ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:
Զրույցը ստորև․
– Ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց ևս հինգ գերու։ Այս քայլը ողջունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Սա բրյուսելյան հանդիպման արդյու՞նքն է։ Ինչու՞ հենց հիմա Ադրբեջանը որոշեց գերիներ ուղարկել Հայաստան։
– Առաջին անգամ չէ, որ Բրյուսելի հանդիպումից անմիջապես հետո ռազմագերիներ են հայրենադարձվում։ Միշելի հայտարարությունը ընդգծում էր այդ անհրաժեշտությունը։ Կար վերլուծաբանական մոտեցում, որ Բրյուսելը առավելաբար կենտրոնանալու է մարդասիրական խնդիրների վրա՝ քաղաքական հանգուցալուծումը վերապահելով Մոսկվային։ Սակայն հետզհետե սուր տեսք է ստանում միջնորդական մրցապայքարը, մի կողմից՝ Վաշինգտոն-Բրյուսել համակարգումով, մյուս կողմից՝ Մոսկվայի ազդեցիկ դերով։ Այս մրցակցությունը ուղղակի բացահայտ տեսք ստացավ՝ հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո։
– Մի կողմից Ադրբեջանը գերիներ է փոխանցում Հայաստանին, մյուս կողմից էլ Հայաստանին հանիրավի մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նման գործելաոճը։
– Բաքուն շարունակում է հետևողականորեն մի ձեռքով կրակել, մյուսով բանակցել։ Հաղթանակից հետո Ադրբեջանը փորձում է ընտրովի իրականացնել պայմանավորվածությունների կետերը և այդ առումով ցուցաբերում է շտապողականություն։ Այդ շտապողականությունը զուգակցվում է ռազմական գործողություններով, որոնց նպատակն է՝ ճնշել հայկական կողմին՝ կատարելու պայմանավորվածությունների ընտրովի կետերը։ Այս մոտեցման ամենաշեշտակի օրինակը Բերձորի միջանցքի փակման և նոր երթուղու հայկական հատվածի շինարարական աշխատանքները ձեռնարկելու պահանջն էր։ Անգամ՝ համաձայնված ժամկետից առաջ։
– Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցով Բաքվում է։ Նշվում է, որ դիվանագետը Բաքվից կժամանի Երևան։ Տարածաշրջանում է նաև կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։ Ի՞նչ խնդիր են փորձում լուծել ՌԴ-ն ու ԱՄՆ-ն։
-Կարծում եմ՝ ականատես ենք լինելու ՌԴ-ի ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանագնացների մաքոքային այցերի տարածաշրջան։ Ռիքերի նշանակումն ու անմիջապես տարածաշրջան այցը դրա վառ նախանիշն է համարվում։ Հանդիպումների կազմակերպման և այցերի մրցակցային դաշտի է վերածվելու տարածաշրջանը։ Դիվանագիտական եռուզեռը սակայն անպայման չի նշանակում, որ հանգուցալուծումները նույն եռուզեռայնության տեմպերով կկայանան։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքականացումը հուշում է տարամոտեցումների և տարապատկերացումների մասին, ինչը ենթադրում է ստատուս քվոյի ձգում։