Դիանա Խոջայանը Բռնոյի Կենտրոնի քաղաքային խորհրդում ընտրված առաջին հայն է

  • 28.09.2022
  • 0
  • 859 Views

Նա նաեւ Չեխիայի ողջ տարածքում քաղաքային իշխանությունում ընտրված առաջին հայուհին է

Սեպտեմբերի վերջին Չեխիայում անցկացված տեղական մարմինների ընտրություններին մասնակցում էր SPD` «Ազատ եւ ուղիղ ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված 20-ամյա Դիանա Խոջայանը, որն ընտրվել է Բռնոյի Կենտրոնական քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Նա կուսակցության երիտասարդական թեւի ակտիվ անդամներից է։

Դիանան ուսանում է Մասարիկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում, նաեւ հիանալի երգում է, հայտնի է դարձել չեխական հեռուստատեսային երաժշտական «Սուպեր Սթար» մրցույթին իր տպավորիչ մասնակցությամբ։ Մեր այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել քաղաքային խորհրդում աշխատանքի ընթացքում, Դիանան պատասխանեց՝

«Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Օրեր ամսագրի խմբագրությանը, որ լուսաբանեց իմ հոդվածը ու կոչը Չեխական կառավարությանը, որպեսզի չեխական իշխանությունները Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ լռություն չպահպանեն։ Նաև շնորհակալ եմ Բռնոյի իմ հայրենակիցներից, որոնք ձայն են տվել ինձ և իմ կուսակցությանը։ Ունեմ մեծ նպատակներ և ծրագրեր, որոնց բովանդակությանը կարող եմ ծանոթացնել ընթացքում, իսկ հիմա կնշեմ մի քանիսը։ Նախ պետք է կատարեմ մեր կուսակցության ծրագրի կետերը, որոնցից են երիտասարդ ընտանիքների համար նոր բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունը, մշակույթի զարգացման նոր ծրագրերի ու հնարավորությունների ստեղծումը, չեխական հին ավանդույթների ու սովորությունների վերականգնումն ու զարգացումը։ Իսկ իմ անձնական ցանկությունը Բռնո քաղաքում հայ -չեխական բարեկամության զարգացմանը նպաստելն է եւ մշակույթի համար ավելի լայնածավալ հնարավորությունների ստեղծումը։ Իհարկե, կցանկանամ նաեւ օգտակար լինել հայրենակիցներիս՝ իմ հնարավորության շրջանակներում։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ բոլորից։ Հարգանքով՝ Դիանա Խոջայանովա»։ (Խոջայանովա- չեխերենում կանանց ազգանուններին ավելանում է «ովա» վերջածանցը-խմբ.)։

Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն հաղթանակի առթիվ եւ մաղթում արգասաբեր քաղաքական գործունեություն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում