Հայաստանի ղեկավարները՝ Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի մասին

  • 23.08.2022
  • 0
  • 41 Views

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:

Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր որպես պետականության և որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:

Եվ այսօր, ինչպես և երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները՝ որպես ուղեցույց և հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով

Սիրելի՛ ժողովուրդ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչև օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր: 

Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ:

Անկախությունն առերեսում է, և հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք: Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, և սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան:

Անկախությունն ազատություն է, և մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ և անվտանգ զգալու համար: Անկախությունը կրթություն է, և քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար:

Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը և ոչ թե այն շրջանցելը պիտի լինի առավելության նշան:

Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի և արարի և ոչ թե մսխի ու փչացնի:

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի:

Եվ հետևաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն:

Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց  1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց:

Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է,  ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը:

Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:

Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի  զարգացմանը:

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք:
 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում