Փաշինյանը Պրահայում հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետին եւ Գերմանիայի կանցլերին

  • 07.10.2022
  • 0
  • 37 Views

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:

Վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը:

Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

gov.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում