Տոմաշ Յադլովսկի. «Հայաստանն ինձ համար հավերժ կմնա ազատության երկիր»

  • 01.10.2022
  • 0
  • 669 Views

Չեխ թարգմանիչ, հրապարակախոս,  նախկին դիվանագետ Տոմաշ Յադլովսկին պատասխանում է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր  Հակոբ Ասատրյանի հարցերին

Հարցազրույցը լույս է տեսել է ՕՐԵՐ ամսագրի 2022 թվականի 1-4/92/ համարում։

Տոմաշ Յադլովսկին բնակվում է Երեւանում։ Նա Հայաստանում է հայտնվել չափազանց դրամատիկ հանգամանքներում։ Այդ մասին գրել է իր «Հայրը փախուստի մեջ» ինքնակենսագրական գրքում, որը հրատարակվել է Պրահայում՝ Վերա Նոսկովայի «Կլիկա» հրատարակչության կողմից։ Գրքում հեղինակը գունեղ մանրամասնությամբ նկարագրում է իր իսպանացի կնոջ հետ անցկացրած տարիները, ամուսնալուծությունը, որդու առեւանգումը, Չեխիայի եւ իսպանական արդարադատության համակարգերի խարդախությունները, Չեխիայի կառավարական մարմինների անգործունեությունը, եւ Հայաստանում ու Ղարաբաղում իր ապրած կյանքի փորձառությունները: Գիրքը կարդալուց հետո զգացում է պատում, թե եվրոպական ժողովրդավարական պետությունները ինչպիսի քրեական դրամա են սանձազերծել։ Եվ շատ ցավալի է, որ մինչ այժմ ոչ միայն գրքի հեղինակը, այլեւ նույնիսկ նրա ծնողները չեն կարողանում կապ հաստատել իր որդու՝ Միրեկի հետ։  Ցավալի է նաեւ, որ Հայաստանում ինչ որ խմբակ ուժով խլել է երեխային եւ հանձնել մորը։

-Հարգելի Տոմաշ, ինչո՞ւ որոշեցիք Ձեր անձնական պատմության մասին գիրք գրել։

-Ես մի քանի պատճառ ունեի։ Նախ՝ ես տարիներ շարունակ ոչինչ չգիտեմ Իսպանիայում գտնվող առևանգված որդուս մասին, և եթե հանկարծ չապրեմ այնքան, որ տեսնեմ նրան, ուզում էի նրան մի բացատրություն թողնել, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Մի քանի հոգի ունեն գրքի էլեկտրոնային տարբերակը, որը կփոխանցեն իրեն, եթե չկարողանամ ինքս տալ: Հետո էլեկտրոնային թարգմանչի օգնությամբ նա կկարդա, քանի որ այլեւս երեւի չեխերեն չի խոսում։ Երկրորդ, ես ուզում էի ամոթանք տալ բոլոր խարդախներին՝ դատավորներին, փաստաբաններին և այսպես կոչված, երեխաների օրինական պաշտպաններին, ովքեր իմ որդու, իմ ու ծնողներիս կյանքի մի մասը ոչնչացրին։

Ես գովազդում եմ գիրքը և այն գնում են Չեխիայի և Սլովակիայի գրադարանները: Հետևում եմ նրանց գրացուցակներին և ինձ հաճելի է, որ գիրքը գրեթե երբեք երկար չի մնում գրադարակում: Եվ գուցե երրորդ նպատակն էլ ասեմ՝ այս պատմության տարածումը արտասահմանում։ Ուզում եմ կազմակերպել նաեւ գրքի հայերեն թարգմանությունը և տպագրությունը Երևանում։  Հայերը շատ բան չգիտեն Եվրոպայի պայմանների, ֆեմինիզմի և դատական անարդարության մասին։ Գիրքը կարող է նախազգուշացում լինել այն մասին, թե ուր կգնա ավանդական հասարակությունը, եթե ենթարկվի ձախակողմյան գաղափարախոսություններին, ինչպիսիք են ֆեմինիզմը և կանանց չքննադատելու բարեհաճությունը: Ինձ սխալ չհասկանաք, ես ոչինչ չունեմ ինքնուրույն գործունեություն ծավալող կանանց դեմ: Ընդհակառակը, ես աշխատում եմ լեզվաբանության ոլորտում, որտեղ կանայք գերակշռում են, և ես սիրում եմ նրանց հետ աշխատել։ Բայց ես դատապարտում եմ այն պետությունները, որտեղ կանայք բարեհաճ են միայն այն պատճառով, որ նրանք բարձրաձայն առավելություններ են պահանջում ի հաշիվ տղամարդկանց՝ հիմնված նախապաշարմունքների, կարծրատիպերի և ստի վրա:

-Ինչո՞ւ փախուստի համար ընտրեցիք Հայաստանը, իսկ սկզբում՝ նաեւ Ղարաբաղը։

-2010 թվականից Եվրոպայում ես ապրում էի իմ երեխայի համար երկու դատարանների ստեղծած անհեթեթ իրավիճակում՝ նրանց հակասական որոշումների ու խարդախությունների մի ամբողջ շարանի մեջ։ Դատավորները անկախ էին թե՜ օրենքից, թե՜ բարոյականությունից: Ես չէի կարողանում որդուս տարիներ շարունակ տեսնել, կամ էլ ամսական ընդամենը մի քանի ժամ։ Օրենքի կիրարկումն ու գենդերային հավասարությունը Եվրամիությունում գոյություն ունեն միայն թղթի վրա։ Որդուցս օտարվելը, որը կնոջս վրեժի մի մասն էր, 2014թ.-ին ինձ ստիպեց  գնալ արմատական քայլի։ Ես ուզում էի տղայիս հետ մեկնել երրորդ երկիր, որտեղ կսպասեինք Չեխիայի դատարանի որոշմանը և նաեւ միասին կլինեինք։ Նախկինում եղել էի Հայաստանում և Ղարաբաղում ու այնտեղ ինձ դուր էր եկել։ Ի սկզբանե կարծում էի, որ մի քանի ամիս այնտեղ կմնանք, դատական շիզոֆրենիան կվերջանա, և  մենք կվերադառնանք Եվրոպա, ես ու կինս կշարունակենք ապրել որպես ամուսնալուծված ծնողներ։ Բայց դա չիրականացավ, քանի որ Չեխիան այն քիչ երկրներից է, թերևս միակը, որն աջակցում է իր մանկահասակ քաղաքացիների այլ երկիր առևանգմանը։ Հետո կնոջս պատվերով հրապարակվեց իսպանական կալանավորման հրամանը, և դրա պատճառով արդեն ութերորդ տարին է, ինչ ես Հայաստանում եմ։ Ես ինձ համար նոր կյանք եմ ստեղծել և փորձում եմ հանգիստ ապրել, մինչեւ անցնի կալանքի վաղեմության ժամկետը։ Իսկ կալանավորելու հրամանի մասին իմացա հայ-վրացական սահմանին, որի մասին գրել եմ գրքում։ Միրեկի հետ գնացել էինք սահմանը անցնելու եւ կրկին վերադառնալու, քանի որ  ըստ օրենքի վեց ամիս միայն կարող էինք Հայաստանում ու Ղարաբաղում ապրել։  Ձերբակալման հրամանը հայտնվել էր տվյալների բազայում և այն գործում էր: Բարեբախտաբար, հայերն ինձ չհանձնեցին, և Հայաստանն ինձ համար հավերժ կմնա ազատության երկիր։ Ձերբակալման հրաման ստացած դատախազը կյանքում առաջին անգամ էր տեսնում ինձ, և չնայած ահռելի զբաղվածությանը, նա ստիպված էր իմ պատճառով արագ որոշում կայացնել։ Նա իրեն ավելի լավ պահեց, քան բոլոր չեխերը միասին վերցրած։

-Գրքից տպավորություն ստացա, որ եվրոպական բյուրոկրատիան, արդարադատությունն ու պետական ինստիտուտները գործել են այնպես, ասես նկարագրված խնդիրն իրենց ամենեւին էլ չի վերաբերում եւ սուբյեկտիվ որոշումներ են ընդունել։ Ձեր սեփական փորձից ելնելով չե՞ք կարծում, որ նման հարցերով պետք է զբաղվի Եվրոպական միությունը. քաղաքական մակարդակով, օրինակ՝ Եվրախորհրդարանը։ Ամուսնալուծված հայրերը  առանց պետական պաշտպանության են այս ֆեմինիստական բումի ժամանակներում, եւ ես նման այլ դեպքեր գիտեմ Չեխիայում:

– Դուք իրավացի եք, հաստատ վերեւից արժեր մի «կրակոց»: Նման դեպքեր գիտեմ նաև Սլովակիայում, և կարծում եմ, որ այդպիսիք կլինեն նաև այլ երկրներում։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքական գործիչները խուսափում են տղամարդկանց նկատմամբ խտրականության թեմայից այնպես, ինչպես սատանայից։ Եվրոպացի տղամարդիկ բղավում են ֆեմինիզմի մասին և չեն կարողանում կամ չեն ուզում պայքարել իրենց իրավունքների համար։ Հազվադեպ է, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ պայքարում է, քանի որ դա թանկ և ուժասպառության հասցնող ընթացք է: Ես քանիցս դիմել եմ մի շարք քաղաքական գործիչների եւ մեր զրույցները միշտ ավարտվել են անօգուտ խորհուրդներով, որ պետք է խորհրդակցեմ իրավաբանների հետ, որ բողոքարկեմ կամ բողոքեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միևնույն ժամանակ, այս եվրոպական դատարանն ըստ էության կրկեսային հաստատություն է, որը սովորաբար թույլ չի տալիս նույնիսկ խնամակալության գործեր քննել։ Բայց քաղաքական գործիչներին ու դատավորներին ձեռնտու է դա ներկայացնել որպես ներպետական դատարանների միջազգային վերահսկում:

Օրինակ, այսօր այս դատարանում Չեխիայի անունից հանդես է գալիս Կատերինա Շիմաչկովան, ով որպես Չեխիայի Սահմանադրական դատարանի դատավոր ստորագրել է իմ որդու հանձնման հետ կապված  որոշումը՝ համարելով, որ դա ԵՄ օրենսդրության խախտում չէ և Իսպանիային փոխանցելու հետ կապված խարդախությունը հակասահմանադրական չէ։ Եթե Չեխիան իր սահմանադրության մեջ գրել է, որ դատավորները որոշում են բացառապես օրենքի համաձայն, իսկ դատավորներն առանց վարանելու խախտում և շրջանցում են օրենքները, ավելին, Չեխիայի սահմանադրական դատավորը դա նորմալ է համարում և ասում է, որ բխում է երեխայի շահերից, ապա Ստրասբուրգում ի՞նչ կարող ենք սպասել նրանից և նրա նմաններից։

-Պատմությունը «եթե»ներ չի սիրում, բայց, այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ եթե մնայիք դիվանագիտության մեջ, որպես դիվանագետ ավելի հեշտ կլուծեիք արդարադատության համակարգի հետ ձեր խնդիրը։

-Ես այդպես չեմ կարծում։ Տղայիս դատավարությունը շարունակվում էր 2010 թվականից, ես դիվանագիտությունից հեռացա 2014-ին, և ամբողջ չորս տարի ոչ մի օրինական բանի չէի հասել։ Ես դիմեցի խորհրդարանականներին, նախարարներին, վարչապետներին, Մարդու իրավունքների պաշտպաններին և Եվրահանձնաժողովին, արդարադատության անգործունակ համակարգի պատճառով, և բոլորովին կապ չուներ, որ ես դիվանագետ եմ։  Չեխիայում էական չէ ծնողն աշխատունա՞կ է, բարոյապես առողջ, Չեխիայի քաղաքացի է, արդյո՞ք նա ունի երեխային դաստիարակելու նախադրյալներ։ Որոշիչը սեռն է։ Դուք հավանաբար լսել եք Նորվեգիայում բնակվող չեխուհի Եվա Միխալակովայի մասին, ով տեղափոխվել է այնտեղ, քանի որ նրա երեխաներն այնտեղ են ապրել ողջ կյանքում: Չեխական ազգային «ապստամբությունն» ի պաշտպանություն նրա տեղի ունեցավ ճիշտ այն նույն ժամանակ, երբ որդուս առևանգեցին Իսպանիա, և նա դեռ գտնվում էր Չեխիայի իրավասության ներքո՝ համաձայն ԵՄ օրենսդրության: Նախկինում բավական էր, որ Չեխիան սպառնար իսպանացիներին Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանով (ԵԽԱԴ), և նրանք արագ կնահանջեին: Միևնույն ժամանակ, ի տարբերություն կնոջս, ես վրեժխնդրություն չէի ուզում։ Ցանկությունս էր, որ որդուս ոչ միայն հայրը դաստիարակի, այլ հնարավոր էր նաև այլընտրանքային կրթություն, որը կարող է տարբեր պարամետրեր ունենալ Չեխիայում և ապագայում՝ նաև հեռավորության վրա: Բայց քանի որ ես տղամարդ եմ, հայր եմ, ոչ ոք մատը մատին չխփեց։ Երեխաների միջազգային իրավական պաշտպանության գրասենյակի տնօրեն Զդենեկ Կապիտանը, ով ներկայացնում էր որդուս՝ իբրեւ խնամակալ, ինձ ասաց, որ նույնիսկ այդ ժամանակ երկու երկրների միջև էլի նման երեխաներ կային: Ես դիվանագիտությունից գիտեմ, որ չեխ երեխաները կարող են սովորել արտերկրում և դիֆերենցիալ քննություններ հանձնել Չեխիայում։ Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Բայց Չեխիայում դա չեն ուզում հասկանալ, երեխան համարվում է մոր սեփականությունը։  Ինչպիսի մայր էլ լինի, պետությանը չի հետաքրքրում՝ նա լավն է, թե վատը։ Չէ՞ որ պարոն Կապիտանի գրասենյակը տարիներ շարունակ վսստահեցնում էր նախկին կնոջս, որ նրա մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Երբ նախկին կինս մի անգամ հրաժարվեց իմ որդուն հանձնել ինձ Սուրբ  Ծննդյան օրը, թեեւ ես ձեռքիս ունեի դատարանի որոշումը, և ես տղայիս վերցրել էի որոշման թուղթը ձեռքիս՝ կնոջս կամքին հակառակ, Կապիտանի ենթակաները դեռ համարձակություն ունեցան ինձ քննադատելու ոչ կառուցողական պահվածքի համար։  Նրանց բոլորովին չէր հետաքրքրում, որ կինս մերժում էր Սուրբ Ծննդյան տոնածառի տակ որդու համար նվերներ դնելու և ընտանիքի մյուս կեսի հետ անցկացնելու իմ վայելքը, և  անտեսում էր դատարանի որոշումը։

-Գրքում դուք հետաքրքիր ձեւով նկարագրում եք, թե ինչպես եք ձեր որդու հետ  ժամանակ անցկացրել Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում։ Այնուամենայնիվ, ի՞նչն է Ձեզ վրա ամենամեծ տպավորությունը թողել եւ զարմացրել այդ տարիներին։

-Ղարաբաղում առաջին ամիսներին ինձ դուր էր գալիս փոքրիկ քաղաքի խաղաղությունն ու կյանքի դանդաղ ընթացքը։ Ստեփանակերտում և Շուշիում կյանքը հանգիստ էր, առանց սթրեսի, առանց  շտապող մարդկանց, ինչպես դա ինձ ծանոթ էր մեծ  մայրաքաղաքներից, որտեղ ես աշխատում էի: Ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես էին հայ երեխաները առանց հսկողության խաղում խաղահրապարակներում, և ծնողները չէին վախենում, որ իրենց հետ ինչ-որ բան կպատահի։ Դա ինձ հիշեցնում էր իմ մանկությունը, այն անհոգությունը, որ չգիտեն այսօրվա երեխաները Եվրոպայում։ Այսօր, Պրահայում, երբ երեխայիդ հետ գնում ես խաղահրապարակ, պետք է ստուգես, թե արդյոք շրջապատում թմրամոլների օգտագործած ասեղներ չկան գցած, և նույնիսկ այդ դեպքում, չպետք է բաց թողնես երեխային քո աչքից։  Իսկ եթե խոսեմ առօրյա կյանքից, ապա Հայաստանում ինձ զարմացրեց համեղ ուտելիքը և հիանալի գինին: Մրգերի, բանջարեղենի, ընկույզների, համեմունքների, ձկան ու մսի ընտրանին շատ ավելի լայն է, քան Չեխիայում, և դեռ չեմ խոսում տարիներ առաջ ավելի ցածր գների մասին, իսկ այսօր՝ առավել եւս։

-Գրքում գրում եք, որ երկրորդ անգամ եք սկսել ուսանել Ստեփանակերտում եւ սովորել եք հայերեն։ Դժվա՞ր էր հայերենին տիրապետելը։ Հայերենի իմանցությունն ինչպե՞ս փոխեց Ձեզ։

-Հայերենը դժվար լեզու է։ Առաջին դասարանցու պես պետք է սովորեք, սկզբում կարդալ ու գրել տառերը, որոնք նման չեն ոչ լատիներեն տառերին, ոչ ազբուկային։ Հետո պետք է սկսել սովորել քերականություն և նոր բառեր: Լինելով արդեն 40 տարեկան, ես լեզվի դպրոցից դասագիրք գնեցի իր աշխատանքային տետրով և պարապեցի տանը։ Հենց որ կարողացա կարդալ, շրջում էի քաղաքով մեկ, կարդում ցուցանակները, սուպերմարկետի գնապիտակներից սովորեցի սննդի և այլ ապրանքների անունները և վերջիվերջո կլանեցի այդ ամենը։  Երկու տարի անց ես կարողացա լսել հայկական լուրեր։  Որպես լեզվաբան դա ինձ հարստացրեց։  Ես և իմ ուսուցչուհին նույնիսկ հայերեն ուսումնասիրություն գրեցինք դարձվածքների թարգմանության վերաբերյալ, որը ժամանակին իմ դոկտորական թեզի թեման էր։ Այս տարվա աշնանը ուսումնասիրությունը կհրապարակվի Բրյուսովի անվան համալսարանի ամսագրում։ Եվ ամենից շատ հայերեն սովորելն ինձ օգնեց հոգեկան հավասարակշռության հարցում, օգնեց ինձ զվարճանալ, մտքիցս հանել դատարանների հետ կապված անվերջանալի խնդիրները և մշտապես չմտածել միայն առևանգված որդուս մասին։

-Հիմա աշխատում ե՞ք Երեւանում։

-Թարգմանություններ եմ կատարում մի մասնավոր ընկերության համար։ Կարող է տարօրինակ հնչել,  բայց կալանքի որոշումից հետո ես ձեռք եմ բերել աշխատելու այն ազատությունը, որը նախկինում չունեի։ Թեև Հայաստանից դուրս չեմ կարող ճանապարհորդել, բայց հոգեպես հանգիստ եմ և տանը աշխատում եմ այնպես, ինչպես ուզում եմ։ Ես տարիներ շարունակ զարթուցիչ չեմ օգտագործում, ինչը իմ նոր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է։

-Գրքի վերջում շատ հետաքրքիր խորհուրդ եք տալիս ձեր որդուն՝ ապագայում իր կյանքը չկապել Չեխիայի եւ Իսպանիայի հետ, որոնք կործանեցին նրա եւ իր ընտանիքի երջանիկ ապագան։ Ինքներդ Ձեր ապագան Հայաստանի հետ կապում ե՞ք։ Որքա՞ն ժամանակ է, ինչ ապրում եք Երևանում։

-Երեք տարի առաջ, ես Շուշիից տեղափոխվել  եմ Երևան։ Ես ուզում եմ ապրել այստեղ մինչև կալանքի վաղեմության ժամկետն անցնի՝ իմ այն մեծ հանցագործության համար, որ երեխայի կյանքում մոր գլխավոր դերը չեմ հարգել և երեխային խլել եմ մորից, ինչպես մայրն է նույնը երեք անգամ արել։

Հետագայում կտեսնենք ինչ կլինի։ Մենք ապրում ենք դինամիկ ժամանակներում, երբ չգիտես, թե ինչ կլինի կես տարի հետո, էլ չեմ ասում մի քանի տարի հետո։ Ես չեմ ուզում ընդմիշտ վերադառնալ Եվրոպա, առավելագույնն՝ երբեմն կցանկանայի այցելել ծնողներիս։  Ինչ վերաբերում է որդուս, ես նրան կբացատրեմ, որ ինձ հետ կատարվածը կարող է նորից կրկնվել իր հետ։ Եվ բացի բարոյական պատճառներից, ես ապագա չեմ տեսնում Չեխիայում և Իսպանիայում, նաեւ  տնտեսական հեռանկարից ելնելով։ Բացի այդ, Իսպանիայում սպասվում է գլոբալ տաքացում և դրա հետ կապված փոփոխությունները զգալիորեն արագանում են, այնպես որ մի քանի տարի անց Եվրոպան կարող է հայտնվել բոլորովին այլ վիճակում։  Ես կնախընտրեի, որ իմ տղան լիներ համաշխարհային քաղաքացի և շատ կապված չլիներ որևէ երկրի հետ: Այդպիսով նա կփրկի իրեն սեփական պետության կողմից դավաճանվելու հիասթափությունից։

-Եզրափակելով, ի՞նչ խորհուրդ կտաք այն հայրերին, որոնք Ձեր նման վիճակում են հայտնվել։

-Որքան էլ դժվար լինի, շարունակեք պայքարել և երբեք մի հանձնվեք: Ամուսնալուծության դեպքում երկրորդ կարգի ծնողի կարգավիճակ չստանձնել և այլընտրանքային ծնողական խնամք խնդրել։ Հնարավոր նոր կնոջը նախապատվություն մի տվեք, քան ձեր երեխային: Մի ընկեք այն մանիպուլյատիվ անհեթեթությունների ազդեցության տակ, որ ավելի փոքր երեխային հիմնականում մայրն է պետք, որ նա պետք է ունենա մեկ տուն, որ հասուն երեխան հետագայում կգտնի իր հորը: Երեխային երկու ծնողներն էլ պետք են վաղ տարիքից, բնությունն է այդպես կարգավորել, և ոչ մի գաղափարախոսություն և սոցիալական պահանջ դա չի փոխի։ Երեխաները կմեծանան և ինքնուրույն որոշում կկայացնեն: Ես մեծացել եմ լիարժեք ընտանիքում, ուստի սա միայն տեսականորեն կարող եմ ասել իմ որդու և այսօրվա երեխաների տեսանկյունից։ Եթե իմ մանուկ հասակում ծնողներս բաժանվեին,  եւ ես մնայի միայն մորս հետ ու զգայի հորս ամենօրյա բացակայությունը, ես շատ կափսոսայի, որ հայրս ինձ համար չի պայքարել։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր

1-4/92/ 2022 PRAHA

Նրանք, ովքեր ցանկանում են գիրքը ընթերցել չեխերենով, կարող են պատվիերլ հետեւյալ հղումներով՝

Otec na útěku – Jadlovský Tomáš | Knihy Dobrovský (knihydobrovsky.cz)

կամ Otec na útěku | Knihy LUXOR

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում