Կարեն Օհանջանյանի «Երբ կորցնում ես Հայրենիքդ» վեպի չեխերեն թարգմանության շնորհանդեսը Պրահայում. Արցախի շքանշաններ չեխ լրագրողներին

  • 22.10.2022
  • 0
  • 403 Views

Օրերս Պրահայի գրական սրճարաններից մեկում տեղի ուենցավ արցախցի ճանաչված հասարակական գործիչ եւ գրող, Արցախի նախագահի խորհրդական, «Հելսինկյան նախաձեռնոթյուն -92»ի  Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների եւ խաղաղության գծով միազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանի (Օհանջ-գրական անունով) «Երբ կորցնում ես Հայրենիքդ» գրքի չեխերեն թարգմանության շնորհանդեսը։

Գրքի բնօրինակը ռուսերեն է։ Հեղինակն այն գրել է ընդամենը 1,5 ամսում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու ամիս անց։ Գլխավոր հերոս Արինը՝ Արցախի պետականության հաստատման հիմնադիրներից մեկն է, փորձում է ոչ միայն ցույց տալ իր անձնական ապրումները՝ Հայաստանում ու Արցախում կատարվածի վերաբերյալ, այլեւ վերլուծում է եւ տալիս գնահատականներ, թե ինչու այդ ամենը կատարվեց մեր ժողովրդի հետ։ Ինչպես նշված է գրքի առաջաբանում,  հեղինակն իր գնահատականն է  տալիս 44-օրյա պատերազմի ժամանակ կատարվածին, որի բնութագրումը տալիս է վեպի հերոսների միջոցով, իսկ գլխավոր հերոսն իր հույսը դնում է Երկնային ուժերի վրա։ Նա հարց է տալիս Աստծուն՝ «Ինչի՞ համար»։ Գիրքն ըստ էության  Կարեն Օհանջանյանի յուրօրինակ ինքնախոստովանությունն է։

Չեխ հայտնի լրագրողներ Մարտին Մահդալն ու Մարկետա Ադամցովան գիրքը թարգմանել են չեխերենի, որը լույս է ընծայել «Օլիմպիա» հրատարակչությունը։ Շնորհանդեսին շնորհակալական խոսքով հանդես է եկել ոչ միայն գրքի հեղինակը, այլեւ թարգմանիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը։

Միջոցառման ընթացքում, իբրեւ Արցախի նախագահի խորհրդական՝ Կարեն Օհանջանյանը նաեւ չեխ լրագրողներին հանձնել է պարգեւներ։ Նա բարձր է գնահատել անցած տարիների ընթացքում չեխ լրագրողների Արցախին սատարելու, պատերազմական օրերին  եւ հետո այնտեղ լինելու ու լուսաբանելու աշխատանքը։

Արցախի նախագահի հրամանագրով նրանք արժանացել են «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին։ Կարեն Օհանջանյանը շքանշանները եւ պատվոգրերը հանձնել է  ռեժիսոր Մարտին Մահդալին, պրոդյուսեր Մարկետա Ադամցովային, լրագրող Մարկետա Կուտիլովային, իսկ լրագրող, լուսանկարիչ Լենկա Կլիցպերովային Ուկրաինայում գտնվելու պատճառով, կփոխանցի ավելի ուշ։  Նա նշել է, որ պարգեւատրվածները տարբեր ժամանկներում  եղել են Արցախի կողքին եւ իրենց նվիրյալ աշխատանքով նպաստել են իր իրավունքների համար պայքարող ժողովրդի մասին լրատվության տարածմանը։ Իր հերթին, հեղինակն էլ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել Եվրոպական Միության երկրներում Արցախի մասին տեղեկատվության տարածմանը։

Ջերմորեն շնորհավորում ենք ե՛ւ գրքի հեղինակին, ե՛ւ մեր չեխ գործընկերներին։

Կարեն Օհանջանյանի հետ ՕՐԵՐ-ի հարցազրույցը կարդացեք մեր ամսագրի առաջիկա համարում։

Հ.Ա.

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում