2022-ի հուլիսի 31-ին Համբուրգում տեղի ունեցավ բանաստեղծուհի Աիդա-Ռիտա Ավագյանի գրքերի շնորհանդեսը։ Կազմակերպիչը Համբուրգի «Զարթոնք» նորաստեղծ կազմակերպությունն էր, որն իր գործունեությունը սկսում է մշակութային միջոցառումներով։
«Զարթոնք» մշակույթի կենտրոնի համար մեծ պատիվ էր ներկայացնել համբուրգաբնակ Աիդա֊Ռիտա Ավագյանի ստեղծագործությունները։ Նրա յուրաքանչյուր տող իր մեջ պարունակում է բանաստեղծուհու բարի, զգայուն և, միևնույն ժամանակ, համարձակ և վճռական տեսակը։ Ասում է մեզ հետ զրույցում միության նախագահ Լիլիթ Խանպապյանը։ Ներկայացվել են գրողի երեք գրքերը՝ «Կյանքիս կտավը», «Տարիները՝ ափի մեջ», «Հոգու դեգերումները»։
Ձեռնարկը վարել է հաղորդավարուհի, ասմունքող Աիդա Ալեքսանյանը։ Բանաստեղծուհու ստեղծագործություններից ընթերցել են Գայանե Գրիգորյանը, Եվա Խաչատրյանը, Ավագ Խաչատրյանը և Լիլիթ Խանպապյանը։
Բանաստեղծուհուն անակնկալ մատուցեց ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը, երգելով Աիդա-Ռիտա Ավագյանի «Ախ, տարիներ, տարիներ» բանաստեղծության բառերով գրված երգը։ Լրացնելով գեղեցիկ ակնթարթները, հյուրերը շուրջպար են բռնել Արուս Գուլանյանի անզուգական կատարման ներքո։
«Պատիվ ունեցանք նաև հյուրընկալել պատմաբան, Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն ֊1860 կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանին, ով իր անձնական գրադարանից «Զարթոնքին» ընծայեց արժեքավոր գրքեր»,- ասում է Լիլիթ Խանպապյանը։
Տիկին Աիդա-Ռիտային նվեր մատուցեցին նաև Եվրոպայում առաջին տեղը գրաված տաղանդավոր հայուհիները` պարելով վրացական ժողովրդական պարեր։
«Զարթոնք» հայ մշակութային միությունը գրանցվել է 2022 թվականի փետրվարին, եւ անցած ամիսների ընթացքում լուծել են կազմակերպչական հարցեր, այդ թվում ՝ տարածքի վարձակալության խնդիրը։ Առայժմ 15 անդամ ունեցող միության նախագահը Լիլիթ Խանպապյանն է, փոխնախագահը՝ Թալին Գալստյանը։
Միության առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռեւս հունիսի 26-Ին, երբ տարբեր թեմաներով բաց դասեր են անցկացրել՝ հրավիրելով հայ համայնքի տարբեր պրոֆեսիոնալների։ Նրանք երեխաներին ներկայացրել են ամենատարբեր թեմաներ։
Ինչպես ՕՐԵՐի հետ զրույցում նշում է միության նախագահ Լիլիթ Խանպապյանը, իրենց նպատակն է կիրակնօրյա հայկական դպրոցի բացումը, թատերական խմբակի եւ կանանց երգչախմբի կազմավորումը, գրադարանի ստեղծումը եւ այլ ծրագրեր։
Արդեն իսկ դպրոցում դասավանդելու համար հավաքագրվել են մոտ 12 ուսուցիչ.Ֆլորա Մեսրոպյանը, Արմինե Ղոնյանը, Ավագ Խաչատրյանը, Աիդա Ալեքսանյանը,Թալին Գալստեանը,Արուս Գուլանյանը, Ժաննա Հակոբյանը, Կորյուն Սարոյանը, Սիլվա Ֆարմազյանը եւ Կարիա Ավեյանը։ Կազմակերպությանը աջակցում են նաեւ Անի Մարիա Վեhբե Թունյանը եւ գերմանացի Նիկլաս Շմնդդրինգը։
Լիլիթ Խանպապյանը, որը 8 տարի առաջ է հաստատվել Համբուրգում եւ չորս տարի հայոց լեզու է դասավանդել համայնքային կիրակնօրյա դպրոցում, Հայաստանում ստացել է տարրական դասարանների ուսուցչի կրթություն եւ մասնագիտացում։
Միության նախագահի ասելով, կրթության համար որոշակի վճարում կլինի, քանի որ վարձակալվող տարծքների եւ այլ քաղաքներից եկող ուսուցիչների ճանապարհածախսը պետք է փակվի։ Առայժմ ծախսերը հոգում են միության անդամների ուժերով։
Ի տարբերություն այլ դպրոցների, այստեղ մեծ ուշադրություն է դարձվելու կարգապահությանը։ Աշակերտները չեն կարող ըստ ցանկության անկանոն հաճախել։ Քանի որ դասընթացների ավարտին նաեւ վկայական է տրվելու, իսկ մեծ թվով բացակա ունեցողները կզրկվեն հաճախելու հնարավորությունից։
Նրա ասելով, այլ դպրոցների սխալները չեն կարող կրկնել եւ մեծ ուշադրություն են դարձնելու կրթության որակին։ Դասավանդելու են հայոց լեզու եւ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, երգ ու պար, նկարչություն։ Մարզական ժամը կվարի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն Արթուր Գուլոյանը, նպատակ ունենալով բարձրացնելու հայ երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը։ Այս պահին արդեն գրանցվել են մինչև 13 տարեկան երեխաները, սակայն դպրոցում ուսուցում կատարվում է առանց տարիքային սահմանափակման։ Կկարողանան հայերեն սովորել նաեւ նրանք, որոնք ընդհանրապես հայերեն չգիտեն։
Երգի եւ պարի խմբակ կարող են հաճախել նաեւ պատանիները։ Արդեն իսկ Հայաստանի կրթության նախարարությունից 500 դասագիրք են ստացել, որը աստիճանաբար տեղափոխում են Համբուրգ։
Կազմակերպությունը նաեւ խորհրդատվական աշխատանք կկատարի նորածին երեխաների մայրերի հետ, թարգմանչական օգնություն ցույց կտա փախստական հայերին։
2020թ. ֊ի հուլիսին ստեղծվեց «Հայուհիները Գերմանիայում» ֆեյսբուքյան խումբը, որը ողջ պատերազմի ընթացքում տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերել ինչպես Հայաստանին, այնպես էլ վիրավոր զինվորներին՝ օգնելով իրականացնել բուժման ծախսերի մի մասը։ Այժմ էլ շարունակում է աջակցել ուկրաինահայերին, փորձելով օգնել կենցաղային տարբեր հարցերով։ Նշենք նաև, որ տիկին Աիդա֊Ռիտա Ավագյանը եւս շատ ակտիվ օգնել է և շարունակում է պարբերաբար օգնել պատերազմից տուժած զինվորներին։ Նա իր առաջին գրքի շնորհանդեսի ողջ հսույթը փոխանցեց Զինվորների ապահովագրության հիմնադրամին։ Վերջին շնորհանդեսի գրքերի վաճառքից ստացված հասույթի մի զգալի մասը եւս կհատկացվի կոնկրետ զինվորի, ով հետագա բուժման կարիք ունի։ Տիկին Աիդա -Ռիտան ջանում է նաև հոգեպես սատար լինել վիրավոր զինվորներին։
«Եթե ունենանք հովանավորներ, ապա դպրոցի դասընթացները կարող ենք նաեւ ամենօրյայի վերածել»,-ասում է Լիլիթ Խանպապյանը։
Նշենք, որ Համբուրգում, ուր ապրում է մոտ 3000 հայ, հիմնականում ակտիվ են 150-200-ը։ Գործում են նաեւ Համբուրգի հայ համայնքը եւ «Կիլիկիա» երիտասարդական միությունը։ «Զարթոնքի» ղեկավարները նաեւ պատրաստ են համագործակցել թե՛ համայնքային մյուս դպրոցի, եւ թե՛ երիտասարդական միության հետ։
orer.eu