Արցախի ղեկավարները հանդիպել են Հայաստանի իշխանությունների հետ

  • 16.10.2022
  • 0
  • 33 Views

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին:

Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մի փաստ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար, ընդգծել, որ միշտ տեղյակ է լինում հիմնախնդրի կարգավորման շուրջ առկա քննարկումներին և հնարավոր տարբերակներին:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Արցախում տիրող ընդհանուր իրադրությունը: Քննարկվել է անվտանգային և օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում