Հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը. Ռուբեն Վարդանյան

  • 02.09.2022
  • 0
  • 96 Views

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մամուլի ասուլիսը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից մտադիր էր հրաժարվել ավելի ուշ, բայց Բերձորի դեպքերից հետո առաջնահերթություն համարեց գալ Արցախ և իր ներդրումն ունենալ ստեղծված խնդիրների լուծման գործում:

«Ես հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից այստեղ գալու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համար: Մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում: Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը, և, եթե մենք ուս-ուսի չտանք, կկորցնենք այն, ինչը մեր հենարանն է: Ես ծննդով Արցախից չեմ: Առաջին անգամ Արցախ եմ եկել 2002 թվականին , բայց սիրում եմ Արցախը և լավ եմ գիտակցում, որ Արցախը մեր հենարանն է: Այստեղ ես զինվոր եմ և պատրաստ եմ իմ ունակությունները, գիտելիքները և հնարավորությունները նվիրել Արցախին, նրա անկախության պահպանմանն ու զարգացմանը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը՝ խնդիրների հաղթահարման գործընթացում կարևորելով հավատն ապագայի նկատմամբ, որն ըստ նրա՝ ամրապնդվում է համապատասխան գործով:

Ըստ news.am-ի Ռուբեն Վարդանյանն ասել է.

Մենք պատերազմի ժամանակ չենք պարտվում։ Մենք պարտվում ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք սկսում մեզ պարտված համարել։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի գործարար, սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Նա կոչ արեց հայրենակիցներին չընկրկել եւ պահպանել հույսը։

«Երբ մարդը հույս չունի, նա այլեւս ի վիճակի չէ որեւէ բան փոխել… Շատ կարեւոր է, երբ հավատում ես սեփական ապագային, երբ հավատում ես, որ երեխադ քեզնից լավ է ապրելու։ Այդ դեպքում դու պատրաստ կլինես գնալ անել ամեն ինչի»,- ասաց Վարդանյանը։

Իսկ խաղաղության պայմանագիրը, ըստ գործարարի, ընդամենը թուղթ է.

«Այն ոչինչ չարժե, եթե դու թույլ ես։ Այդ թուղթը ոչ մի անվտանգություն չի ապահովի: Այդպիսի համաձայնագրերը շատ երկրների չեն օգնել։ Դրանց թվում կան նաեւ ամենաուժեղները… Ես հավատում եմ, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ հասկանան, որ նոր պատերազմն իրենց համար վերջինն է լինելու»,- պարզաբանեց Վարդանյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում