Դեսպան Հովակիմյանը հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

  • 23.10.2022
  • 0
  • 426 Views

Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović)։

Ջաֆերովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։

Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունը` ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը։ Դեսպանը շնորհավորեց Բոսնիային և Հերցեգովինային՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարի համար:

Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները, ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։ Ի պատասխան Ջաֆերովիչը նշեց, որ Բոսնիան և Հերցեգովինան մշտապես եղել է ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից:

Արարողությունից առաջ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեն հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Էնսար Էմինովիչին:

ՀՀ դեսպանին ընդունեց նաև երկկողմ հարաբերությունների գծով նախարարի փոխտեղակալ Լյուբո Գրկովիչը, որի հետ քննարկվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները, մասնավորապես, երկու նախարարությունների միջև առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

ՀՀ դեսպանն այցելեց Սարայևոյի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Բենյամինա Կարիչի հետ Երևանի և Սարայևոյի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում