Վաշինգտոնը խառնում է խաղաթղթերը տարածաշրջանում

  • 28.08.2022
  • 0
  • 59 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:

– ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասյան բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին, ով միաժամանակ նշանակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Այս նշանակումը ի՞նչ կարող է փոխել Արցախի հարցի բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն վերահաստատել է Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելու հանձնառությունը՝ երկարաժամկետ խաղաղության շուրջ քաղաքական համաձայնության գալու հարցում:

– Այս նշանակման առիթով մի քանի դիտարկում։ Նախ, նկատենք, որ հունիսին ԱՄՆ-ն նոր նշանակում էր արել՝ ՄԽ-ի համանախագահ նշանակելով Լորա Հոքլանին։ Ընդամենը երկու ամիս հետո նոր նշանակում է անում Վաշինգտոնը։ Սա ենթադրում է նոր աշխուժացում, դերակատարության շեշտադրում և միտում՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահությունը վերագործարկելու։ Այս վարկածը ավելի է հիմնավորվում, եթե նկատի ունենանք Ռիկերի դիվանագիտական կենսագրականը, անցած փորձը, կովկասյան խնդիրներով զբաղված լինելու հանգամանքը, պետքարտուղարությունում իր զբաղեցրած բանալի պաշտոնները։ Երրորդ կարևոր փաստն այն է, որ Ռիկերը համատեղում է թե՛ համանախագահի, թե՛ կովկասյան բանակցությունների ավագ խորհրդականի, թե՛ ժնևյան խորհրդակցություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնները։ Փաստորեն, նա ստանձնել է ամբողջ Կովկասի թղթածրարը։

Ուրեմն, արցախյան հակամարտության բանակցությունների գործընթացում ԱՄՆ այս ներգրավումը պիտի դիտարկել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության գոտու կայացման համատեքստում։ Բաքվի հակազդեցությունը ակնկալելի էր, իսկ դրա վաշինգտոնյան արձագանքը ուղենշային՝ ամերիկյան քաղաքականության տեսանկյունից։

Գլոբալ հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակն ասել էր, որ այս նշանակումը ընդգծում է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև՝ համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը։ Սա ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահական ձևաչափի վերագործարկման առաջադրանք է և ընդգծում է, որ  հակամարտության կարգավորում չի եղել։ Այսպիսով հակադրվում են ոչ միայն ԱՄՆ-ի և Մոսկվայի շահերը, այլև՝ ԱՄՆ-ի և թուրք-ադրբեջանական դաշինքի։ Չմոռանանք, որ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ի միջնորդական ձևաչափը սպառված է, իսկ Բաքուն՝ «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

Վաշինգտոնը խառնում է խաղաթղթերը և ազդարարում իր գործունեությունը տարածաշրջանում։

– Ի՞նչ կարել է ակնկալել օգոստոսի 31-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից։ Ըստ Ձեզ՝ ինչու՞ հանդիպումը չկայացավ Մոսկվայում, ինչպես նախապես շրջանառվում էր։ 

– Բրյուսելը հետևողականորեն շարունակում է միջնորդական առաքելություն իրականացնելու ճիգերը և անընդհատ փորձում է հակակշռել Մոսկվային։ Առաջադրանքները՝ ապաշրջափակում, սահմանագծում, խաղաղության համաձայնություն, նույնն են։ Պարզապես միջնորդական մրցապայքար է գնում։ 

Չեմ կարծում, որ բեկումնային ինչ-որ արդյունք կլինի։ Դեռևս գերմիջնորդը՝ նոր ստատուս քվոյի առումով, շարունակում է մնալ Մոսկվան։ Չի բացառվում, որ մարդասիրական հարթության վրա Բրյուսելը աշխատի ռազմագերիների վերադարձի կետի վրա, բայց, կարծում եմ, դա ևս պայմանավորված է «քայլ՝ քայլի դիմաց» բանաձևով։

Կարծում եմ՝ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի աշխուժացման կշիռն ու տարողունակությունը տարածաշրջանում որոշակի առումով կապված են նաև Ուկրաինայի պատերազմի արդյունքներից։ Եվ գործընթացները դիտարկելի են Ռուսաստանի մեկուսացման աշխարհաքաղաքական շրջածիրում։

Հայկ Մագոյան

Radar Armenia

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում