Հայաստանի մարզերում հայ ժամանակակից հեղինակների հետ հանդիպումներ կկազմակերպվեն, որոնց շնորհիվ մարզաբնակները կբացահայտեն ժամանակակից գրողներին ու գրականության արդի միտումները։ Նախաձեռնությունը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնինն է։
Նախագծի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին «Լոֆթ Վանաձորում», որտեղ գրական ակումբի շրջանակում կհյուրընկալվի ժամանակակից գրող, արձակագիր Հովիկ Աֆյանը։ Այս բացառիկ հանդիպման ընթացքում վանաձորաբնակները հնարավորություն կունենան զրուցել Հովիկ Աֆյանի հետ իր ստեղծագործությունների մասին, կբացահայտեն բեսթսելերներ գրելու գաղտնիքները։
«Մեզ համար շատ կարևոր է մշակույթը տանել մարզեր և մարզերում նույնպես ներկայացնել որակյալ և կարևոր միջոցառումներ, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մարզաբնակների առօրյան։ Ուրախ ենք, որ գրական ակումբի շրջանակում նման պարբերական միջոցառումներ կունենանք և հատկապես ուրախ ենք, որ հայ ժամանակակից բազմաթիվ հեղինակներ պատրաստակամություն են հայտնել հանդիպելու իրենց մարզաբնակ ընթերցողների հետ և ոգեշնչելու նրանց»,-նշում է «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը։
Նշենք, որ «Լոֆթ» գրական ակումը համակարգվում է PR մասնագետ, լրագրող Ռոզա Գրիգորյանի և «Լոֆթ»-ի կողմից։
Տասնյակ պատմվածքների, վեպերի հեղինակ Հովիկ Աֆյանը իր ստեղծագործական ուղու ընթացքում արժանացել է հեղինակավոր մրցանակների, իսկ նրա գրքերը ընդգրկվել են երևանյան բեսթսելլերների առաջին տասնյակում։ 2021 թվականին հեղինակի «Կարմիր» վեպը ներկայացվել է TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։Վեպն ընդգրկվել է նաև Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։ 2021 թվականին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
orer.eu