ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները

  • 19.09.2022
  • 0
  • 34 Views

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում  հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։ 

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է ուժի կիրառմամբ իր առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի վարքագիծը՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը, ինչպես նաև կազմակերպության շրջանակներում առկա համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը հակամարտության տևական և համապարփակ լուծման նպատակով։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ այս համատեքստում մատնանշելով հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում