Անցյալ շաբաթ Թուրքիայի կառավարությունը դիմեց վախեցնելու իր սովորական մարտավարությանը` ստիպելով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյային ջնջել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր թվիթերյան գրառումը:
Հուլիսի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը թվիթերյան գրառում է հրապարակել չորս լուսանկարներով, որտեղ նա պատկերված է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրելիս։ Նա իր թվիթում գրել է. «Ծաղկեպսակ դրեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Հատուկ շնորհակալություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին և Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»։ Մարությանը այցելուին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր և ցույց տվել Ադրբեջանի կողմից սպանված հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի տեղադրած ծաղկեպսակը սպիտակ և կապույտ ծաղիկներով էր, զարդարված կապույտ ժապավենով, որի վրա գրված էր «Միավորված ազգեր»։ Իր գրառման մյուս լուսանկարներում երևում էր, թե ինչպես է նա մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը Հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջում Հայոց ցեղասպանության թանգարանում և ստորագրում հուշամատյանում, որտեղ գրել է. «Ես շատ հուզված եմ այս թանգարան կատարած իմ այցելությունից: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար՝ Հայաստան իմ այցի շրջանակներում»։
Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը հանդիպել է Հայաստանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, արտգործնախարարության կին դիվանագետների հետ և ելույթ ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ավարտական արարողության ժամանակ։
Շահիդի այցից և գրառումից կարճ ժամանակ անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նրան Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար և պնդելով, որ նրա այցը «Հայաստան օգտագործվել է հայկական միակողմանի պահանջները բացահայտելու նպատակով, և հենց այդ համատեքստում է, որ նա այցելել է այսպես կոչված ցեղասպանության հուշահամալիր»։ Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է. «Նրանից ակնկալվում էր, որ կգործեր արդար և անաչառ կերպով, ավելի զգույշ և պատասխանատու կլիներ այս առումով։ ՄԱԿ-ի լիազոր մարմինների անունից հանդես եկող ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց պարտականությունները ՄԱԿ-ի իրավական փաստաթղթերին և միջազգային իրավունքի նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի: Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերն ու միջազգային իրավունքը խեղաթյուրելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և անկեղծ շրջանակներում»:
Շահիդը, որը նաև Մալդիվների Հանրապետության արտաքին գործերի նախարարն է, անմիջապես ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը՝ ենթարկվելով թուրքական ճնշումներին։
Մինչ թուրքական կառավարությանը հաջողվել է իր կամքը պարտադրել ՄԱԿ-ի պաշտոնյային, ոչ մի հայ պաշտոնյա, որ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ, հոգ չի արել հարցնել, թե ինչու է նա ջնջել իր գրառումը, առավել ևս քննադատել նրան:
Իհարկե, ոչինչ չի կարող արդարացնել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հլուհնազանդ պահվածքը, որը ենթարկվել է բռնապետական վարչակարգի հրահանգին, հակառակ ՄԱԿ-ի սկզբունքներին, որոնք պահպանելու երդում էր տվել։ Երկու աղբյուրներ հաստատել են թուրքական կառավարության որոշ գործողությունները. Passblue.com կայքը բացահայտել է, որ Թուրքիան չեղյալ է համարել Շահիդի՝ Անկարա այցելության իր հրավերը: Թուրքական Superhaber.tv-ն այնուհետև բացահայտել է, որ Թուրքիան հետ է կանչել Շահիդի հրավերը՝ մասնակցելու օգոստոսի 8-12-ը Անկարայում կայանալիք դեսպանների համաժողովին։ Թուրքիան հավանաբար կիրառել է այլ կուլիսային միջոցներ Շահիդին ճնշելու համար:
Շատ վիրավորական է, որ Շահիդը, համաձայնելով ջնջել իր թվիթը, անարգել է Հայոց ցեղասպանությունը, որը հաստատվել է հենց ՄԱԿ-ի կողմից: 1985 թվականի օգոստոսի 29-ին ՄԱԿ-ի «Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը» 15 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանության մասին զեկույց։ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույցը» պատրաստել է բրիտանացի հատուկ զեկուցող Բենջամին Ուիթաքերը։ Այդ զեկույցի 24-րդ կետում ասվում է. «Նացիստական շեղումը ցավոք, ցեղասպանության միակ դեպքը չէր 20-րդ դարում: Ի թիվս այլ օրինակների, որոնք կարող են այդպես որակվել՝ 1904 թվականին գերմանական կոտորածը հերերոներին, [և] Օսմանյան կայսրության հայերի ջարդերը 1915-1916 թվականներին…»: Զեկույցը ներառում էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ մատենագրություն: Այդ զեկույցի ավելի վաղ տարբերակը, որը պատրաստել էր Ռուանդայից ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշյանկիկոն, իր 30-րդ պարբերությունում ներառել էր հիշատակում Հայոց ցեղասպանության մասին, որը հետագայում ջնջվեց ՄԱԿ-ի կողմից՝ Թուրքական կառավարության չափազանց մեծ ճնշումներից հետո: Այս փաստերի մասին գիտեմ առաջին ձեռքից, քանի որ 1978-1985 թվականներին ես եղել եմ ՄԱԿ-ում (Ժնև)՝ որպես մարդու իրավունքների հարցերով ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ՝ հակազդելով Հայոց ցեղասպանության հիշատակումը ջնջելու թուրքական բազմիցս փորձերին:
Հայաստանի իշխանությունը կարող է տեղյակ չլինել այս փաստերին։ Առաջարկում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը խիստ ոճով գրված բողոք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ վերականգնելու ջնջված թվիթերյան գրառումը և ներողություն խնդրելու հայ ժողովրդից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի