Նրանք կատարել են աներեւակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից

  • 15.10.2022
  • 0
  • 352 Views

Նրանք կատարել են աներեւակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի տեղի են ունենում հոկտեմբերի 14-16-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։

Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում այսօր «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկման ժամանակ ներկայացվել  են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու  նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը:

«Ավրորայի» այս տարվա հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց կրթությունը հասանելի դարձնելու համար, Հադի Ջումանը (Եմեն),  որը վտանգելով սեփական կյանքը, իրականացնում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից զոհվածների մարմինների դուրսբերում, եւ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս), որը կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների շահերը։  

Aurora Dialogues-ի շրջանակում անցկացվող այս քննարկումը վարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն եւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն։

Կարևորելով «Ավրորայի» հերոսների անձնուրաց  գործունեությունը՝ բարդ եւ նրանց կյանքի համար վտանգավոր պայմաններում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասել է.  «Այսօր մենք պատվում ենք 2022 թվականի «Ավրորայի» հերոսներին: Նրանք արտասովոր մարդիկ են, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն այլոց։ Դա գերագույն զոհաբերություն է: Եվ դա նաեւ նրանց մարդասիրության գերագույն վկայությունն է: Վհատեցնող մարտահրավերի բախվելիս նրանք կատարել են աներեւակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից: Դա ճի’շտ ընտրություն է, ու նրանք շարունակում են այդ ընտրությունը կատարել ամեն օր՝ որքան էլ բարձր լինի վճարելիք գինը։  Մերօրյա այս հերոսների իրական ներգործությունը տարածվում է նրանց ուղղակիորեն օգնած մարդկանցից շատ ավելի հեռու՝ ամբողջ աշխարհով մեկ»։

Նուբար Աֆեյանը նաև ավելացրել է, որ ինչպես ավելի քան 100 տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ շատ-շատերը ձեռք են մեկնել ցեղասպանությունից մազապուրծ մեր նախնիներին՝ օգնելով նրանց երկրորդ անգամ նոր կյանք սկսել, այնպես էլ այսօր «Ավորայի» հերոսներն են ձեռք մեկնում  ծանր վիճակում հայտնված մարդկանց:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և հանձնաժողովի անդամներն իրենց գնահատանքի խոսքերն են ասել հերոսների և նրանց գործունեության վերաբերյալ և ներկայացրել նրանց կատարած հսկայական աշխատանքը:

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «Ավրորայի» գլխավոր նպատակն է գնահատել խիզախ անհատներին՝ հավաստիացնելով, որ մարդկությունը ոչ միայն գիտի նրանց պայքարի մասին, այլև հնարավոր ամեն բան անում է՝ նրանց օգնելու համար:

«Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»,- մասնավորապես ասել է Ռուբեն Վարդանյանը։

Ամփոփելով Aurora Dialogues քննարկումը՝ մասնակիցներն ընդգծել են, որ աշխարհաքաղաքական ցնցումների և աճող հակամարտությունների այս բարդ ժամանակներում ավելի քան կենսական են «Ավրորայի» հերոսների գործունեությունն ու գործադրած ջանքերը։

Այսօր երեկոյան, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ հայ հոգևոր և մշակույթի նշանավոր կենտրոններից մեկում կայանալիք 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ էլ  հայտնի կդառնա, թե  երեք հերոսներից ով կդառնա այս տարվա դափնեկիրը՝  շարունակելու համար նվիրատվության շղթան աշխարհում:

* * *

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:

Լուսանկարները՝ Victor Boyko/Getty Images հատուկ «Ավրորայի» համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում