Մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը Լուգանոյի հանդիսատեսին գերեց Ֆլորա Բերվուայի դերակատարմամբ

  • 01.10.2022
  • 0
  • 107 Views

Իտալախոս Շվեցարիայի գողտրիկ մայրաքաղաք Լուգանոյում մեկամսյա հյուրախաղերով մեծ հաջողությամբ ելույթներ ունեցավ Ա. Սպենդարյանի Անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի մեներգչուհի Սոֆիա Թումանյանը: Երիտասարդ մեցցո-սոպրանոն հատուկ հրավեր էր ստացել՝ հանդես գալու Լուգանոյի մշակութային կենտրոնի 2022/23 թատերաշրջանի բացմանը: Լուգանոյում սա հիրավի իրադարձություն էր, քանի որ կայանալու էր Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան: Հայ երգչուհին մարմնավորելու էր Ֆլորա Բերվուայի կերպարը:

LAC Lugano Arte e Cultura արենայի լեփ լեցուն դահլիճում` հազարից ավելի հանդիսատեսի ներկայությամբ տեղի ունեցավ 4 ներկայացում: «Տրավիատայի» բեմադրության ու Սոֆիայի լավ խաղի մասին բավական անդրադարձեր եղան տեղական ու արտասահմանյան թերթերում: Անմասը չմնացին նաև առաջատար մշակութային թեմայով գրող կայքերը:

Մասնավորապես՝ OperaClick կայքում քննադատ Սիմոնե Մանֆրեդինին՝ վերլուծելով բեմադրությունը, նշել է «Սոֆիա Թումանյանի նրբագեղ ու աշխույժ» Ֆլորայի խաղը, իսպաներենով գրող ÓPERA ACTUAL կայքի կոշտ քննադատ Ալբերտ Գարիգան, թեև քննադատել էր բեմադրության առաջնամասը, այնուամենայնիվ, բավական դրական էր արտահայտվել «Տրավիատայի» երկրորդ գործողության մասին, որտեղ ակտիվ մասնակցություն ունի Sofia Tumanyan-ը: «Եվ թող օպերան դեռ երկար շարունակվի Լուգանոյում»,- իր հոդվածն այս խոսքերով է եզրափակել Գարիգան։

azione կայքը ««Տրավիատան» բացում է LAC-ի 2022-23 սեզոնը» հոդվածում՝ Սաբրինա Ֆոլերը իտալախոս Շվեյցարիայի հանրության համար սպասված է համարել «Տրավիատա» ներկայացումը և կրկին կանգ է առել երկրորդ գործողության` Ֆլորայի տան խնջույքի տեսարանի վրա, որտեղ հանդես է գալիս հայազգի երգչուհին:

Վերդիի «Տրավիատա» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը հիրավի ինտերնացիոնալ համերաշխ թիմի բեմադրության արդյունք էր, ռեժիսորն էր՝ Կարմելո Ռիֆիչին, շվեցարա-իտալական OSI – Orchestra della Svizzera italiana» (OSI) խմբի դիրիժորական վահանակի մոտ էր գերմանացի Մարկուս Պոսչները: Հանդես եկավ նաեւ Շվեյցարիայի ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը՝ Անդրեա Մարչիոլի ղեկավարությամբ։ Սոֆիա Թումանյանից բացի՝ օպերայի գլխավոր դերերում հանդես են եկել սոպրանո Միրտո Պապտանասիուն (Վիոլետա Վալերի), տենոր Էյրամ Էրնանդեսը (Ալֆրեդո Ժերմոն), բարիտոն Ջովանի Մեոնին (Ջորջիո Ժերմոն), Պետրինո (Աննինա), Լորենցո Իցզոն (Գաստոն, Լետորիերի վիկոնտ): Դավիդե Ֆերսինին, (Բարոն Դուփոլ), Լորենս Մեյկլը (Օբինիի մարկիզը) և Մատիա Դենտին (Դոկտոր Գրենվիլ):

«Շատ ուրախալի է,-ասում Սոֆիան, որ համավրակից հետո օպերային կյանքը նորից աշխուժացել է և վերսկսել եմ իմ միջազգային ելույթները: Լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի այդ ընթացքում Հայաստանում թեև բազմիցս հանդես եմ եկել համերգներով և օպերային ներկայացումներով, այնուամենայնիվ, պետք է արժևորել նաև միջազգային բեմերում ու հարթակներում ներկայանալու կարևորությունը»:

Սոֆիա Թումանյանը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ. Սերգեյ Բարսեղյանի դասարան)։ Սովորել է Հայաստանի ժողովրդական արտիստ և Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի դասարանում, ավարտել է կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: 2016 թվականից վարպետաց դասեր է ստանում և համագործակցում Անտոնիո Լեմմոյի հետ։ Ելույթներ է ունեցել Լյուբլյանայի, Զալցբուրգի, Վիեննայի, Զագրեբի,Նեապոլի, Ֆլորենցիայի, Նեապոլի, Լոնդոնի և այլ քաղաքների համերգասրահներում ու օպերային դահլիճներում:

Մի շարք միջազգային մրցույթների ու փառատոնների մրցանակակիր ու դափնեկիր է:

Հայ երգչուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ հայրենական ու արտասահմանյան բեմերում:

«Նիդ.օրագրի թղթ. »

https://niderlandakan.livejournal.com/542242.html

https://www.nidoragir.com/2022/10/blog-post.html

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում