Հարգանքի տուրք Օհան Դուրյանի շիրիմին. հիշատակի ձեռնարկ եւ համերգ Հայաստանի նախագահի մասնակցությամբ

  • 08.09.2022
  • 0
  • 43 Views

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին:

Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, քանի որ նշում ենք Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակը: Ես այն բախտավորներից մեկն եմ, ով հնարավորություն և պատիվ է ունեցել 1993 թվականից ճանաչել մաեստրոյին, շփվել նրա հետ, -ասել է նախագահը: -Նա իր կյանքում երբևիցե չդավաճանեց այն սկզբունքներին, որոնցով ապրել էր: Այդ սկզբունքների պատճառով նա շատ է տուժել՝ սկզբում Խորհրդային Հայաստանում, երբ ստիպված էր ուղղակի լքել իր հայրենիքը, հետո մեր անկախ Հայաստանում:

Սակայն կարծում եմ՝ այսօր ամենակարևորն այն է, որ մենք հնարավորություն ունենք պետական մակարդակով նշել մաեստրոյի հարյուրամյակը: Նա ուղղակի չէր հանդուրժում կեղծիքը հատկապես մասնագիտական շրջանակում: Ովքեր աշխատել են մաեստրոյի հետ, գիտեն թե ինչպիսին էր նա իր գործում»:

Նախագահ Խաչատուրյանը կիսվել է իր հիշողություններով և պատմել որոշ դրվագներ մաեստրո Դուրյանի մասին: «Լինում էին դեպքեր, երբ տարբեր նվագախմբերի հետ խնդիրներ էին առաջանում: Փորձում էինք հասկանալ՝ ինչ է պատճառը և պարզվում էր, որ ընդամենը մաեստրոն շատ խստապահանջ մարդ էր: Այն ինչին ինքը տիրապետում էր փորձում էր հնարավորինս փոխանցել երաժիշտներին: Արդյունքում՝ ամբողջ նվագախումբը շնորհակալ էր, քանի որ նա իր աշխատանքով հասել էր երաժիշտների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Այսօր մենք զգում ենք նրա պակասը»:

Վահագն Խաչատուրյանը խոսքն ուղղելով Օհան Դուրյանի այրուն և մտերիմ ընկերոջը ասել է. «Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ՝ տիկին Ալիս, ինչպես նաև մաեստրոյի սիրելի ընկերոջը՝ Վահանին: Դուք ամեն գնով վառ եք պահում մաեստրոյի հիշատակը, և ամեն ինչ փորձել եք անել այնպես, ինչպես մաեստրոն կաներ, ոչ մի մանրուք ձեզ համար մանրուք չի եղել»:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգին, որը տեղի է ունեցել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Համերգային ծրագրի ավարտին նախագահ Խաչատուրյանն Օհան Դուրայնի այրուն է հանձնել մաեստրոյին շնորհված Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը, որոնք վերադարձրել էր պետությանը:

«Այսօր մաեստրո Օհան Դուրյանի հանդեպ մի վերջին պարտականություններից մեկը պետք է կատարեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ իրեն զրկեցին իր նվագախումբը ղեկավարելուց, և այդ ժամանակաշրջանում՝ 2001 թվականին, նա որպես բողոքի նշան իր ըմբոստ պահվածքով որոշեց վերադարձնել պետությանն այն պարգևները, որ նրան շնորհվել էին 1996-1997թթ: Երկու բարձր պարգևներ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը և Մովսես Խորենացու մեդալը նա վերադարձրեց պետությանը»,– ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ որպես պետական պաշտոնյա ներկա է եղել այն արարողությանը, երբ տրվում էին այդ պարգևները:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է, որ ես հնարավորություն ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ վերադարձնել այդ պարգևները տիկին Ալիսին: Համոզված եմ, որ այս պարգևներն իրենց տեղը կգնեն Օհան Դուրյանի տուն թանգարանում կամ այն վայրում, որտեղ որոշվել է դրանք պահել»,– ասել է նախագահ Խաչատուրյանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում