«Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել արվեստի, գրականության ու լրագրության ներկայացուցիչներ

  • 30.09.2022
  • 0
  • 361 Views

Երեւանի Թեքեյան մշակութային կենտրոնում կայացել է «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։

Այս տարի մրցանակ հանձնվեց 7 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Քանդակ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 75 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության հետ համատեղ և «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 28 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների։

Իր օրհնության խոսքում Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ուրախալի համարեց այս դժվարին ժամանակներում նման միջոցառում անցկացնելը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվում հայրենիքի գիտական և մշակութային կյանքում մեծագույն ներդրում ունեցած գործիչներին։ Նա շնորհավորեց այս տարվա «Վահան Թեքեյան» մրցանակակիրներին և հույս հայտնեց, որ նրանք կշարունակեն իրենց չափով ստեղծագործել՝ հանուն հայրենիքի վաղվա օրվա։

 «Գրականություն» անվանակարգի մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը «Վահան Թեքեյան» մրցանակը հանձնեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Վերջին մանկություն» վեպի համար։   Երվանդ Ազատյանն  ընդգծեց, որ շատ դժվար էր հավասար արժեք ունեցող գրքերի մեջ ընտրել լավագույնը։ «Հակառակ բոլոր դժվարություններին՝ հայաստանյան գրական դաշտը, գրականությունը շատ բեղուն է։ Ունենք դեմքեր, որոնք քայլում են միջազգային գրականության մայրուղիներով»,-նշեց Երվանդ Ազատյանն ու հավելեց, որ մրցանակակիր վեպում ճշմարտանմանն ավելի ընդհանրական է, քան ճշմարիտը, և այն առանձնանում է իր պատմողական գրավիչ լեզվով։

«Հայագիտություն» անվանակարգում«Վահան Թեքեյան» մրցանակակիրը բանասիրական գիտությունների դոկտոր Լալիկ Խաչատրյանն է՝ «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան»-ի համար։ Հանձնաժողովի նախագահ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ընտրությունը կատարելիս հաշվի են առել նաև մրցանակակրի գիտական և մանկավարժական բեղուն գործունեությունը։

«Լրագրություն» անվանակարգումմրցանակը շնորհվեց «Հետք» լրատվականի լրագրող Սառա Պետրոսյանին։ Մրցութային հանձնաժողովի նախագահ՝ Հայաստանի վաստակավոր լրագրող, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը բարձր գնահատեց Սառա Պետրոսյանի՝  հետաքննական լրագրության ասպարեզում ունեցած երկարամյա փորձը և կարևորեց, որ մրցույթին է ներկայացվել ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող նյութերը․  «Չկանոնակարգված, խառնիճաղանջ, հաճախ բևեռացված և օրնիբուն աշխատող մամուլում հետաքննական լրագրությունում տկար ենք, քանի որ  այն ժամանակատար է և հաճախ վտանգավոր»,-նշեց Հակոբ Ավետիքյանն ու հավելեց՝ եթե պետական աջակցություն լինի, հեղինակի հետաքննական նյութերը կլինեն հետապնդող հիմք։

«Թատերական արվեստ» անվանակարգումմրցանակը շնորհվեց  «Ֆորմա» թատրոնին՝  «Վայ-վայ» ներկայացման համար (ղեկավար՝ Հայկ Իսրայելյան)։

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը վստահեցրեց, որ 2021 թվականին գեղարվեստական հետաքրքիր մտածողությամբ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել, սակայն սա առանձնանում է․ «Երբեմն  մարմինն ավելի արտահայտիչ է, քան խոսքը»։

Արմեն Էլբակյանը բարձր գնահատեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության դերը մշակույթի, գրականության զարգացման գործում և վստահեցրեց՝ այսօր առավել, քան երբևէ, պետք է յուրաքանչյուրը շարունակի իր գործը՝ ի նպաստ մշակույթի և գիտության զարգացման։

Արվեստագիտության դոկտոր, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Արա Հակոբյանը մի քանի տարի ղեկավարում է  «Կերպարվեստ» անվանակարգի մրցութային հանձնաժողովը, որի որոշմամբ՝ «Կերպարվեստ» և «Քանդակ» անվանակարգերում մրցանակները տրվեցին Հայաստանի ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանին՝ «Տպավորություն» ստեղագործության և քանդակագործ Աշոտ Բաղդասարյանին «Աթոռներ» շարքի համար։ Արա Հակոբյանի կարծիքով՝ երկու մրցանակակիրներն էլ սերում են արվեստագետների այնպիսի ընտանիքներից, որոնց անունները  իրենց ուրույն տեղն ունեն հայ կերպարվեստի պատմության մեջ։

 «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Աննա Գրիգորյանին՝  «Քաղաքային գրաֆիկա» շարքի համար։

Մրցանակաբաշխության հանդիսավոր ձեռնարկի ընթացքում Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝«Ադամանդակուռ Արարատ» շքանշան շնորհվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանին և Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ գիտության և ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած մեծագույն ավանդի համար։

Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։

Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

www.armtmm.com

Քրիստինե Մելքոնյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում