Արցախում եւ Հայաստանում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ. զոհերի թիվը հասել է 16-ի

  • 16.08.2022
  • 0
  • 278 Views

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ նույնպես 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը»,- ասված է հրամանագրում:

րկարարները շարունակում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ»,– ասաց նախարարը:

Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։

 Հարցին, թե արդյոք նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել պայթուցիկ նյութեր, նախարարն ասաց, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին։

«Նախնական գնահատականներով, 4 տոննա են եղել նախքան պայթյունը»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ զոհերի թիվն արդեն հասել է 16-ի։ Այս պահի դրությամբ  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2  անձ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում