Ամեն ինչ սկսվում է երազանքից. Միրզա Սլոյանի ճանապարհը եւ հայ-եզդիական բարեկամությունը

  • 29.09.2022
  • 0
  • 76 Views

Սեպտեմբերի 29-ին նշվում է Ակնալճի եզդիական սրբատեղիի՝ Զիարատի օրը։ Հատկանշական է, որ այս օրերին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանի  «Ամեն ինչ սկսվում է երազանքից» վավերագրական վեպը։ Այն նվիրված է Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր եւ  մեկենաս Միրզա Սլոյանին եւ նրա՝ Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացությանը, որի նպատակներից մեկն էլ պապենական գյուղ՝ Քյուլլուկ այցելությունն էր։

Գիրքը սկսվում է Սերգո Երիցյանի կարճ նախաբանով, որից հետո հեղինակը սկսում է հերոսի պատմությունը՝ գլուխ առ գլուխ ներկայացնելով  ու բացահայտելով հայ ժողովրդի մեծ բարեկամի կերպարն ու անցած ճանապարհը, մարդկային հարաբերություններում նրա անկեղծ ու շիտակ կեցվածքը։ Ինչպես հեղինակն է նշում է, օգտվելով ուխտագնացությանը մասնակից լինելու հնարավորությունից, նա Սլոյանին ներկայացրել է ինչպես հրապարակային իրողություններով, այնպես էլ «կադրից դուրս»։ Ճամփորդական նոթերը համեմվել են արխիվային եւ հրապարակային նյութերից քաղված դրվագներով,  տարբեր տեսագրություններից ու ելույթներից քաղած խոսքերով, ընդհանուր առմամբ ընդգրկելով 2014 – 2019 թթ ընթացքում հավաքած նյութերը։ Առանձնահատուկ տեղ է տրվել Սլոյանի խոսքաշենությանը։

«Մեր նպատակն է եղել նրա կերպարի ամբողջացումը՝ կաթիլ առ կաթիլ հավաքելով ժամանակային, տարածական եւ հասցեական բնութագրությունները, գնահատականները, բացահայտումները, հիշողությունները եւ նմանօրինակ այլ իրողություններ՝ մեկտեղելով դրանք»,-գրում է առաջաբանում Սերգո Երիցյանը։

Գրքի սկիզբը սկսվում է Արեւմտյան Հայաստան կատարած ճամփորդության նկարագրությամբ։ Հետաքրքիր են հատկապես երկխոսությունները հերոսի ու իր ընկերների միջեւ, հեղինակի հարուստ խոսքը լիովին ցույց  է տալիս Սլոյանի հոգեբանությունը, մարդկանց ու շրջապատին հարգելու կարողությունը։ Այս ճամփորդությունը առիթ է նաեւ ցույց տալու հայկական պատմական վայրերը՝ լինի Կարսում, Վանում, թե Բայազետում, հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է այն ամենը, ինչը կապված է հայության հետ։

Միրզան հիշում է հոր պատմությունները հայ հարեւանների հետ բարեկամության մասին։ «Հայի հետ բարեկամությունը, հարազատությունը, իրար թևութիկունք լինելու կարողությունը միակ փրկությունն էր»,- ասել է հայրը նրան։

Այցելում են Ասլանլու գյուղը, որտեղ ծնվել ու մեծացել է Ուսուբ Բեկը՝ եզդի ժողովրդի արժանավոր զավակներից մեկը։ Պարզվում է ժամանակին այդ գյուղ է այցելել Կոմիտաս վարդապետը եւ գրանցել եզդիական երգերը։

Ողջ ճամփորդությանը զուգահեռ զրույցների միջոցով ներկայացվում են եզդի ժողովրդի ավանդույթներն ու սովորույթները, կենցաղը, ապրելակերպը։ Ամենուր վերհիշում են Հայոց ցեղասպանությունը, դրա հետ կապված հիշողությունները։

Դրա վկայությունն է մի հետաքրքիր պատմական դրվագ, որ մեջբերում է հեղինակը. «Հասան Թեմուրյանցը, որն Ուսուբ Բեկի հայրն էր, երկար տարիների ընկերություն ուներ Մարտիրոս Կանայանի հետ։ Նրա որդին էլ՝ Դրաստամատ Կանայանը, հետագայում հանհրահայտ Դրոն էր: Մարտիրոսը խոստացել էր, որ Դրաստամատը կլինի Ուսուբի հարսանիքի քավորը։ Այդպես էլ եղավ։ Ջհանգիր Աղան էլ շատ ընկերներ ու բարեկամներ ուներ Իգդիրում։ Գալիս էր, օրերով հյուրընկալվում, ինքն էլ հրավիրում Վան։ Հենց այդ բարեկամությունն էր այն հզոր ուժը, որն Անդրանիկ Զորավարին բարոյական իրավունք տվեց Ջհանգիր Աղային մղել հրաժարվելու թուրքական բանակի բարձրաստիճան հրամանատարությունից և կանգնելու հայ ժողովրդի կողքին։ Ասում են, որ Իգդիրը եղել է հայ-եզդիական բարեկամության այն հանգրվանը, ուր ամրացել ու կարծրացել է այն՝ վերածվելով եղբայրության»։

Հեղինակը տալիս է նաեւ ուխտագնացության մասնակիցների գնահատականը՝ «Բոլոր ժամանակներում այստեղ՝ Վանում, ու նրա շրջակայքում ապրող հայերի և եզդիների կյանքը հեշտ չի եղել, նրանք միշտ գոյապայքար են մղել, որովհետև թուրքը և նրանից շատ բան սովորած քուրդը նենգ են եղել, ձգտել են միշտ խլել, ջարդել …. Իսկ գոյապայքար մղող հայերն ու եզդիները շատ բան կուլ են տվել, համբերել, ներել, համակերպվել՝ հանուն իրենց ընտանիքների գոյատևման։ Սրա հետ մեկտեղ մինչև վերջ ծնկի չեն եկել։ Օրինակ՝ Ջհանգիրը փոքրուց առանձնանում էր իր ճարպկությամբ ու համարձակությամբ, տարածաշրջանում նրա նման ձի հեծնող ու հրացան բռնող չկար։ Թուրքը գիտեր, որ Ջհանգիրի նման երիտասարդները սխալները ներող չեն, և նրանք առօրյա փոխհարաբերութուններում գործը դրան չէին հասցնում։

Դառնալով ցեղապետ՝ նա ավելի համոզվեց, որ առանց զենքի ուժի գոյատևել հնարավոր չէ թուրքի ու քրդի կողքին, իսկ եզդիների ազատագրումը հնարավոր է միայն հայերի ազատագրությամբ։ Նա խորությամբ էր հասկանում ազատագրական պայքարի խորհուրդը։ Ու նման պայքարում մեկ անգամ չէ, որ հայերն ու եզդիները բռունցքվել են»։

Եվ այսպես տարբեր պատմությունների ու հիշողությունների միջոցով հեղինակը բացահայտում է, թե Հայոց ցեղասպանության տարիներին ինչպես են համագործակցել հայ եւ եզդի ժողովուրդները, ինչպես են պայքարել թուրքերի եւ քրդերի դեմ։

Փաստորեն գիրքը պատմությունների, խոհերի և մտորումների, ինչպես նաև գեղարվեստական կերպարների ստեղծման միջոցով ամբողջացնում է երկու բարեկամ ժողովուրդների պատմությունը, որի գլխավոր հերոսը Միրզա Սլոյանն է՝ աշխարհի եզդիների շրջանում և Հայաստանում հարգված և բարձր գնահատված մի անհատականություն:

Բայց հատկանշական է, որ թեեւ գիրքը նվիրված է Միրզա Սլոյանին, սակայն հեղինակն էլ գրքի գլխավոր հերոսներից մեկն է, որը օգնում է բացահայտել ոչ միայն մյուս կերպարներին, այլեւ տալիս է իր անձնական պատմությունը։ Այսպիսով, այս վիպական պատմությունը դառնում է  եզդի եւ հայ ժողովուրդների մի իրական հուշարձան, որը կարող է դասագիրք դառնալ պատմությամբ հետաքրքրվողների ու ուսումնասիրողների համար։

Հ. Ասատրյան

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում