Սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյան, ինչպես խոստացել էր, Պարդուբիցեից վերադառնում է ոսկե մեդալով:
Չեխիայի Պարդուբիցե քաղաքում սեպտեմբերի 9-11-ը կայացել է WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր: Հայաստանն այս առաջնությունում ներկայացրել է Կամո Ունանյանը:
«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտեն իրենց սպորտային կարիերան», – ուրախությամբ նշեց կրկին աշխարհի չեմպիոն դարձած Ունանյանը:
Հիշեցնենք, որ մինչեւ առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանն ժամանակ էր, որ 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Iravunk.com