ՎԱՐԴԱՎԱՌ փառատոն-2022

  • 24.07.2022
  • 0
  • 70 Views

.

… Թող ջուրը կյանք բերի,

Կյանքը սեր բերի՝ ազգին, լեռներին,

Վարդավա՜ռ…

Քրիստոսի պայծառակերպության օրն ու հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառը, այս տարի նշվեց հուլիսի 24-ին՝ համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում։ Տոնակատարությունը նախաձեռնել և իրականություն էր դարձրել Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը։ Վարդավառ փառատոնն արդեն իններորդ տարին է, որ հյուրընկալում է հազարավոր հյուրերի Հայաստանից և արտերկրից։

Ավանդույթի համաձայն՝ փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գեղարդի վանքում՝ պատարագով և երիտասարդության օրհնության կարգով: Տոնի խորհուրդն ավելի ընդգծելու և մարդկանց ակտիվորեն ներգրավելու նպատակով Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները ներկաներին բաժանեցին վարդեր, տարբեր բովանդակությամբ կպչուններ և կեսօրից հետո հրավիրեցին Գառնի՝ մասնակցելու բուն միջոցառմանը։

Կեսօրին Գառնու տաճարի հարակից հրապարակում տեղի ունեցավ Վարդավառի տոնակատարությունը՝ ազգային ավանդույթներին համապատասխան, երգ ու պարով, խաղերով:  Միջոցառման նախաձեռնող, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով Վարդավառ փառատոնի կազմակերպմամբ նրանք նպատակ են հետապնդում երիտասարդության մոտ ամրապնդել ազգային արժեքները, վերջիններիս դարձնել հայկական ավանդույթների ժառանգորդն ու կրողը:

Ծրագրում ընդգրկված էր նաև հատուկ Վարդավառ երիտասարդական փառատոնի համար պատրաստված հյուրասիրություն, առանձին տաղավարներ,  ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր։ Միջոցառման կազմակերպիչները տոնակատարության ընթացքում նվիրեցին նաև վարդեր՝ տոնին մասնակից դարձնելով նաև ներկաներին, իսկ տոնի խորհրդի բարեմաղթանքներն ու օրհնանքներն ստացան ազգային խաղերում ներգրավվածները։

Տոնակատարության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտելու նաև հայոց դիցարանի  սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկ  դիցուհու և Վահագն աստծո սիրո մասին պատմող բեմականացում՝ համեմված պարով և երգով: 

Նշենք, որ Վարդավառ փառատոնը Երիտասարդական ակումբների դաշնության ամենամյա կարևոր միջոցառումներից մեկն է, որի կազմակերպմանը մեծ դարակատարություն ունեն ՀՀ Կոտայքի մարզպետարանը, Գառնիի համայնքապետարանը և Հայկական Փի Ար ասոցիացիան: Փառատոնին աջակցում են նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը, Հայ առաքելական եկեղեցին, Գառնիի մշակույթի տունը, Գեղարվեստի  և Երաժշտական դպրոցները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում