Շաբաթ օրը Պրահայում մոտ 70 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Չեխիայի կառավարության դեմ՝ կոչ անելով իշխող կոալիցիային ավելին անել՝ էներգակիրների գների աճը վերահսկելու եւ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ընդդիմանալու համար, Reuters-ի այս հաղորդումը հայերեն թարգմանությամբ ներկայացրել է news.am-ը։
Ցույցի կազմակերպիչները՝ մի շարք ծայրահեղ աջ եւ ծայրահեղ քաղաքական խմբերից, այդ թվում՝ Կոմունիստական կուսակցությունից, ասել են, որ կենտրոնական եվրոպական պետությունը պետք է ռազմական առումով չեզոք լինի եւ ուղղակի պայմանագրեր ապահովի գազ մատակարարողների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:
Քաղաքի կենտրոնում Վացլավի հրապարակում բողոքի ցույցը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց , երբ կառավարությանն անվստահության քվե էին հայտնել՝ գնաճի եւ էներգակիրների գների դեմ պայքարում ընդդիմության պնդումների ֆոնին:
Քվեարկությունը ցույց է տվել, թե ինչպես է Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը հրահրում քաղաքական անկայունություն, քանի որ էլեկտրաէներգիայի գների աճը խթանում է ինֆլյացիան, որն արդեն հասել է երեք տասնամյակների ընթացքում չտեսնված մակարդակի:
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, որը գլխավորում է աջ կենտրոնամետ հինգ կուսակցությունների կոալիցիան, շաբաթ օրը CTK լրատվական ծառայությանն ասել է, որ ցուցարարները չեն հետապնդում երկրի շահերը։
«Վացլավի հրապարակում բողոքի ցույցը հրավիրել են ռուսամետ, ծայրահեղ դիրքերին մոտ եւ Չեխիայի Հանրապետության շահերին հակասող ուժեր»,- ասել է նա։
Ի դեպ, երեկ երեկոյան Չեխական հեռուստատեսության ուղիղ եթերում, քաղաքական մեկնաբաններից մեկը նշեց, որ վարչապետի որակումը, թե հրապարակում միայն ռուսամետ ուժերն եղել, չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակը շատ խայտաբղետ էր,-ասաց նա։
Իսկ Չեխական ռադիոն հրապարակել է փոխվարչապետ Վիտ Ռակուշանի կարծիքը, որն ավելի չեզոք է։ Էներգետիկ ճգնաժամի լուծումը, ըստ փոխվարչապետ և իշխող կոալիցիայի STAN շարժման նախագահ Վիտ Ռակուշանի, անկախությունն է ռուսական գազից։ Ռակուշանը խոստացել է, որ կառավարությունը կձգտի բացատրել իր գործողությունները ավելի մատչելի ձևով:
Նախարարների կաբինետը, մասնավորապես, փոփոխություններ կատարելով «Էներգետիկայի մասին» օրենքում, ցանկանում է արգելել էներգառեսուրսների առևտրականներին ավելացնելու հաճախորդներին տրվող կանխավճարների չափը՝ առանց իրենց կողմից որևէ սահմանափակման։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը CNN Prima News քննարկման հաղորդման եթերում։
«Կառավարությունը մարդկանց առանց աջակցության չի թողնի, նա անում է հնարավորը և նպատակային օգնություն կտրամադրի», – վստահեցրեց Վիտ Ռակուշանը: «Լուծումը ոչ թե առանձին պայմանագրերով ռուսական գազից կախվածության մեծացումն է, ինչպես պահանջում էին շաբաթ օրը տեղի ունեցած հակակառավարական ցույցի կազմակերպիչները, այլ էլեկտրաէներգիայի և գազի գների տարանջատումը եվրոպական մակարդակով»,- ընդգծել է փոխվարչապետը։
Ընդդիմադիր SPD կուսակցության խմբակցության նախագահ Ռադիմ Ֆիալան ասել է, որ կառավարությունը պատրաստ չէ լուծել էներգետիկ ճգնաժամը։ Նրա կարծիքով՝ համաեվրոպական լուծման որոնումները հաջողություն չեն ունենա, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, որոշումը էական ազդեցություն չի ունենա գների մակարդակի վրա։
Արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան նախատեսում է չորեքշաբթի կառավարությանը ներկայացնել պետական էներգետիկ վաճառողի ստեղծման հայեցակարգի տարբերակները, որը պետք է էներգիա մատակարարի հանրային հատվածին։
Իր հերթին սենատոր Tomáš Nielsen-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Չեխական հեռուստատեսությունը ուղիղ եթերում չի ցուցադրել ցույցը, փոխարենը Գորբաչովի թաղումն ու հրեական մշակութային միջոցառում են ցուցադրել, ինչի համար պահանջում է Չեխական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Պետր Դվորժակի հրաժարականը։ Նա համարել է գրաքննության առկայություն հանրային եթերում։
infovojna.bz կայքէջն էլ ներկայացնում է, որ ցույցի կազմակերպիչներից Յիրժի Հավելն ասել է՝ «Մեր ցույցի նպատակը փոփոխությունների անհրաժեշտությունն է։ Հիմնականում գների և էներգակիրների, հատկապես էլեկտրաէներգիայի և գազի հարցերը լուծելու խնդրում, որն արդեն այս աշնանը կհանգեցնի մեր տնտեսության կործանմանը»։
«Մենք պարոն Ֆիալային հրավիրել ենք մեզ հետ բանակցելու, սակայն, ցավոք, պատասխան չունենք։ Այսպիսով, մենք պնդելու ենք, որ այս իշխանությունը հեռանա: Մենք ցանկանոմւ ենք նրա հրաժարականը»,- հավելել է նա։
Ավելի քան երեք ժամ տեւած բողոքի ակցիայի մասնակիցների թիվը ոստիկանությունը գնահատել է 70 հազար և ասել, որ ակցիայի ընթացքում նրանք որևէ լուրջ խնդրի հետ չեն առնչվել։
Ցույցի ժամանակ ելույթ ունեցան SPD ազգայնական շարժման պատգամավոր Իրժի Կոբզան, Եռագույնի Eurospect շարժման ղեկավար Զուզանա Մաջերովան, նախագահի կոմունիստ թեկնածու Յոզեֆ Սկալան։ Իր ելույթում Մաջերովան նաև պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային՝ պնդելով, որ դա «մեր (չեխական) պատերազմը չէ»։
orer.eu