Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Լիսաբոնում՝ Տ․ Խաժակ Արք․ Պարսամայանի մասնակցությամբ

  • 21.07.2022
  • 0
  • 89 Views

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, ամեն տարի հուլիսի 20-ին տոնում է իր հիմնադրի հիշատակը։ Հայազգի նավթային մագնատ և մեծ բարերարին նվիրված այս տարվա միջոցառումներին հրավիրված էր մասնակցելու նաև Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։

Առավոտյան Սրբազան Հայրը Լիսաբոնում այցելեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, ուր հանդիպում ունեցավ նրա նորընտիր նախագահ Անտոնիո Ֆոյժոյի հետ։ Ներկա էին նաև հիմնադրամի խնամակալների խորհրդի մշտական անդամ Մարտին Եսայանը և հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Ջերմ և մտերիմ մթնոլորտում անցած շուրջ կեսժամյա զրույցի ընթացքում նրանք նաև հիշատակեցին հայազգի մեկ այլ նշանավոր դեմքերից՝ ամերիկահայ մտավորական Վարդան Գևորգյանին, ում հետ հիմնադրամի նախագան առիթ էր ունեցել առնչվելու վերջինիս ԱՄՆ-ի Բրաունի համալսարանը նախագահելու տարիներին։

Սրբազան Հայրը առանձնազրույց ունեցավ նաև Մարտին Եսայանի հետ, որը Գալուստ Գուլբենկյանի դստեր Ռիտա Գուլբենկյանի թոռն է։ Ապա ներկաները ուղևորվեցին գլխավոր շենքի շուրջը գտնվող այգի, ուր ծաղկեպսակ զետեղեցին և խոնարհվեցին հիմնադրամի հիմնադրի արձանի առջև։

Ապա, ժամը 12․15-ին մոտակա Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց պատարագ Գալուստ Սարգիս Գուլբենկյանի հոգու խաղաղության համար։ Արարողության ավարտին Տ․ Խաժակ Պարսամյանը «Հոգւոցն հանգուցելոց…» արտասանեց հանգուցյալի հիշատակին։ Հիշելով, Աստվածաշնչի Ծննդոց գրքից Աստծո խոսքերը. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա», նա նշեց, որ աստվածավախ և խոր հավատքի տեր Գալուստ Սարգիս Գուլբենկյանը լիովին գիտակցում էր այն հնարավորությունների մասին, որ Աստված տվել է մարդկությանը հենց սկզբից, և նրա արտասովոր կյանքն ու ձեռքբերումները, դրա վկայությունն են։

Սրբազան Հայրը համոզմունք հայտնեց, որ աշխարհն այսօր կարիք ունի Գալուստ Գյուլբենկյանի նման անհատների, ով շատ հպարտ լինելով իր հայ ինքնությամբ, միաժամանակ օժտված էր համաշխարհային անհատականությամբ։ Նրա բազմաթիվ միջազգային բարեգործական ջանքերը՝ ուղղված մարդկանց կյանքի որակը բարելավելու՝ արվեստի, բարեգործության, գիտության եւ կրթության միջոցով, նրան դարձրին լավ տնտես և աշխարհի քաղաքացի:

Սրբազան Հայրը փառք տվեց Աստծուն, որ Գյուլբենկյան Հիմնադրամի խորհրդի նախկին և ներկա անդամները, 1956 թվականին հիմնադրման օրվանից, շարունակում են աջակցել գիտության, կրթության, առողջապահության և արվեստի զարգացմանը բազմաթիվ երկրներում՝ չանտեսելով մայր հայրենիքի և սփյուռքի կարիքները:

Իր խոսքի ավարտին նա մաղթեց, որ հայորդու զորացնող ոգին շարունակի գոյատևել և ոգեշնչման աղբյուր ծառայել արդի համաշխարհային առաջնորդների համար:

Ավելի ուշ, Հիմնադրամի կենտրոնում մատուցվեց հանդիսավոր ճաշկերույթ, ուր ներկա էին հիմնադրամի խնամակալների խորհրդի անդամները և բազմաթիվ պաշտոնյա անձիք։

Գալուստ Գուլբենկյանի հիշատակման օրը եզրափակվեց ժամը 18-ին, կենտրոնի համերգային դահլիճում Գյուլբենկյան նվագախմբի համերգով՝ դիրիժոր Խոսե Էդուարդո Գոմեսի ղեկավարությամբ։ Մինչ այդ բեմից ելույթ ունեցան հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆեյժոն և Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան։ Համերգից առաջ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը առիթ ունեցավ ողջունելու երկրի նախագահին, որն ուրախություն հայտնեց միջոցառմանը Սրբազան Հոր մասնակցության համար։ Համերգին ներկա էր նաև Պորտուգալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը տիկնոջ հետ։ Հետկեսօրին Սրբազան Հայրը և պարոն դեսպանը այցելեցին Գյուլբենկյան ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահներում վերջերս բացված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու և պորտւգալացի՝ Ժորժ Կեյրոսի գծանկարների ու նկարների ցուցահանդեսը։

#Gulbenkian, #Gulbenkianfoundation, #arshilegorky

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում