Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 14.08.2022
  • 0
  • 55 Views

Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. «Վերափոխման հիշատակի այս տոնը մեզ կարևոր պատգամ է փոխանցում․ լինել տեր և հնազանդ Աստծո կամքին։ Աստվածածինը մեզ ամենքիս Իր կյանքի  կարևորագույն պատգամներից մեկն  է փոխանցում՝ Աստծո խոսքին, ավետարանական պատգամին կատարյալ  հնազանդությամբ կյանք ունենալ։ Սուրբ Աստվածամոր օրինակով կոչված ենք հնազանդվելու Երկնավոր Հորը, կոչված ենք հավատքով դառնալու Աստծո լույսի կրողներն ու այն տարածողները, որպեսզի աշխարհը և մենք խավարի մեջ չմնանք»։

Վերջում Արտակ Սրբազանը հայցեց Տիրամոր բարեխոսությունը մարդու և Աստծու հաշտության համար՝ պատգամելով վերափոխվել ու մեր անձերը աղոթքով սրբագործել։

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում