Հուլիսի 15-19-ը ընթացավ «Արցախի մշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովը։ Այն տեղի ունեցավ երկու տարբեր վայրերում՝ Երևանում (ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ) և Վայոց ձորում (գ. Հերմոն, Լուսիտուր հյուրանոց-հանգստի գոտի)՝ այսպիսով ներառելով նաև Երևանից դուրս գտնվող համայնքը և նպաստելով մարզային ներգրավվածությանը գիտական միջոցառմանը։
Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեմայով այս գիտաժողովը համախմբվում է արդեն երկրորդ անգամ. 2021 թ. գիտաժողովը, համավարակի սահմանափակումներով պայմանավորված, տեղի էր ունեցել առցանց։
Գիտաժողովի կազմակերպիչներն էին պրոֆ. դր. Մարտին Թամքեն (Գյոթինգեն), պրոֆ. դր. Անդրեաս Մյուլլերը (Քիլ), դր. Դագմար Հելլերը (Բենսհայմ) և դր. Հարություն Հարությունյանը (Երևան), աջակիցներն ու հովանավորները՝ ԵՊՀ-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկությունը, Լեպսիուսի տուն-թանգարանը, Ֆրից Թյուսեն գիտությունների օժանդակման հիմնադրամը և Գերմանիայի ավետարանական եկեղեցին:
Ինչպես որ կազմակերպիչներն էին նշել իրենց օրակարգում․ «Արցախը / Լեռնային Ղարաբաղը վերստին հայտնվեց համաշխարհային հանրային ուշադրության կենտրոնում 2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսնե-րին՝ տարածաշրջանի համար մղվող պատերազմի հետևանքով։ Մարտական գործողությունների պատճառով տարբեր քաղաքական, գիտական ու եկեղեցական հաստատություններ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել տվյալ տարա-ծաշրջանին ու նրա պատմությանը։ Այս համատեքստում այլ երկրների հետ մեկ-տեղ նաև Գերմանիայում հրապարակ-վեցին կոչեր ի պաշտպանություն Արցա-խի մշակութային կոթողների։
Այս գիտաժողովի կիզակենտրոնում ևս լինելու է արցախյան տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։ Սա կարևորվում է հատկապես ներկա իրա-վիճակում, քանի որ Ադրբեջանը վերջին պատերազմից հետո իր հսկողության ներքո անցած տարածքներում ցանկա-նում է վերացնել հայոց պատմության հետքերն իբրև կարծեցյալ կեղծիքներ։ Այսպիսով՝ խիստ անհրաժեշտ է դառնում տարածաշրջանի մշակութային ժառան-գության գիտական և համաչափ վերլու-ծությունը, որն էլ կիրականացվի այս միջառարկայական ու միջազգային նա-խաձեռնության շրջանակում»
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, անգլերենը և գերմաներենը. նյութերի ժողովածուն ևս հրատարակվելու է եռալեզու: Մասնակիցները ներկայացնում էին Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի տարբեր գիտական, քաղաքական և եկեղեցական կառույցներ, նիստերին ներկա էին նաև հրավիրյալ հյուրեր և ունկնդիրներ:
Գիտաժողովն իր աշխատանքները կազմակերպել է հինգ ընդգրկուն թեմատիկ նիստերով.
Ա. Արցախի մշակույթն ու նրա պահպանման խնդիրները,
Բ. Արցախը պատմության և աստվածաբանության մեջ,
Գ. Պատերազմն ու քաղաքական ընդհանուր պայմանները,
Դ. Հայաստանը, Արցախը և Աշխարհը,
Ե. Արցախի արվեստն ու մշակույթը։
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում գիտաժողովի միջազգային մասնակիցներին ընդունեց և Հայասնատի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգին ծանոթացրեց ԵՊՀ ռեկտոր պ․ գ․ դ․ պրոֆ․ Հովհաննես Հովհաննիսյանը։ Այնուհետև միջոցառումի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Դր․ Հարություն Հարությունյանը, ԵՊՀ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը։
Ա. Արցախի մշակույթն ու նրա պահպանման խնդիրները,
Գիտաժողովի անդրանիկ զեկուցումը կարդաց Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն պ. գ. դ. Վահան Տեր-Ղևոնդյանը, որը ներկայացրեց Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգության վերաբերյալ անգլերեն լեզվով Մատենադարանի վերջին հրատարակությունը (հեղինակներ՝ Հրավարդ Հակոբյան, Թամարա Մինասյան, Վահե Թորոսյան):
Պրոֆ. Դր. Անդրեաս Մյուլլերը (Աստվածաբան. ֆակ., Քիլի համալսարան) խոսեց գերմանական գիտական գրականության մեջ Արցախին վերաբերող անդրադարձերին:
Գանձասարի վանքի վանահայր Սահակ վրդ. Շաքարյանը ներկայացրեց Արցախի թեմի համառոտ պատմությունը, իսկ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը բարձրաձայնեց Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:
Պրոֆ. Դր. Ալեքսանդր Թրունկը (Իրավագիտ. ֆակ., Քիլի համալսարան) ներկայացրեց իրավական այն փաստաթղթերը, որոնք կարող են դրվել Արցախի մշակութային ժառանգության պահպանության հիմքում:
Բ. Արցախը պատմության և աստվածաբանության մեջ,
Պ. գ. թ. Լուսինե Թումանյանը (Մաշտոցյան Մատենադարան, ավագ գիտաշխատող) խոսեց Եղիշե և Դադ առաքյալների մասին, որոնք, ըստ հայ մատենագիրների, քրիստոնեության քարոզչությամբ են զբաղվել Արցախում և Ուտիքում:
Դր. Աբել քհն. Մանուկյանը (Շվեյցարիայի Կրոնների խորհրդի գլխավոր քարտուղար, Շվեյցարիայի Ավետարանական-բարեկարգյալ եկեղեցիների գիտաշխատող) մանրամասն արխիվային տվյալներ ներկայացրեց 19-րդ դ. 20-30-ական թթ. Շուշիում կառուցված և գործունեություն ծավալած Բազելի միսիոներական տան մասին:
Պ. գ. թ. Հայկ Մարտիրոսյանը (Լեպսիուսի տուն-թանգարան, Պոտսդամ) ներկայացրեց Շուշիից սերող այն ուսանողներին, որոնք իրենց կրթությունը ստացել էին Գերմանիայում 19-րդ դ. վերջին և 20-րդ դ. սկզբին:
Պրոֆ. դր. Մարտին Թամքեն (Աստվածաբան. ֆակ., Գյոթինգենի համալսարան) ներկայացրեց Բախիմոնտների ընտանիքի ծավալած գործունեությունը Հայաստանում Առաջին աշխարհամարտից հետո:
Պ. գ. դ., պրոֆ. Աշոտ Հայրունին (ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, Հայոց պատմության ամբիոն, Երևան) զեկուցեց Հարավային Կովկաս թուրքական ներխուժման և Բաքվի հայ բնակչության 1918 թ. սեպտեմբերի կոտորածի մասին:
Անահիտ Ասատրյանը (Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, Երևան) ներկայացրեց Կարապետ եպս. Տեր-Մկրտչյանի գործունեության էջերը նորահայտ արխիվային փաստաթղթերի հիման վրա:
Արփինե Շպրինգբորնը (Գյոթինգենի համալսարան, ասպիրանտ) խոսեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի՝ Արցախի խնդրին մոտեցման մասին սառը պատերազմի տարիներին:
Դր․ Րաֆֆի Քանթեանը , (Հայ-գերմանական թղթակցություն, Հանովեր) ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի համար մղված 44-օրյա պատերազմի նախապատմությունը, ընթացքը և առաջացած իրադրությունը:
Դաստին Հոֆմանը (Եվրոմիության խորհրդարան, Բրյուսել) խոսեց Արցախի ինքնորոշման իրավունքի, իսկ Հարություն Գրիգորյանը (Արցախի մշտական ներկայացուցչություն, Բեռլին)՝ 2020 թ. պատերազմից հետո տարածաշրջանի անվտանգության խնդիրների մասին:
Պրոֆ. Դր. Կլաուս Կոշորկեն (Աստվածաբան․ Ֆակուլտ․, Մյուխեն/Թուն) ներկայացրեց Մադրասի «Քրիստոնյա հայրենասեր» ամսագրի էջերում հնդիկ հասարակության արձագանքը 1895/96 թ. հայ կոտորածներին:
Պրոֆ. Դր. Թոմաս Շթերնբերգը (Գերմանիայի կաթոլիկների կոնտրոնական կոմիտե, Մյունսթեր) ներկայացրեց Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու հայտարարությունները, որոնք ձևակերպվեցին և հրապարակվեցին արցախյան վերջին հակամարտության ընթացքում և դրանից հետո:
Մարկուս Մեկելը (Գերմանիայի խորհրդարանի նախկին անդամ, Բեռլին) արտահայտեց իր մտորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ որպես մարտահրավեր Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում:
Գիտաժողովը իր աշխատանքները շարունակեց Վայոց ձորում, որտեղ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպս. Մկրտչյանը ներկայացրեց թեմում իրականացվող սոցիալական և մշակութային ծրագրերը, որոնք կոորդինացնում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ն։ Այս պահին դրանք հիմնականում ուղղված են արցախյան վերջին պատերազմից հետո և Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով Վայոց ձորում հանգրվանած մեծահասակների և երեխաների տարբեր խնդիրների (սոցիալ-տնտեսական, հոգեբանական, կրթական և այլն) հաղթահարմանը։
Դր. Անի Ղազարյան Դրիսին (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, Եկեղեցի և կարգ հանձնախումբ Ժնև) ներկայացրեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրապարակած կոչերը, հարցազրույցները վերջին արցախյան պատերազմից ընթացքում և դրանից հետո, տեղի ունեցած հանդիպումները «Արդարության և խաղաղության ուխտագնացության» ընթացքում։
Դր. Դագմար Հելլերը (Միջեկեղեցական հետազոտական ինստիտուտ, Բենսհայմ), որը գիտաժողովի կազմակերպիչներից է, ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու մասնակցությունը էկումենիկ շարժմանը։
Դր․ Թեսսա Հոֆմաննը (Բեռլին) խոսեց Արցախի նյութական մշակութային արժեքների պաշտպանության մասին:
Բ. գ. թ. Թամարա Մինասյանը (Մաշտոցյան Մատենադարան, ավագ գիտաշխատող) իր զեկույցում խոսեց ձեռագրական այն հիշատակարանի մասին, որը պահպանել է մեզ հասած ամենահին կիրառումը Քարվաճառ տեղանվան:
Պրոֆ. դր. Արմենուհի Դրոստ-Աբգարյանը (Մեսրոպ հայագիտական կենտրոնի ղեկավար, Հալլե) ներկայացրեց Հալլեի Համալսարանական գրադարանում պահվող Արցախյան Քառավետարանի իր կողմից կատարված գրչության թվականի ճշգրտումը:
Պ. գ. դ., պրոֆ. Համլետ Պետրոսյանը (ԵՊՀ, Մշակութաբանության ամբիոն) ներկայացրեց հայ-ադրբեջանական հակամարտության գոտում եղած հնագիտական հուշարձանների վտանգվածության և պահպանության խնդիրը:
Արվեստաբանության դոկտոր Արմեն Կազարյանը (Մոսկվայի պետական շինարարական համալսարանի Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն) ներկայացրեց Դադիվանքի գլխավոր եկեղեցու և մայրաքաղաքային ճարտարապետության զուգահեռները:
Պ. գ. թ. Արմինե Մելքոնյանը (Մաշտոցյան Մատենադարան, ավագ գիտաշխատող) խոսեց 18-19-րդ դարերի փիլիսոփա, աստվածաբան և բանասեր Հովսեփ Արցախեցու գրական ժառանգության մասին:
Գիտաժողովի մասնակիցների համար օնլայն միացմամբ Արցախում իրավիճակի մասին սեղմ զեկուցեց և եզրափակիչ խոսք ասաց Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Գիտաժողովի ավարտին կազմակերպիչների կողմից հրապարակվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ հայտարարություն, որը մասնակիցների ստորագրություններով ուղարկվելու է միջազգային այլևայլ կառույցների։
Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև այցելելու Հայաստանի մի շարք պատմահնագիտական հուշարձաններ, եկեղեցիներ և թանգարաններ, ներկա գտնվեցին Երևան ք․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեցում պատարագին, ունեցան հանդիպում-քննարկում տարբեր վանքերի վանահայրերի, ԵՊՀ-ի պրոֆեսորների և Մատենադարանի գիտաշխատողների հետ:
Պատրաստեց՝ Դր․ Անահիտ Ավագյանը
(Մաշտոցյան Մատենադարան, ավագ գիտաշխատող/Այխշթեթի համալսարանի պոստդոկտորանտ)