«Մատենա» դպրոցը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կստեղծեն կրթամշակութային նոր կլաստեր

  • 24.08.2022
  • 0
  • 32 Views

Օգոստոսի 23, 2022 թ․, Երևան։ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև ստորագրված հուշագրով հայտարարվեց կրթամշակութային նոր կլաստեր ստեղծելու մասին։ Հուշագիրն ստորագրվել է օգոստոսի 22-ին՝ դպրոցի և տուն-թանգարանի տարածքում կայացած միջոցառման ժամանակ:

Կարևորելով նոր նախաձեռնությունը՝ «Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ցանկացած կրթական հաստատություն հիմնված է չորս առանցքային գործոնի վրա՝ դասավանդողներ, սովորողներ, գործընկերներ և միջավայր։ Հետևաբար կլաստերի ստեղծումն ուղղված է «Մատենա»-ի կրթական գործընթացն ավելի հագեցած դարձնելուն։

«Ձևավորվում է մի յուրօրինակ, առանձնահատուկ կլաստեր, որն իրականում դառնալու է հետաքրքիր վայր «Մատենա»-ի շրջանավարտների, ուսանողների համար: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի՝ «Մատենա»-ի աջակցությամբ նորոգված համերգասրահն այսուհետև ուսանողների համար կօգտագործվի որպես լսարան, որտեղ դասամիջոցները հագեցած կլինեն խաչատրյանական երաժշտությամբ։ Խաչատրյանի գործերի տարածման և հանրայնացման առիթ կդառնան նաև «Մատենա»-ի հետագա միջոցառումները»,- ասել է «Մատենա» դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։

Արամ-Խաչատուրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ «Մատենա» դպրոցի հետ համագործակցությունը թանգարանի գործունեությանը նոր շունչ կհաղորդի։

«Այսօրվա թանգարանն ունի ամբողջովին այլ դիմագիծ։ Սխալ են արմատացած այն պատկերացումնեը, թե թանգարանները կարծրացած միջավայր են։ Այսօրվա թանգարանը դինամիկ է, այսօրվա թանգարանն ինտերակտիվ է, այսօրվա թանգարանը դարձել է գրավիչ և հետաքրքիր տարբեր սերունդների ներկայացուցիչների համար»,- նշել է տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Կրթամշակութային կլաստեր ստեղծելու գաղափարը «Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանինն է։ Իր ելույթում նա նկատել է, որ նոր փոփոխությունները պահանջում են, որպեսզի մարդիկ ընդհանուր կրթված ու բազմակողմանի զարգացած լինեն, քանի որ դա է նոր իրողություններում հաջողության հիմքը:

«Կարևոր եմ համարում, որ մենք Երևանում փորձում ենք վերականգնել այն ավանդույթները, կյանքի այն ոճը, որ եղել է ժամանակին: Հիմա Երևանը փայլում է իր ռեստորաններով ու սրճարաններով, բայց, դրանից բացի, մշակութային ու կրթական կյանքի, նոր մթնոլորտի պահանջ կա։ Ժամանակին Երևանում մի շարք թանգարաններ ստեղծելով՝ մենք յուրահատուկ մշակութային կենտրոն ենք ձևավորել: Այսօր կարևոր է պահպանելով անցյալը՝ այդ անցյալի վրա ստեղծելով ապագան: Ուստի շատ եմ արժևորում համագործակցությունը թանգարանի, որը պահպանում է անցյալում ստեղծված ժառանգությունը, և «Մատենա» դպրոցի միջև, քանի որ կրթությունն է ապագայի հետ կապող կամուրջը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ի նշան գործընկերության՝ Ռուբեն Վարդանյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին յուրահատուկ աշխատանք է նվիրել՝ «Սպարտակ» բալետի ձեռագիր և նկարազարդված պարտիտուրը։ Բացառիկ այս գիրքը, որից ընդամենը 20 օրինակ կա, նկարազարդված է Փարիզի հնագույն արվեստանոցների հազվագյուտ փորագրություններով։

Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաև «Մատենա» դպրոցի շրջանավարտների ակումբի հիմնադրման մասին։ Համագործակցության նոր ձևաչափի շնորհիվ կընդլայնվեն շփման, գործնական կապերի հաստատման և համագործակցության հնարավորությունները։ Ակումբի անդամները մշտապես կտեղեկանան «Մատենա»-ի հետագա ծրագրերի, քննարկումների մասին, կունենան այլ դասընթացների զեղչի հնարավորություն, ինչպես նաև կդառնան նորաստեղծ կրթամշակութային կլաստերի լիիրավ այցելու։

«Մատենա»-ի նախաձեռնությունները ողջունել են նաև դպրոցի միջազգային գործընկերները, դասախոսներն ու շրջանավարտները, պետական կառույցների, մշակութային ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարել են հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից։

***

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում