«Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • 20.09.2022
  • 0
  • 22 Views

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության հանդիսավոր բացումը 2022թ. սեպտեմբերի 22-ին:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում կկայանա «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության հանդիսավոր բացումը (մուտքը հրավիրատոմսերով)։

Փարիզաբնակ հայազգի արվեստագետի ցուցադրության գաղափարը կյանքի է կոչվել Կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության արդյունքում:

Հայոց գրերի հեղինակ, փիլիսոփա, աստվածաբան, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ և բանաստեղծ Մեսրոպ Մաշտոցը հիմնարար դեր է կատարել իր երկրի պատմության և մշակույթի մեջ: Հոգևոր առաջնորդ, հայ հոգևոր երգեցողության հիմնադիր, իրական լուսավորիչ` նա դասվում է Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին:

Մաշտոցի թողած անգնահատելի ժառանգությունը ոգեշնչման աղբյուր է ծառայել ֆրանսաբնակ արվեստագետ Նինա Խեմչյանի համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Նինան խորասուզված է Մաշտոցի արվեստի մեջ: Երկար ստեղծագործական փնտրտուքի արդյունքում արվեստագետը յուրօրինակ կամուրջ է ստեղծել մեծ մտածողի աշխատանքի հետ և ցանկանում է հավերժացնել վերջինիս ժառանգությունը ժամանակակից աշխարհում:

Նրա աշխատանքին նոր շունչ հաղորդեց Մաշտոցի հանճարով ոգեշնչված մեկ այլ արվեստագետի` երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի և նրա հրեշտակային ձայնի հետ ծանոթությունը, ով իր ուրույն ոճով կատարում է հինգերորդ դարի մեծ մտածողի հեղինակած շարականները: Այս հանդիպումից ծնվեց «Արձագանք» նախագիծը:

«Մարմինը չի կարող ապրել առանց հոգու։ Այսպես է և՛ անհատի, և՛ ազգի պարագայում։ Մեր ազգի մեծ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրական կյանքի և գործունեության ընթացքում կերտել է ոչ միայն հայ ինքնության գրավական այբուբենը, այլև կենդանարար շարականներ, որոնց կենսատու ելևեջները շոյում են անհատի հոգին և ունակ են ազգի ոգին արթնացնելու մահաբեր քնից՝ սրբի՝ դարերի խորքից բխող աղոթքի զորությամբ։

Կենտրոնի համար այս նախագիծը ոչ միայն չափազանց կարևոր է, այլև խորհրդանշական, քանզի այստեղ է ցուցադրվում Գրիգոր Խանջյանի հայտնի «Հայոց այբուբեն» որմնանկարը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։

Ցուցադրությունը կգործի հանրության համար Կենտրոնի «Արծիվ» սրահում սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը։ Մուտքն ազատ է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում