Պրահայում ընթանում է Թանգարանների միջազգային խորհրդի 26րդ վեհաժողովը Հայաստանի ակտիվ մասնակցությամբ

  • 25.08.2022
  • 0
  • 292 Views

Օգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է ICOM-ի Գլխավոր վեհաժողովը, որին իր մասնակցությունն է բերել նաեւ Հայաստանը։ 1948 թվականից ի վեր, յուրաքանչյուր երեք տարին մեկ, ICOM-ը՝ Թանգարանների միջազգային խորհուրդը անցկացնում է բարձր մակարդակի վեհաժողով, որին մասնակցում են աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած թանգարանային գործի մասնագետներ, ղեկավարներ ու հետազոտողներ։ Համաժողովի բացմանը ելույթներ են ունեցել Չեխիայի մշակույթի նախարար Մարտին Բաքսան եւ Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբը։

Ավելի քան 3000 մասնակիցներ տարբեր միջազգային խմբերից հավաքվել են Պրահայում՝ մասնակցելով բանավեճերի, կլոր սեղանների, ցանցային և մշակութային միջոցառումների: Զուգահեռաբար, ամբողջ շաբաթվա ընթացքում տեղի է ունենում Թանգարանների միջազգային տոնավաճառ, որտեղ մատակարարներն ու թանգարանները ցուցադրում են իրենց վերջին նախագծերն ու ապրանքները: Սա աննախադեպ միջավայր է ոչ միայն ծանոթանալու թանգարանային աշխարհի փորձին, նոր տեխնոլոգիաներին, այլեւ նոր կապեր հաստատելու բացառիկ հնարավորություն։

Հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է ICOM Հայաստանի նախագահ Հայկ Մկրտչյանը, համաժողովին մասնակցում է 16 անդամներով, որոնք ներկայացնում են Հայաստանի ամենատարբեր թանգարանները, այդ թվում՝ Մատենադարանը, Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Երեւանի պատմության թանգարանը, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը եւ այլ հաստատություններ։

Օգոստոսի 23-ին համաժողովի մասնակիցներին ընդունեց նաեւ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանությունում անցկացված հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա ծրագրերի եւ համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա էր նաեւ երեկ՝ օգոստոսի 24ին ICOM նախագահ ընտրված Իտալիան ներկայացնող Էմմա Նարդին, ով կարեւորեց հայկական պատվիրակության դերը Թանգարանների միջազգային խորհրդի մեջ եւ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը։

Հայ պատվիրակներն մասնակցում են եւ ելույթներով հանդես են գալիս համաժողվի տարբեր կոմիտեների քննարկումներին։

Այս տարվա համաժողվն անցկացվում է Թանգարանների ուժը խորագրի ներքո։ Թանգարանային հանրությունը քննարկում է կարևորագույն հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեշտացնելու մշակութային փոխանակումը, խթանելու միջազգային համագործակցությունը և ոգեշնչելու տեղական ծրագրերը, որպեսզի թանգարանները կարողանան շարունակել հասարակությանը մատուցվող իրենց հանրային ծառայությունը։

ICOM-ի Գլխավոր համաժողովի երեք հիմնական ուղղություններն են.

Ոգեշնչող ելույթներ աշխարհահռչակ մասնագետների կողմից միջազգային թանգարանային հանրությանը վերաբերող բազմամասնագիտական ​​թեմաներով.

Գիտաժողովի թեմայով գիտական ​​քննարկումներ ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների միջև.

Վարչական նիստեր՝ ամփոփելու և գնահատելու վերջին երեք տարվա ընթացքում կատարված գործողությունները և սկսելու աշխատանքային նոր ժամկետը։

Արդեն իսկ որոշվել է, որ 2025 թվականին հաջորդ համաժողովը կանցկացվի Աբու Դաբիում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում