Լույս է տեսել «Տեղեկատվական հոսքեր. Լրագրությունից մինչեւ մուլտիմեդիա» ձեռնարկը

  • 16.10.2022
  • 0
  • 66 Views

Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է։ Այս օրն առիթ է կրկին անդրադառնալու խոսքի ազատության ու լրագրողական պատասխանատվության, մասնագիտական շարունակական ինքնակրթության ու մեդիադաշտի նոր տեխոնոլոգիաների խնդիրներին։

Այս տեսանկյունից անչափ կարեւոր է բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի եւ  բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Թադեւոսյանի աշխատությունը՝  «Տեղեկատվական հոսքեր. Լրագրությունից մինչեւ մուլտիմեդիա» ուսումնաօժանդակ ձեռնարկը, որը նախօրեին լույս է տեսել Երեւանի «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում։

Քանի որ գիրքը նվիրված է տեղեկատվական հոսքերին եւ դրանց ժամանակակից զարգացումներին, նոր՝  մուլտիմեդիա հնարավորություններին, հեղինակները փորձել են վերլուծել, քննել եւ  կոնկրետ օրինակներով ցույց տալ մեդիասպառման նոր մոդելները, ժանրաձեւաչափային փոխակերպումները եւ լրագրողական աշխատանքի նոր չափանիշները։

Կարեւոր են նաեւ մեդիագրագիտությանը նվիրված հարցերի ներկայացումը, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցներում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո, սոցիալական ցանցերի ու մոբիլային հավելվածների առաջ բերած նոր լրահոսքերի ազդեցության տակ։ Այսպիսով աճել են նաեւ տեղեկատվական հոսքերը։

«Մամուլ-ռադիո- հեռուստատեսություն» ավանդական շղթան այսօր վերածվել է «ալիք- կոնտենտ -պլատֆորմ»  կառույցի՝ այդպիսով ստեղծելով «մեդիայի նոր էկոհամակարգ»։

Հեղինակները գրում են.«Այդ պատճառով մասնագիտության մեջ առաջանում են լուրջ փոփոխություններ, լրագրողին առաջադրվում են արմատապես նոր պահանջներ, իսկ լրագրության ավանդական ձեւաչափերն ու ժանրերը վերափոխվում են: Այս առումով անհրաժեշտ է վերանայել եւ ընդլայնել «հին մեդիա» հասկացության շրջանակները, քանի որ առաջին պլանում հայտնվում են նոր դերակատարներ: Ժամանակակից մեդիաինդուստրիայի այս բոլոր միտումները չէին կարող չանդրադառնալ մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի մեդիահամակարգի վրա: Բացի այդ` աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացումը, առաջատար պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի միջեւ հակասությունների սրումն ուղղակիորեն ազդում են մեր տարածաշրջանի վրա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրում Արցախի եւ Ադրբեջանի (Թուրքիայի հետ միասին) լայնածավալ պատերազմի անցկացմամբ, արեւմտյան երկրների եւ Իրանի երկարաժամկետ առճակատում, Մոսկվայի եւ Թբիլիսիի բանակցային գործընթացում առաջընթացի բացակայություն, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում անկայուն իրավիճակ, Հայաստանում «թավշյա հեղափոխության» իրադարձություններ. այս ամենը հանգեցրել են տեղեկատվական հոսքերի ակտիվացմանը մեր երկրի եւ պետության ներսում` դարձնելով արտասահմանյան լրատվամիջոցների համակ ուշադրության առարկա: Բացի այդ` Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված տեղեկատվական դիմակայության համատեքստում, երբ ՏՀ-ի (տեղեկատվական հոսքի) քաոսը եւ վերահսկողության բացակայությունը սպառնում են մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այս իրողությունն ու վերոնշյալ բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ մեր ուսումնասիրության թեման արդիական է»:

Դասագիրքը երկու հիմնական գլխից է բաղկացած։ Հեղինակները նախ անդրադառնում են մուլտիմեդիա լրագրության զարգացման սոցիալ-մշակութային գործոններին, ապա հաջորդ գլխում անդրադառնում են նոր «թվային» սերնդի առանձնահատկություններին, ինչպես նաեւ լրատվամիջոցների աշխարհում այն հիմնական փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել թվային բովանդակության արտադրության մեջ լսարանի ներգրավվածության ազդեցության տակ։ Այսպիսով, անդրադառնոմւ են նաեւ մեդիակրթության խնդիրներին։

Գնահատալի է, որ հեղինակները սույն աշխատությունը գրելիս օգտագործել են թեմային նվիրված ժամանակակից օտար գրականությունը՝ թե՛ ռուսական, եւ թե՛ ամերիկյան ու եվրոպական, ինչն ավելի վստահելի է դարձնում  ներկայացվող խնդիրների վերաբերյալ գնահատականները, որոնք հիմնվում են տարբեր կարծիքների վրա։

Լրագրությունը նորարարության եւ թվային միջավայրի դարաշրջանում գլխում քննարկվում է համաշխարհայնացման  պայմաններում լրատվական դաշտի գործունեության պայմանները, տեղեկատվական հոսքերի բովանդակությունը, դրանց ձեւավորման եւ տարծաման  կառուցվածքը, բերվում են կոնկրետ օրինակներ տարբեր լրատվամիջոցների աշխատանքից, բացատրվում են գլոբալ տեխնոլոգիաների եւ գլոբալ տնտեսության ազդեցությունը։

Մի այլ բաժնով քննարկվում են մեդիալսարանի փոփոխությունները, որոնց վրա ազդել են լրատվական նոր հոսքերը։  Այդ թվում՝  նաեւ ցանկացած անձի կողմից հանրային հաղորդագրությունների արտադրությունը։ Այսինքն, ցանկացած մարդ կարող է դառնալ լրատվական հոսքի մասնակից եւ որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի։ Այստեղ է, որ մարդը հանդես է գալիս որպես մեդիա։

Բերվում են նաեւ հետաքրքիր սոցիոլոգիական տվյալներ մեդիասպառման մասին։ Օրինակ, ամերիկացիները լրատվամիջոցների վրա օրական ծախսում են 11 ժամ, ռուսաստանցիները՝ 9,5 ժամ, իսկ հայաստանցիները՝ առավել քան 6 ժամ։

Աշխարհով մեկ ընդլայնվում է մարդկանց հասանելիությունը համացանցին, թվային եւ բջջային լրատվամիջոցներին։ Ուստի հետաքրքիր է, որ ավանդական մամուլն այս պայմաններում  սկսել է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, բնական է համացանցի միջոցով։

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ այս գրքում կարող են գտնել իրենց կատարած աշխատանքից  օրինակներ, որոնք կապված են ժանրային եւ ձեւաչափային փոխակերպումներին։

Դասագրքի հեղինակները եզրակացնում են. «Չշնայած բոլոր կտրուկ եւ արագ փոփոխություններին, որոնք այսօր տեղի են ունենում լրատվամիջոցների հետ թվային դարաշրջանում, կա մի բան, որը մնում է անփոփոխ։ Բարձրակարգ, հեղինակավոր, կարեկցանքային(էմպաթիկ) լրագրության պահանջարկը, որը կարող է տարբեր պատմություններ ներկայացնել բոլոր հնարավոր հարթակներում եւ ալիքներով, մեր կարծիքով, դժվար թե երբեւէ վերանա»։

Վերջում նշենք, որ ձեռնարկն իրապես օգտակար կարող է լինել  ոչ միայն լրագրության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների ու դասախոսների համար, այլեւ ժամանակակից լրագրության հիմնախնդիրներով հետաքրքրված լայն լսարանի համար։

Մնում է միայն ընթերցել եւ դասեր քաղել։

Հ.Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում