«Հայաստան.Ժառանգության, ավանդույթների եւ տաղանդի երկիր» ցուցահանդեսը բացվեց Պրահա 6-ի քաղաքապետարանի ցուցասրահում

  • 05.08.2022
  • 0
  • 433 Views

Օգոստոսի 4-ին  Պրահայի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց «Հայաստան. Ժառանգության, ավանդույթների եւ տաղանդի երկիր»  լուսանկարչական ցուցահանդեսը։ Միջոցառման կազմակերպիչներն էին Չեխիայում Հայաստանի դեսպանությունը եւ  Պրահա 6-ի քաղաքապետարանը։

Ներկաներին ողջունեց Պրահա 6-ի քաղխորհրդի անդամ, տեղական զարգացման գծով խորհրդական Էվա Սմուտնան, որը կարեւորեց այս ցուցահանդեսի բացումը ոչ միայն տեղեկատվական, այլեւ հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ պատմական ու մշակութային կամուրջ ստեղծելու առումներով։ Նրա ասելով, նման ցուցահանդեսները կրճատում են երկրների միջեւ եղած հեռավորությունը, եւ հնարավորություն է ստեղծվում մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությանը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանին այս ցուցահանդեսը կազմակերպելու եւ լուսանկարները տրամադրելու համար։

Իր ողջույնի խոսքում Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը անդրադառնալով հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը, նշեց, որ իբրեւ քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ, հայերը մեծ նշանակություն են տալիս մշակութային եւ պատմական ժառանգության պահպանմանը։ Դեսպանի ասելով, դա մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի ինքնության պահպանման համար։ Դեսպան Հովակիմյանը նույնպես շնորհակալություն հայտնեց  համագործակցության համար եւ ներկաներին հրավիրեց դիտելու ցուցահանդեսը եւ համտեսելու հայկական գինին եւ թխվածքները։

Ցուցահանդեսի բացմանը երաժշտական համարներով ներկաներին ողջունեցին Պրահա 6-ի առեւտրական ակադեմիայի ուսանողներ Մոնիկա Ֆիլիպովան եւ Մարտին Լեշկան։

Բացման արարողությանը ներկա էին նաեւ Չեխիայի սենատի փոխնախագահը, պատգամավորներ, սենատորներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, լրագրողներ։

Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 20-ից ավելի հայկական հուշարձաններ, հայ մշակույթն ու ավանդույթները ներկայացնող վահանակներ,  կգործի մինչեւ օգոստոսի 30-ը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում