Չեխահայ գործարար Գեւորգ Ավետիսյանը կոչ է արել հրաժարվել երկակի չափանիշներից եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. «Դենիկ» օրաթերթ

  • 15.10.2022
  • 0
  • 113 Views
«Դենիկ» օրաթերթ, Պրահա

Հոկտեմբերի 14-ին չեխական «Դենիկ» օրաթերթը հարցազրույց է տպարգել «Մարլենկա» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հետ՝ անդրադառնալով սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանը, հատկապես, երբ ողջ աշխարհը զբաղված է ուկրաինական պատերազմով։

«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը նոր չափերի է հասել» հոդվածում  հայ գործարարը թղթակցին պատմել է, որ ոչ միայն պատերազմական գործողություններ են ընթացել, այլեւ ուղղակի ռմբակոծվել են շտապ օգնության մեքենաները,  քաղաքացիական ենթակառուցվածքները, նույնիսկ տուժել են լրագրողները, բայց ավելի սարսափելի են նրանց կատարած վայրագությունները՝ ադրբեջանցի զինվորները տանջամահ են արել գերիներին, բռնաբարել են կանանց, սպանել են քաղաքացիական անձանց։

Նրա ասելով, ինչպես կարող են  21րդ դարում նման վայրագություններ անել, ու՞ր են մնացել մարդկային հիմնարար արժեքները։ Հայ գործարարը նշում է՝ «Այսօր բոլորի համար պարզ է, որ ռուսները չեն օգնում իրենց դաշնակից Հայաստանին, եւ բարեկամական կապեր են հաստատել Ադրբեջանի հետ, ավելին, ուկրաինական պատերազմի հետ կապված, նաեւ չեն ուզում խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, որը կանգնած է Ադրբեջանի թիկունքին։ Իսկ ի՞նչ են անում մյուս երկրները կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն կամ Եվրոպական Միությունը։ Ինչո՞ւ չեն տնտեսական պատժամիջոցներ սահմանում նաեւ Ադրբեջանի նկատմամբ։ Նաեւ նշում է, որ Հայաստանը չունի եւ չի կարողանում ստանալ զենք, իսկ հայ զինվորները միայն Կալաշնիկովով պայքարում են թուրքական դրոնների դեմ։ Այժմ էլ, ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փիլոսիի Հայաստան կատարած այցից հետո, հայերը հույսը դրել են Միացյալ Նահանգների վրա։

Անդրադառնալով արցախյան պատերազմներին, Ավետիսյանը նշում է, որ Առաջին պատերազմում երեք միլիոնանոց Հայաստանը միայնակ հաղթեց 10 միլիոնանոց Ադրբեջանին, իսկ 2020 թվականի պատերազմում՝ Ադրբեջանը հաղթեց, քանի որ վերջինիս թիկունքին կանգնած էր Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը։

Վերջին հարձակմանը ոչ միայն Թուրքիան է աջակցել, այլեւ Ռուսաստանը լռելյայն համաձայնել է։ Այսպիսով հասկանում ենք, որ ռոսւներն այլեւս մեր անվտանգության երաշխավորները չեն։ Այսպիսի գնահատական է տալիս նա։ Ու թեեւ երկար տարիներ Գեւորգ Ավետիսյանն ապրում է Չեխիայում, բայց պաշտպանում է եւ շարունակելու է պաշտպանել հայկական շահերը։

Իհարկե,  Պրահայում տեղի ունեցած տարբեր բարձր մակարդակի հանդիպումները Փաշինյանի, Ալիեւի, Էրդողանի միջեւ կարող են նպաստել, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Սակայն Գեւորգ Ավետիսյանի կարծիքով, չպետք է սպասել դրան, եւ Ադրբեջանի վրա պետք է մեծ ճնշում բանեցնել։ Միայն չպետք է բավարարվել խաղաղության մասին կոչերով, չկիրառել ներկա միջազգային քաղաքականության երկակի չափանիշները, եւ պատժամիջոցներ կիրառել նաեւ Ադրբեջանի նկատմամբ, եւ ինչպես հրաժարվում են ռուսական գազից, հրաժարվեն նաեւ ադրբեջանական նավթից։ Այլապես, Ալիեւի նման բռնապետները կարող են գործընկեր Էրդողանի օգնությամբ իրենց գործունեության սահմանները հասցնել նաեւ եվրոպական երկրներ։ Այս նախազգուշացումով էլ եզրափակվում է Գեւորգ Ավետիսյանի հարցազրույցը։

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում