Վիգեն արք. Այքազյանը հայ գերիների ազատ արձակման եւ հայկական գյուղերի օկուպացիայի մասին խոսել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարում

  • 07.09.2022
  • 0
  • 350 Views

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։

Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվեցին եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր։

Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռի պատվիրակության մի շարք անդամներ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի գլխավորությամբ մասնակցեցին Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողությանը, որը հանդիսապետում էր Ֆրանսիայում Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Էմմանուել մետրոպոլիտը։

Նույն օրը, ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցեցին Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվեց հանդիպում հայ համայնքի հետ։

Իսկ համաժողովի աշխատանքային ընդհանուր հանդիպումների շրջանակներում Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձավ Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։

Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի խոսքը ԵՀԽ գագաթնաժողովին

Շնորհակալություն ժողովի նախագահողին, իմ գնահատանքը հանրային հարցերով համագործակցող կազմակերպություններին, միևնույն ժամանակ ունեմ որոշ մտահոգություններ:

Անհնար է անտեսել իմ ժողովրդի նկատմամբ վայրագությունները։ Եթե չեմ սխալվում ինչ-որ մեկն ասաց, թե ինչո՞ւ ենք այդքան շատ խոսում Ուկրաինացիների մասին, որովհետև Ուկրաինան եվրոպա է։ Նկատի ունեմ, եթե ինչ-որ բան է պատահում Աֆրիկայում, նշանակում է չպե՞տք է միջամտենք, եթե ինչ-որ բան է կատարվում Ասիայում չպե՞տք է միջամտենք, կամ ինչ-որ բան է պատահում Ամերիկայում ՝ չե՞նք պատրաստվում միջամտել։

Եթե անարդարություն է լինում, մեր բարոյական պարտականությունն է արձագանքել։ Նախագահող, սույն ժողովը չի կարող տեղի ունենալ առանց մատնանշելու այն վայրագությունները, որոնք կատարվել են մարդկանց նկատմամբ։ Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Աշխարհում չկա ոչ մի կառավարություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների վրա, որպեսզի այդ երիտասարդներին ազատ արձակեն։ Որտե՞ղ էինք մենք, երբ շուրջ 5000 երիտասարդ սպանվեց։ Պարզապես եզրահանգում ենք․ «Մենք դատապարտում ենք»։ Եվ ինչ՞, հետո ի՞նչ․․․ Նախագահող, սույն կազմակերպությունը պետք է լինի բարոյական կազմակերպություն և հոգ տանի յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության, յուրաքանչյուր մարդու համար, ովքեր տառապում են. շնորհակալ եմ:


Սեպտեմբերի 5-ին համաժողովի հանդիպումների գլխավոր սրահում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակության անդամ դոկ. Դիաննա Ծաղիկյանը հանդես եկավ սուրբգրային սերտողությամբ, որի գլխավոր թեման էր Քրիստոսի սիրո ու ողորմածության դրսևորումը մարդկության կյանքում։

Համաժողովի շրջանակներում Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հանդիպեցին ԵՀԽ ընտրեալ գլխավոր քարտուղար Ջերի Փիլարին՝ վերջինիս փոխանցելով Վեհափառ Հայրապետի բարեմաղթանքները և վերհաստատելով Հայ Եկեղեցու պատրաստակամությունը՝ սերտ գործակցության հանուն քրիստոնեական սիրո և բարեկամության, աշխարհում խաղաղության և արդարության։

Համաժողովն իր աշխատանքները կավարտի սեպտեմբերի 8-ին, որի արդյունքում ԵՀԽ-ն հանդես կգա աշխարհում առկա մարտահրավերների վերաբերյալ միասնական հայտարարությամբ։

ԵՀԽ 11-րդ համագումարի արձանագրությունը արցախյան պատերազմի հետևանքների վերաբերյալ

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես եկավ Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2020 թ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գործադիր հանձնախումբն ընդունեց հայտարարություն՝ աղոթելով իմաստության, միասնության ու հանդարտության համար և սգալով բոլոր նրանց հետ, ովքեր «սարսափելի կորուստներ են կրել ոչ միայն սեպտեմբեր 27-ից ի վեր վերստին սանձազերծված պատերազմում, այլև՝ տարածաշրջանում ինքնորոշման համար մղված պայքարի երկար պատմության ընթացքում՝ յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորացնելով թշնամանքը»: ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլ տեսակի բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: ԵՀԽ-ն նաև կոչ է արել հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղի/Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով այդպիսի վայրերի սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության դադարից գրեթե երկու տարի անց հարյուրավոր էթնիկ հայեր տակավին ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ոտնահարելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան Կոնվենցիան: Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է ուկրաինական հակամարտության վրա, ադրբեջանական ուժերը փաստացի նոր վայրագություններ են իրագործում ինչպես Լեռնայի Ղարաբաղի բնիկ հայերի, այնպես և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների նկատմամբ, ինչի հետևանքով շարունակում են զոհվել անմեղ մարդիկ և գերեվարվել նորերը: Ավելին, պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական և մարդու իրավունքերին առնչվող օրենքների ոտնահարման համար պատասխանատվության պահանջը, ինչը բազմիցս արձանագրվել է Human Rights Watch, BBC, the Guardian և շատ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ցավոք չի կատարվել կամ հանձ առնվել:

Գերմանիայի Կարլսրուե քաղաքում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համագումարը

Դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը և Ադրբեջանի իշխանություններին, միջազգային իրավունքի համաձայն, բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար,

Կրկին մտահոգություն է հայտնում տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար

Կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար,

Խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում