
Եվրամիությունը «կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ծավալվում են ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ Լաչինի միջանցքի եւ վայրերի շուրջ շփման գծի երկայնքով»։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ։
«Ցավոք, այս բախումներն արդեն մարդկային զոհերի եւ վիրավորների են հանգեցրել։
Չափազանց կարեւոր է դեէսկալացման հասնել, լիովին հետեւել հրադադարին եւ վերադառնալ բանակցությունների սեղանին՝ համաձայնեցված լուծումներ գտնելու համար։
Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ լարվածության հաղթահարմանն օգնելուն եւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության ապահովմանն իր մասնակցությունը շարունակելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
Իր հերթին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «սերտ կապի» մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման կապակցությամբ։ Ինչպես հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին, Միշելն արդեն զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մոտ ժամանակներս կզրուցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Նրա թիմը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտ կապի մեջ են եղել երկու կողմերի հետ՝ երկխոսության միջոցով անհապաղ դեէսկալացման եւ օրակարգային բոլոր կետերով առաջընթացի հասնելու համար»,- հավելել է պաշտոնյան: