Հանրահայտ սոպրանո Հասմիկ Պապյանի ծննդյան օրվա առթիվ

  • 02.09.2022
  • 0
  • 419 Views

Անպարտելի Հասմիկ Պապյանը

Այսօր մեր շատ սիրելի օպերային երգչուհու, համաշխարհային աստղի, ՄԵԾ ՄԱՐԴՈՒ, ժողովրդական արտիստի ու իր ժողովրդի ցավերով ու ուրախություններով ապրող մեծ արվեստագետի՝ Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է։

Մեր բարեկամությունը հավասարազոր է գրեթե մեկ քառորդ դարի, բայց այդ ողջ ընթացքում նա շարունակ զարմացրել է ու հիացրել է ինձ, ոգեւորել է, Հայրենիքը, հային ու հայկականը սիրելու աննախադեպ օրինակ ծառայել։ Նրանով հպարտանալու եւ նրա բարեկամությունը վայելելու բախտավորությունից զատ, մշտապես զգացել եմ, որ հայկական աշխարհում կա մեկը, ում կարող ես ցանկացած պահի վստահել, ում հետ կարող ես կիսվել, բանավիճել ու միաժամանակ՝ հարստանալ։

Հասմիկ Պապյանն այն հազվագյուտ մարդկանցից է, որ մինչեւ վերջ գնում է իր երազանաքների հետեւից։ Դեռեւս տարիներ առաջ Վիեննայում ասաց, որ վերադառանալու է Հայաստան եւ աշխատելու է երիտասարդ երաժիշտների հետ՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելու ցանկությամբ։ Եվ հասավ իր նպատակին։ Երեւանում հաստատվելուց հետո գլխավորելով կոնսերվատորիայի օպերային ստուդիան, նա ապացուցեց, որ նույնիսկ ֆինանսական փոքր միջոցներով կարելի է հասնել մեծ հեղաշրջումների։ Օպերային ստուդիայի երիտասարդ երգիչներն ու սփյուռքից հրավիրված հայտնի արվեստագետները դարձան համատեղ նախագծերի հեղինակները։ Գլյուկի «Օրփեոս եւ Էվրիդիկե»  փայլուն ներկայացումից հետո, այժմ էլ բեմ է բարձրանում Մոցարտի հանրահայտ «Դոն Ժուան»-ը։ Եվ այսպես շարունակ… Ես հավատում եմ, որ այդ վերելքները շարունակվելու են , քանի դեռ կա Հասմիկ Պապյանը, իր հրաշալի թիմը եւ իրեն հավատացող, նվիրյալ հանդիսատեսը։

Բարի տարեդարձ սիրելի Հասմիկ, ուժ, կորով ու երջանկության անկրկնելի պահեր եմ մաղթում քո հայրենանվեր գործունեության մեջ։

Հ.Գ. Նրանք, ովքեր չեն կարդացել մեր վերջին հարցազրույցներից մեկը, խորհուրդ կտամ ընթերցել։ Թեեւ դա 2019 թվականին էր, բայց իր արդիականությունը չի կորցրել։

«Աշխարհի ոչ մի երկրում չեմ հանդիպել այդքան տաղանդավոր, ուսման ծարավ և շնորհալի երիտասարդների, ինչպիսիք որ կան Հայաստանում: Իմ ողջ հույսն ու ապավենը, ինչպես նաև մեր երկրի ապագան՝ նրանք են»,- ասում էր Հասմիկ Պապյանը։

ORER.eu – Հասմիկ Պապյան. «Իմ հույսն ու ապավենը երիտասարդներն են»

Հակոբ Ասատրյան

Պրահա

Երեւանում սեպտեմբերի 16, 18, 19-ին կարող եք դիտել օպերային ստուդիայի նոր ներկայացումը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում