Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակը տոնախմբվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 23.07.2022
  • 0
  • 240 Views

Հուլիսի 11-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կորնել Իոնեսկուն, այս առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարար պարոն Վիկտոր Օպասքին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը։

Այնուհետև ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդրադառնալով ավելի քան վեց հարյուրամյակ առաջ պատմական Հայաստանի տարբեր վայրերից Ռումինիայում ապաստանած հայ ժողովրդի զավակների կողմից հայկական համայնքի հիմնադրմանը և այդ հյուրընկալ երկրում հայորդիների հոգևոր ու ազգային կյանքին՝ Նորին Սրբությունն ընդգծեց․ «Նվիրական հիշատակներ ունենք Ռումինիայում՝ դարերի խորքից եկող վանական ու եկեղեցական կառույցներ, մշակութային և պատմական հուշարձաններ։ Այստեղ գործել են հայկական տպարաններ, թերթեր ու պարբերականներ, հայազգի նշանավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի, կրթության նվիրյալներ, ինչը վկայությունն է բեղուն հայ կյանքի և արձանագրված մեծ հաջողությունների:

Այսօր Ռումինիայի հայ համայնքը դարձել է փոքրաթիվ, սակայն ծառացած խնդիրների ու մարտահրավերների դիմակայումով շարունակում է հավատարիմ մնալ առ մեր Սուրբ Եկեղեցին և հայրենին՝ նախանձախնդրությամբ և ստեղծագործ աշխատանքով նաև ներդրում բերելով Ռումինիայի շինությանն ու բարգավաճմանը»:

Վեհափառ Հայրապետը նկատեց, որ Ռումինիայի Հայոց թեմի հռչակմամբ և վավերացմամբ վեց դար առաջ վկայված հայ-ռումինական բարեկամությունը մեծ հարստություն է, որը նաև ամուր հիմք է այսօր առավել զորացնելու երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունները։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Ռումինիայի իշխանություններին և Ռումին Ուղղափառ Եկեղեցուն, որոնց աջակցությամբ Ռումինիայի Հայոց թեմը վերազարթոնք է ապրում՝ հոգևորականաց ծառայությամբ և նրանց սատարող հավատացյալ հայորդիների նվիրյալ գործունեությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետն իր ողջույնն ու ի Քրիստոս եղբայրական սերը հղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին՝ մաղթելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալություն։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյակի տոնախմբության կապակցությամբ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին առաջնորդական բարեջան ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ մաղթելով նորանոր հաջողություններ տերունապատվեր առաքելության մեջ։

Միջոցառման ընթացքում Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի կողմից Վեհափառ Հորը շնորհված Ռումինիայի պահապան Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան-պանակեն, իսկ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ «Սուրբ Հովհաննես-Հակոբոս» շքանշան-պանակեն։

Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրով, որի ընթացքում Կոմիտաս Վարդապետի ու Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Կիմ Սարգսյանը և Լուսինե Ստեփանյանը։ Ներկաները նաև ունկդիր եղան Կոմիտասի անվան քառյակին․ հնչեցին հատվածներ Ռախմանինովի, Դեբյուսիի ստեղծագործություններից և Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագները։

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հայոց թեմի հաստատման 620-ամյակի տոնախմբության առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարար Վիկտոր Օպասքիին և Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն։

Տաթև Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ ընդգծեց նրանց կարևոր ներդրումը ռումիանահայ համայնքի կյանքում՝ անդրադառնալով Ռումինիայի հայոց թեմի՝ Ռումին Ուղղափառ Եկեղեցու, ինչպես նաև Ռումինիայի Հանրապետության իշխանության հետ ձևավորված սերտ համագործակցությանը։

Այնուհետև, իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով հյուրերին, Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու երկրների սերտ հարաբերություններին՝ խոսելով Ռումինիայի և ռումին ժողովրդի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ ջերմության մասին, ինչը պայմանավորված էր երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով և գործունեությամբ:

Իր խոսքում Հայոց Հովվապետն ուրախությամբ ընդգծեց Ռումիանիայի իշխանությունների և Ռումին Ուղափառ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը ռումինահայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ։
Ապա Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին։

Նախարար Վիկտոր Օպասքիին անդրադարձավ Ռումինիայի հայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի հետ սերտ գործակցությանը` ընդգծելով տարբեր քրիստոնյա ժողովուրդների իրավունքների և հոգևոր–մշակութային ժառանգության պահպանմանն ի նպաստ Ռումինիայի իշխանությունների կողմից ներդրվող ջանքերը:

Իր հերթին Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույներն ու բարեմաղթանքները։ 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում