարժեք շուրջառը, Շղթայակիր Պատրիարքի անգին շուրջառը, Նապոլեոնի նվիրած շուրջառը, ադամանդակուռ խաչեր, կանթեղներ, սկիհներ և այլն: Բոլորի ուշադրությունը կենտրոնացավ ցուցադրված շուրջ 18 ձեռագիրների վրա, որոնք իրենց հնությամբ, մանրանկարչությամբ և կամ թանկագին կազմով աչքառու տեղ են գրավում թանգարանում: Այնտեղ են հայ մանրանկարչության պարծանք Թորոս Ռոսլինի գլուխգործոցները, ինչպես նաև Սարգիս Պիծակի և այլ մանրանկարիչների գործերից լավագույն նմուշներ: Առանձին սենյակում ցուցադրված են Երուսաղեմի Հայ Պատրիարքության դարավոր պատմության կարևորագույն վավերաթղթերից օրինակներ, ինչպես՝ Մուհամմեդի, Ալիի, Սալահեդդինի և Օսմանյան սուլթանների հրովարտակները, որոնք պաշտոնապես հաստատում ու վավերացնում են Հայոց իրավունքներն ու առանձնաշնորհները սրբատեղիներում: Ցուցադրված են նաև զանազան պաշտոնաթղթեր և նամակներ, որոշները երեք հարյուր հիսուն և ավելի տարիների հնությամբ և պատմական մեծ արժեքով:

Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի վերահաստատմամբ Երուսաղեմի դարավոր Հայ Պատրիարքությունը վերստին օժտվեց կարևոր մի հաստատությամբ, որ, մշակութային իր մյուս օջախների հետ՝ Ժառանգավորաց վարժարան և Ընծայարան, Սբ. Թարգմանչաց վարժարան, Ձեռագրատուն, Գյուլբենկյան Մատենադարան և Տպարան, պիտի վերածեն այս վանքը Հայ եկեղեցական և աշխարհիկ պատմության ու հայ արվեստի ուսումնասիրության գլխավոր կենտրոնի:

Հելեն և Էդվարդ Մարդիկյան թանգարանի տեսուչն է՝ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծ. վրդ. Զաքարյանը:

ՆԵՐՍԵՀ ԱԲՂ․ ԱԼՈՅԱՆ

«Սիոն» Ամսագրի գլխավոր խմբագիր

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Լուսանկարները՝ Ներսեհ աբեղա Ալոյանի եւ Ռաֆայել աբեղա Ղազարյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում