Միայն պայքարողի համար է դուռ բացվում, ասաց Ռոբերտ Քոչարյանը եւ կողմ արտահայտվեց մասնակի իշխանափոխությանը

  • 28.09.2022
  • 0
  • 347 Views

Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Ներկայացնում ենք (news.am)ի անդրադարձը։

«Այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է ուղղակի հանձնվենք եւ ընդունենք այն պարտադրանքները, որոնք կան Հայաստանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումներին, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է՝ անկախ այն բանից, թե ով կգա իշխանության։

«Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն է եւ նա մոտավորապես նման մոտեցում էլ ունեցել է 1992 թվականին։ Ես ի՞նչ ասեմ։ Ես երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ։ Միայն պայքարողի համար է դուռ բացվում։ Կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականներին։ Այո՛, վիճակը ծանր է։ Տեսակի հարց է։ Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- նշեց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ բացահայտել, թե Հայաստանի եւ Արցախի պաշտոնաթող նախագահների ու Վեհափառի մասնակցությամբ հանդիպման մանրամասները, սակայն նշեց, որ իր ներածական խոսքից հնարավոր էր հասկանալ, թե ինչ առաջարկով է հանդես եկել ինքը։Հարցին, թե արդյոք ինքը տեսնում է Հայաստանը միութենական պետության կազմում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ առիթ եմ տվել մտածելու, թե առաջարկում եմ միանալ միութենական պետության։ Մեկ տարի առաջ, այո՛, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է քննարկել բոլոր կոմպոնենտները՝ չբացառելով ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը»։Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի դեպքում կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի եւ ծանր որոշումներ կայացնելու հարցում իշխանություններին աջակցելու առաջարկի մասին։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակների համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա եւ անզորության զգացում է առաջացնում։ Սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է դրա պրոբլեմն ախտորոշես եւ չեզոքացնես այն։ Հիմա ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե ուռուցք կա, հեռացնում են։ Եթե հանրային կոնսոլիդացիա ենք ուզում, դա պետք է ունենալ բարձր՝ դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս համատեքստում, երկրորդ նախագահի համոզմամբ, իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։

«Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական եւ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերհսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- հավելեց Քոչարյանը։

Ինձ համար հասկանալի չէ կորուստների այն հարաբերակցությունը, որն ունեցանք, այդպիսի հարաբերակցություն չպետք է ունենայինք, եթե զինվորը պաշտպանված լիներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը եւ դրա հետեւանքով հայկական կողմի ունեցած մարդկային կորուստներին։

«Ինձ համար հասկանալի չէ, թե Հայաստանի սահմաններին երկու տարում ինչու լուրջ բնագիծ չի կառուցվել, միայն երկու երեք հենակետ նորմալ կահավորել են՝ նկարելու եւ ցույց տալու համար, մնացածն անմխիթար վիճակում են։ Ասում են՝ փող ունենք, իսկ ինչու՞ չենք կառուցել այնպիսի բնագիծ, որը լուրջ զսպող հանգամանք կլիներ հակառակորդի համար։ Չկա բնագիծ, որը հնարավոր չէ ճեղքել, բայց բնագիծը թշնամուն մեծ կորուստներ հասցնելու, քիչ կորուստներ տալու, ժամանակ շահելու համար է, որպեսզի ռեզերվները բերվեն։

Ինձ համար ավելի քան 2-3 անգամ ավելի մեծ կորուստներ ունենալ պաշտպանության մեջ, նշանակում է մեկ բան՝ 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չենք քաղել։ Երկու տարի անց ինչո՞ւ չունենք հարվածային անօդաչու սարքեր, հայտարարել ենք, որ փող ունենք։ Մի հավատացեք, որ հնարավոր չէ զենք առնել, մենք զենք առնում էին թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից, թե՛ Չինաստանից եւ այլ տեղերից, սա խնդիր չէ։ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե նրա համար, որ շատ է ուժեղացել, այլ լավ իմանալով, որ մենք ենք շատ թուլացել։ Սա է եղել պատերազմը սկսելու հիմնական պատճառը»,- նշեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը փող ունի, բայց Հայաստանին զենք վաճառող չկա, կամ դա հղի է ռիսկերով, Քոչարյանը արձագանքեց. «Ես 10 տարի նախագահ լինելով նման խնդիր չեմ ունեցել։ Ես նույնիսկ լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է այսօր նման խնդիրներ առաջանան։ Եթե դու մեկին ասում ես՝ զենք ծախի, ինքն էլ ասում է՝ որոշակի խնդիրներ կան, ու դրանից հետո դու դուրս ես գալիս խոսակցությունից ու չես շարունակում.. միգուցե այդպես են անում, ես չգիտեմ՝ ոնց են աշխատում»։

Քոչարյանը նաեւ նշեց, որ մենք ունենք եւս մեկ խնդիր. «Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը եւ ՌԴ-ից այստեղ ռազմական օգնություն տեղափոխելը խնդիր դարձավ։ Ես այդպիսի խնդիր չեմ ունեցել 10 տարում։ Ինձնից հետո երրորդ նախագահը Ռուսաստանից գնեց ամենաժամանակակից զենքերից մեկը «Իսկանդերը»։ Ո՞նց են դա բերել Հայաստան, ինչո՞ւ էր դա հաջողվում անել  իմ ժամանակ, երրորդ նախագահի ժամանակ եւ ինչու դա պրոբլեմ դարձավ հիմա։ Ես չգիտեմ՝ այդ հարցադրումները որտեղից է գալիս։

Երբ որ Վրաստանը փակեց իր օդային տարածք, դա լուրջ ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հիմա երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում է, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետեւ մենք հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր զենք-զինամթերք մատակարարել Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում։ Երբ նայում ես քարտեզին, տեսնում ես, որ միակ ճանապարհը, որով դա կարելի էր ապահովել, Իրանն է։ Ինչու չեք օգտվում այդ հնաարավորությունից։ Ռուսաստանն այսօր Պարսկաստանից ԱԹՍ-ներ է գնում, մենք ինչու մինչեւ հիմա չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարեւանն ունի բավական մեծ տեսականի եւ ասում են՝ բավական որակյալ է։

Ի՞նչն է պատճառը. Ցանկությունը։ Հիմա եթե դու հայտարարել ես խաղաղության դարաշրջան, եթե այդ հաշվարկները չես անում, ասում ես՝ դե ինչի՞ բանակի վրա փող ծախսեմ, հենա խաղաղություն է լինելու, էդ գումարները պահեմ ուրիշ նպատակների համար, իհարկե, այս վիճակն ես ունենալու։ Դրա համար պետք է այդ թեզը հողին հանձնել, եւ փորձել ամեն ինչ անել, որ երկիրը ոտքի կանգնի»։

Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ, կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Իրանի միջոցով ժամանակ սառեցնել եւ բանակի մարտունակությունը վերականգնել։

«Ո՞րն է ամենից թույլ տեղը Հայաստանի՝ կարծում եմ՝ Սյունիքն է, սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններն են արտահայտվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ դա արվում է բացահայտ։ Կոնկրետ հարց՝ բացի Հայաստանից ո՞ր երկրի համար է Սյունիքը կարեւոր՝ Իրանը։ Սա դժվա՞ր էր կռահել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, որը բացի հայտարարություններից եւ հորդորներից կարող է քայլեր դիմել՝ զուտ շահերի համադրությամբ, Իրանն է։ Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց, առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեին Իրանի հետ Սյունիքում, որոշ իրավապայմանագրային բազա պետք է լիներ, եւ դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը։ Ես գիտեմ, որ նման խոսակցություն Իրանի հետ եղել է՝ 2021թ․ մայիսին, բայց հետո հայկական կողմն այդ թեման ուղղակի սառեցրեց, եւ շարունակելու համար որեւէ քայլ չարեց։ Առաջարկն էլ, ի դեպ, մերը չի եղել։

Մենք արդեն երկու տարի կորցրել ենք։ Հիմա էլ չանենք, էլի ասենք՝ վիճակը լավ չէ, մեկ տարի հետո ասելու ենք՝ մենք ժամանակ ունե՞նք։ Սա այն քայլն է, որը միեւնույն է, պետք է անես։ Ես իրանցիների հետ չեմ բանակցել, բայց ես գիտեմ, որ նման բանակցություններ եղել են։ Իրանում բոլոր մակարդակներով եղել են շատ լուրջ հայտարարություններ՝ սկսած հոգեւոր առաջնորդից, նախագահից եւ բարձրաստիճան զինվորականներից։ Կարծես ասեն՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք օգտակար լինել այս հարցում։ Չլսել, չհասկանալ ինչի մասին է խոսքը հնարավոր չէ։ Ինչո՞ւ դա չարվեց երկու տարի առաջ, մեկ տարի առաջ։ Դա պետք է արվեր գոնե 2021 թվականի գարնանը։ Ժամանակ ունեցել ենք։ Հիմա պետք է անենք, որ երկու տարի հետո չասենք՝ ժամանակ ունե՞նք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

NEWS.AM (news.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում