Գրախոսություն դոկտոր Աբել քհնյ.Մանուկյանի «Հայ եկեղեցվոյ սարկաւագուհիները» գրքի վերաբերյալ

  • 22.07.2022
  • 0
  • 643 Views

Մեծապես գնահատելի պետք է համարել աստվածաբանության և փիլիսոփայության դոկտ. Աբել քհն. Մանուկյանի «Հայ եկեղեցու սարկավագուհիները» գրքի հրապարա­կումը: Այն Հայ եկեղեցու սարկավագուհիների ձեռնադրության վերաբերյալ արժեքավոր և ամ­փոփ աշխատանք է և լրացնում է մեր եկեղեցու պատմության մեջ եղած մի մեծ բաց: Գիրքը լույս է ընծայվել տեր և տիկին՝ Մհեր և Նինա Պապյանների մեկենասությամբ (Պեյրութ, Լիբանան, 2022):

Ուսումնասիրության հեղինակը գիտական շրջանակներին հայտնի է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով հրապարակված բազմաթիվ գրքերով ու հոդվածներով: Հայ սարկավագուհիների թեմային դոկտ. Աբել քհն. Մանուկյանն անդրա­դարձել է դեռևս 1980-ական թվականներին՝ Վիեննայի Պետական համալսարանի արևել­յան եկեղեցիների բաժանմունքում ներկայացնելով «Սարկաւագուհին Հայ Եկեղեցւոյ աւանդության մեջ» աշխատանքը: Այդ աշխատանքը Նյու Յորքում Հայաստանյայց Եկե­ղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի հովանավորությամբ առանձին հատորով տպագրվեց նախ 1991 թ. (Աբէլ Աբեղայ, «Հայ եկեղեցու սարկաւագուհիները», Նիւ Եորք, 1991), ապա 1994 թ.՝ դոկտոր պրոֆեսոր Փիթըր Քաուիի անգլերեն թարգմանու­թյամբ և Նյու Յորքի Ս. Ներսես Ընծայարանի նախաձեռնությամբ (Oghlukian (AKA: Manukian) A. «The Deaconess in the Armenian Church, A Brief Survey», Trans.  Peter Cowe, New York, 1994):

Ներկա աշխատությունը նախորդի վերալրացված հրատարակությունն է, և ըստ էության, Հայ եկեղեցում սարկավագուհիներին նվիրված առաջին համալիր գիտական ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը մատենագրական բազմաթիվ նոր տեղեկու­թյունների հաղորդմամբ ցույց է տալիս, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցում հնա­գույն ժամանակներից ի վեր կանանց սարկավագության աստիճան շնորհելու ավանդույթը քրիստոնեական հայադրոշմ հավատքի նվիրական արդյունք է, որի պահպանումն ու զարգացումը մեր եկեղեցու յուրաքանչյուր հավատացյալի, հատկապես եպիսկոպոսական դասի առաջնակարգ պարտականություններից մեկը պետք է լինի:

Կանայք կարևոր դեր են ունեցել դեռևս առաքելական և վաղ քրիստոնեական շրջանում, ինչի մասին վկայություններ կան Նոր Կտակարանում և Եկեղեցու հայրերի ու վարդապետների երկերում: Կանանց սարկավագության աստիճան շնորհելու իմաստով բերելով ավետարանական բոլոր երեք վկայությունները (Հռոմ. ԺԶ, 1-2, Ա. Տիմ. Գ, 1, Ա. Տիմ. Ե, 3-16)՝ հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում է դրանք՝ տալով նաև աստվածաբա­նության մեջ եղած թեր և դեմ կարծիքները: Արևելյան եկեղեցու ամբողջ ավանդությունը, ինչպես նաև Որոգինես և Կղեմես Աղեքսանդրացի, Հովհան Ոսկեբերան հայրապետները` Նոր Կտակարանի վերոհիշյալ երեք վկայություններում տեսնում են կանանց սարկավա­գության ծագումը (Յիսուս եւ ժամանակակից կանայք, էջ 16-18, Վկայութիւններ Նոր Կտակարանին մէջ, էջ 19-21):

Հաջորդ գլուխը վերնագրված է «Վկայութիւններ առաջին երեք դարերէն» (էջ 22-23): Քրիստոնեության առաջին երեք դարերում կանանց սարկավագության մասին ուղղակի վկայություններ չկան: Հեղինակը բերում է Պլինիոս Կրտսերի (քրիստոնյաների մոտ «ծառա» երկու ստրկուհիների), Իգնատիոս Անտիոքացու (եկեղեցում ծառայող այրի­ների) և Պողիկարպոս Զմյուռնացու (այրիների պարտավորությոնների) այս դարերում կանանց ունեցած դերի մասին անուղղակի վկայությունները, որոնք, սակայն, սարկավա­գուհիների ունեցած եկեղեցական կարգի մասին բացահայտ տեղեկություններ չեն հաղորդում: Նույն դարերից Տերտուղիանոսի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այրիները պատկանում էին եկեղեցականների դասին, սակայն չունեին մասնավոր պաշտոն և քարոզելու իրավունք: Կղեմես Աղեքսանդրացի և Հովհան Ոսկեբերան հայրապետներին ևս ծանոթ են քարոզելու իրավունքից զուրկ և եկեղեցականների դասին պատկանող այրիներ: Չնայած այս հեղինակները խոսում են սարկավագուհիների մասին, սակայն մերժում են կանանց վարդապետական և ծիսական իշխանություններ շնորհելը: Հռոմի Հիպոլիտ եպիսկոպոսը իրարից տարբերում էր այրիներին և կուսաններին նրանով, որ այրիները չէին ձեռնադրվում:

«Սարկաւագուհիներու դասական ժամանակաշրջանը (Գ.-Զ. դար)» գլխում խոս­վում է կնոջ սարկավագության և նրանց պարտականությունների վերաբերյալ հստակ վկայու­թյունների մասին, որոնք ձևավորվել են Գ. դարում և պահպանվել են «Առաքելա­կան կարգադրություններ» ժողովածուի մեջ:

Բյուզանդական եկեղեցում կանանց սարկավագական ձեռնադրություն շնորհելու ավանդույթը սկսվում է Դ. դարից և հասնում մինչև Ժ.-ԺԱ. դարերը, որից հետո աստիճա­նաբար սկսում է մարել: Հեղինակը, իբրև ասվածի վկայություն, հիմնվում է 780 թ. Իտալիա­յում կոստանդնուպոլսական բնագրից օրինակված մի գրչագրի հաղորդած տվյալ­ների վրա, որտեղ խոսվում է Գ.-Ը. դարերում Բյուզանդական եկեղեցում սարկավագուհի­ների ձեռնադրության մասին (Սարկաւագուհիները բիւզանդական աւանդութեան մէջ, էջ 35-38): Իսկ ասորական, Հակոբիկյան և Նեստորական եկեղեցիներում սարկավագու­հիների ձեռնադրություն ավանդույթը շարունակվեց մինչև ԺԱ. դարը: Այս եկեղեցիներում սարկավագուհիները հանդես էին գալիս զանազան պարտականություններով և պաշտոն­ներով: Այստեղ նրանք եպիսկոպոսից ոչ միայն ձեռնադրություն էին ստանում, այլև պատա­րագի ընթացքում վերաբերում էին կատարում և ընթերցում Ավետարան: Դ.-ԺԱ. դարերի եկեղեցու պատմության շրջանը համարվում է կանանց սարկավագության դասական շրջան: ԺԱ. դարից հետո այն աստիճանաբար սկսեց ամլանալ: Այս իմաստով բացառու­թյուն կազմեց Հայ եկեղեցին (Սարկաւագուհիները ասորական եղեցիներուն մէջ, էջ 39-41):

Հայ Եկեղեցու սարկավագուհիների ծառայության ու պարտականությունների վերաբերյալ առաջին տեղեկությունները պահպանվել են Մխիթար Գոշի և Սմբատ Սպա­րապետի «Դատաստանագրքերում», Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում: Ընդ որում՝ բոլոր այս հեղինակների գործերում սարկավագուհիները սարկավագ­ների հետ մեկտեղ դասվում են եկեղեցական նվիրապետության 6-րդ աստիճա­նին: Ձեռագիր Մաշտոցների հաղորդած տեղեկությունները հիմք ընդունելով՝ կանանց սար­կավագ ձեռնադրելու ավանդույթը մեր եկեղեցում սկսում է Թ.-Ժ. դարերից: Այս առու­մով հեղինակը հղում է Վենետիկի Մխիթարյան Մատենադարանի թ. 199 և Մաշտոցյան Մատենադարանի թ. 2787 Մաշտոցները (Սարկաւագուհիները Հայ Եկեղեցւոյ մէջ, էջ 43-68):

Կանանց սարկավագության վերազարթոնք է սկսվում ԺԷ. դարում, երբ բացվում են կուսանոցներ: Հայտնի էին Շենհերի, Շոռոթի և Արցախի Ավետարանոց ավանի կուսանաց անապատի սարկավագուհիները, որոնք նաև ձեռագիր մատյաններ էին ընդօրինակում։ ԺԹ. դարում հայտնի էին նաև Նոր Ջուղայի ս. Կատարինե, Թիֆլիսի ս. Ստեփանոս և Կ. Պոլսի Գալֆայան կուսանոցները,: Հեղինակը այս բոլոր հաստատություններին անդրա­դառնում է առանձին-առանձին, կից ներկայացնում է նաև Նոր Ջուղայի Ս. Կատարինե մենաստանի կանոնները և Գալֆայան միաբանության ազգային-եկեղեցական առաքելու­թյան ծրագիր-կանոնագիրքը (Կանանց սարկաւագութեան վերազարթօնքը, էջ 71-83, Հայ կուսանոցները Հայաստանի սահմաններէն դուրս, էջ 86-134):

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում սարկավագուհիների հանդերձանքը, որին հակիրճ անդրադառնում է հեղինակը (Սարկաւագուհիներու զգեստաւորումը, էջ 85): Սարկավագուհիների զգեստավորմանը վերաբերող առաջին վկայությունները ԺԲ.-ԺԳ. դարերից են: Ըստ մատենագրական աղբյուրների՝ սարկավագուհիները ճակատներին կրել են մետաղյա փոքրիկ խաչ, իսկ ուսերին՝ ուրար: Իսկ արդեն ԺԹ.–Ի. դարերում սարկավա­գուհիներն զգեստավորված են շապիկով և մինչև գետին հասնող սպիտակ շղարշով:

Գրքի վերջին գլուխը վերնագրված է «Արեւագալի նոր յոյսեր» (էջ 135-176), որին կից հեղինակը ներկայացնում է Մեծի Տանն Կիլիկիո միաբանության անդամ, երջանկահի­շատակ Զարեհ արք. Ազնավորյանի Գայանյանց քույրերի միաբանության համար 1989 թ. Անթիլիասում պատրաստած և չվավերացված «Նախագիծ կազմութեան եւ կազմակեր­պութեան կրօնաւորուհեաց կարգի» աշխատությունն ամբողջությամբ՝ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դնելով այն (էջ 136-157):

Գրքում մեծապես արժևորվում է այն անհերքելի իրողությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր պատմության դարավոր հոլովույթում երբեք չի եղել «արական-շովինիզմ»-ով կաշկանդված հաստատութենական մի կառույց, այլ, ընդհակա­ռակը, իր կյանքում լիարժեք գնահատել է կանանց ծառայական ներկայությունը՝ շնորհելով նրանց տղամարդկանց հետ իրավահավասար սարկավագական աստիճանի կոչում։ Այսպես, առաքելական եկեղեցիների ընտանիքում Հայ Եկեղեցին գրավում է առաջա­տար և կարևորագույն նշանակություն ունեցող դիրք՝ կանանց նկատմամբ ցուցաբերելով օրի­նա­կելի լայնախոհություն՝ ներգրավելով նրանց եկեղեցու նվիրապետական կարգում։

Դոկտ. Աբել քհն. Մանուկյանը իր աշխատասիրության մեջ նշում է, որ մեր օրերում ամբողջ Հայ Եկեղեցում տակավին գոյություն ունի ընդամենը մեկ ձեռնադրված սարկավա­գուհի Թեհրանում և մեկ կիսասարկավագուհի՝ Կ. Պոլսում։ Հետևաբար, հեղինակը կոչ է անում մեր եկեղեցու հավատացյալներին, մասնավորաբար եպիսկոպոս­ներին՝ զարկ տալու այս նվիրական ավանդության վերածաղկմանը Հայաստանյայց Առաքե­լական Եկեղեցու սաղարթագեղ անդաստանում։ Սակայն նորընծա սարկավագուհիների թվային պակասի բուն պատճառներից մեկը պայմանավորված է այն կարծր պահպանո­ղականությամբ, որ ուղղակի արգելակում և կաշկանդում է որոշակիորեն ժամանակահունչ դարձնելու հարուստ ավանդություններով ու արևելյան շքեղ ծիսակարգ ունեցող մեր եկե­ղեցին։ Եկեղեցու թշնամին նա չէ, ով բարեկարգումների անհրաժեշտություն է զգում եւ այն պահանջում, այլ նա, որ անշարժ ու անփոփոխ կանգնած թեկուզ ակամա ճահճուտի է վե­րածում եկեղեցու հայրերի ավանդույթները՝ անդամալուծել կամենալով մարդկային մտքի ու զարգացման առաջընթացը։ Արդարև, Ս. Հոգին չի գործում գարշահոտ ճահճուտներում և կորդացած դաշտերում, «այլեւ Աստուած՝ ասէ, կենդանեաց եմ, եւ ոչ մեռելոց» (Մտ ԻԲ, 32)։ Ուստի՝ Եկեղեցին մի՛շտ պետք է բարեկարգվի, լինի ժամանակահունչ և բաց՝ մարդկանց ու Ս. Հոգու ներգործու­թյան համար։

Դոկտ. Աբել քհն. Մանուկյանի հայ սարկավագուհիներին նվիրված այս գիրքն ունի գիտա­կան արժեք: Շարադրանքը հստակ է, գրված գեղեցիկ և մաքուր արևմտահայերենով: Իբրև սկզբնաղբյուրներ հեղինակն օգտվել է Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենա­դարանի ձեռագրաց ֆոնդերից, մատենագիր աղբյուրներից, «Կանոնագիրք Հայոցից»: Հարուստ է նաև տպագիր գրականության ցանկը. ձեռագրացուցակներ, հանրագիտարան­ներ, բառա­րաններ, 59 միավոր հայ և օտարալեզու հեղինակների մենագրություններ և հոդվածներ, ինչպես նաև համացանցային գրականություն: Աշխատանքի գիտական կողմն ամբողջաց­նում են խնամքով կատարված հղումները, անձնանունների և առարկայական հարուստ ցանկերը և Նոր Ջուղայի Ս. Կատարինե կուսանաց վանքի, Թիֆլիսի Ս. Ստեփանոս վանքի սարկավագուհիների և Գալֆայան միաբանության որբասեր քույրերի մոտ 50 վավերա­գրական լուսանկարները: Գիրքը արժևորվում է նաև իր արտաքին տեսքով: Տպագրված է լավ և բարձրորակ թղթի վրա, գեղեցիկ ձևավորմամբ և ամուր կազմով:

Դոկտ. Աբել քհն. Մանուկյանի «Հայ եկեղեցու սարկավագուհիները» գիրքը շա­հավետ հրատարա­կություն է սարկավագուհիների կյանքով ու գործունեությամբ հետաքրքրվող­ների համար, ինչպես նաև օգտակար կարող է լինել ազգագրագետներին, եկեղեցու պատմության ու մշակու­թային հարցերով զբաղվող մասնագետներին:

Դոկտ. Թամարա Մինասյան,

Երևանի Մեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարանի աւագ գիտաշխատող

Երևան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում