Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում

  • 03.08.2022
  • 0
  • 289 Views

Շուտով Փարիզի և Եվրոպայի մի շարք քաղաքներում կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր՝ Նարեկ Ոսկանյանի՝ «Արմենիա Սակրա» (Սրբազան Հայաստան) ֆիլմը։ Սա ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։ Առաջին ֆիլմը՝ «Հայաստանի Գանձերը» ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքներում ՝ կինոթադրոններում, հայկական ընկերակցություններում, ինչպես նաև Կանադայում։

«Արմենիա Սակրան» լիամետրաժ, 65րոպե տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ ֆիլմի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը եւ նրանց պատմությունը, ինչպես նաեւ Հայաստանի բնությունը: Հուշարձանների, եկեղեցիների պատմությունն հայերեն լեզվով մանրամասնորեն ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Ֆիլմը առանձնահատուկ է գեղատեսիլությամբ, նյութի հարստությամբ եւ հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ։

Հատկանշական է, որ ֆիլմի նկարահանումները Հայաստանում և Արցախում կատարվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլատրությամբ։  Հատկանշական է, որ Արցախում նկարահանված  եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերը այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածնքերում, և փաստորեն, բացառիկ  և վերջին վավերացված կադրերն են։

Ֆիլմը նկարահանվել է ինչպես երկնքից՝ թռչող սարքի օգնությամբ, այնպես էլ ցամաքից: Ֆիլմը նպատակ ունի համայն հայությանը, և նաև օտարազգի հանդիսատեսին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, բնությանը, պատմությանը։

Ֆիլմում բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեր Մահեն։ Չնայած այն փաստին, որ ֆիլմը փաստավավերագրական է, սակայն այն յուրահատուկ է իր պատկերի եւ սցենարի գրավչությամբ։ Լինելով մասնագիտությամբ նաեւ լուսանկարիչ եւ նկարիչ ֆիլմի հեղինակը կադրային, լույսի եւ ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին հաղորդել է մոգականություն։ Ֆիլմը ֆրանսերեն է, շուտով նախատեսվում է այն թարգմանել նաև հայերեն։ Ֆիլմի ռեժիսորը ցանկանում է երրորդ՝ մեծամասշտաբ ծրագրով նոր ֆիլմ նկարահանել, որը կներկայացնի Հայաստանը՝ տարվա չորս եղանակներին։

Նշենք, որ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունը ստացել է Վարշավայում, այնուհետև տեղափոխվելով Ֆրանսիա, ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստի բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։

 Նարեկ Ոսկանյանը բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի,խաղարկային տեսահոլովակների, հեռուստանախագծերի հեղինակ է; ֆրանսիայում գործող հայ-ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքի համահիմնադիրն է։

«Արմենիա Սակրա» ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ ֆիլմը կկրկնի, եւ նույնիսկ կգերազանցի առաջին ֆիլմի հաջողությունը; Սա Նարեկ Ոսկանյանի և Նարե Թադևոսյանի երկրորդ համատեղ համագործակցությունն է։ Նարեն շուրջ 6 տարի է, ինչ Ֆրանսիայում աշխատում է որպես անկախ պրոդյուսեր; Վերջինս երեք տարի եղել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի թղթակիցը Փարիզում։ Հանդիսանում է հայ- ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքի «Աղմենիինֆոյի» համահիմնադիրը և բազմաթիվ հեռուստածրագրերի թղթակից և ծրագրի ղեկավար։ Համագործակցել է հայկական , ռուսական, բելառուսական, ինչպես նաև Դուբայի հեռուստաընկերությունների հետ; Հեղինակն է մի շարք հեռուստածրագրերի և հաղորդումների։ «Արմենիա Սակրա» ֆիլմը պրոդյուսերը ցանակում է ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում , որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք։ Պրոդյուսերի խոսքով, եթե սփյուռքյան կազմակերպությունները, դեսպանատները ակտիվություն  ցուցաբերեն ֆիլմը կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում, քանի որ այն նկարագիր է տալիս նաև օտարազգիներին, թե ինչպիսին է Հայաստանը, Արցախը, մեր պատմությունը, մշակույթը, ինչպես նաև լավ գործոն է զբոսաշրջությունը զարգացնելու համար։ Ֆիլմի ցուցադրության հետ կապված բոլոր առաջարկների դեպքում կարող եք դիմել ֆիլմի պրոդյուսերին՝

Nare Tadevosyan
E.mail : naretadevosyan787@gmail.com

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում