Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել.Ի՞նչ են բանակցել կողմերը

  • 20.07.2022
  • 0
  • 78 Views

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցել են երեք երկրների ղեկավարները՝ սիրիական կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավորները, համատեղ հայտարարություն է ընդունվել, հայտնում է RT-ն։ Այս մասին գրում է news.am ը։

«Սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումն իսկապես օգտակար էր եւ շատ բովանդակալից։ Գործնական եւ կառուցողական մթնոլորտում մենք պարոն Ռայիսիի եւ Էրդողանի հետ ըստ էության քննարկել ենք Սիրիայի հարցում մեր համագործակցության առանցքային ասպեկտները»,- ասել է Պուտինը գագաթաժողովից հետո։

Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել։

«Ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատվել է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայուն եւ կենսունակ կարգավորմանը»,- հայտարարել է նա։

Իր հերթին, hetq.am ը գրում է, որ

Թեհրանում նախօրեին կայացել է սիրիական հարցով Աստանայի ձևաչափի անդամ երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի առաջնորդների գագաթնաժողով։ Այն ընթանում էր Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման ֆոնին, ինչը քննարկումների լայն առիթ է հանդիսացել ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Արևմուտքում։ Չնայած գագաթնաժողովի թեման Սիրիան էր և նրա շուրջ ընթացող վերջին զարգացումները, այդ թվում՝ թուրքական հնարավոր ներխուժումն այդ երկրի տարածք, այդուհանդերձ Հայաստանն ու ղարաբաղյան հիմնահարցը եղել են երկկողմ հանդիպումների քննարկման թեմա։

Նախ իրանական լրատվամիջոցները հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը:

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է հաղորդակցման երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Խամենեին։

Ղարաբաղյան հիմնահարցը քննարկման թեմա է եղել նաև Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ։ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման հրապարակային մասում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում է մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ։ Մեծ ողջյուններ ձեզ նրանից»,- Էրդողանին դիմելով՝ հանդիպման սկզբում հայտարարեց Պուտինը։ 

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա Վլադիմիր Պուտինի երկրորդ արտասահմանյան այցն է։ Հունիսին նա այցելել էր Թուրքմենստան և Տաջիկստան։ Սպիտան տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Իրան Պուտինի այցը, հայտարարել է, որ այն ցույց է տալիս, թե Ուկրաինա ներխուժելուց հետո ինչքան մեկուսացված է Ռուսաստանը։

Իրանի և Թուրքիայի նախագահների հետ երկկողմ հանդիպումներից զատ, Պուտինը հանդիպում ունեցավ նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Ի դեպ, հանդիպման ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդն անուղղակիորեն իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին՝ հակամարտության սրման ողջ մեղքը բարդելով Արևմուտքի վրա։

«Եթե դուք ձեր ձեռքը չվերցնեիք նախաձեռնությունը, ապա մյուս կողմն սեփական նախաձեռնությամբ կսկսեր պատերազմը»,- հանդիպման ժամանակ հայտարարեց Խամենեին։

Պուտինի Թեհրան այցելության ժամանակ Газпром-ը և Իրանի ազգային նավթային ընկերությունը՝ NIOC-ը 40 միլիարդ դոլար արժողությամբ հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու գազային և վեց նավթային հանքավայրերի մշակում։ Գործարքը կնքվել է առցանց ձևաչափով, որին մասնակցել են Газпром-ի փոխտնօրեն Վիտալի Մարկելովը և NIOC-ի ղեկավար Մոհսեն Խոյստեմերը։ 

Ծրագրվող նախագծերի թվում են Քիշ և Հյուսիսային Ֆարս գազի հանքավայրերի մշակումը, հեղուկ բնական գազի մատակարարման նախկինում սկսված նախագծերի ավարտը և արտահանման գազատարների կառուցումը:

Արդեն երեկոյան Իրանի մայրաքաղաքում մեկնարկեց եռակողմ հանդիպումը, որի առանցքում սիրիական հիմնահարցն էր։ Այս հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են։ Ռուսաստանն ու Իրանն աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Թուրքիան՝ ապստամբներին և մյուս ուժերին։ Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երեք երկրները հաստատել են «վճռականությունը շարունակելու իրենց մշտական համագործակցությունը, որպեսզի վերջնական արդյունքում ոչնչացնեն ահաբեկչական անձանց»։ Ընդ որում, Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն՝ «ահաբեկչության դեմ պայքարում», չնայած շատերը պնդում են, որ հենց Թուրքիան է Սիրիայի տարածքում ահաբեկչական ուժերի գլխավոր ֆինանսավորողն ու հովանավորը։

Վերջին շրջանում Թուրքիան սպառնում է նոր հարձակում իրականացնել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ, որոնց սատարում է Միացյալ Նահանգները։ Այդ գործողությանը դեմ են հանդես գալիս նաև Իրանը և Ռուսաստանը։ Ի դեպ, Իրանի հոգևոր առաջնորդի հետ Էրդողանի հանդիպման ժամանակ, Խամենեին Թուրքիայի առաջնորդին ուղիղ հայտարարել էր, որ իրենք դեմ են նման սցենարին։

Այդ գործողությունը հանդիսանում է Էրդողանի պլանի մի մասը, համաձայն որի՝ նա մտադիր է թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծել 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, բնականաբար, սիրիական տարածքի հաշվին։ 

Գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին Ռուսաստանի ու Իրանի առաջնորդների պատասխանները հիմնականում կրել են հակաամերիկյան բնույթ։ Նախ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Բացի այդ, նա կարծում է, որ երկրի զինված ուժերը պետք է ապահովեն ամբողջական անվտանգությունը Սիրիայի սահմաններին։ Ռայիսին նաև ԱՄՆ-ին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հեռանալ տարածաշրջանից։

Վլադիմիր Պուտինը իր հերթին նշել էր Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազումը և քաղաքական ու դիվանագիտական գործընթացի սկիզբը։

«Ռուսաստանը ելնում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից, և անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի սիրիացի ժողովուրդն ընտրի զարգացման ուղին՝ առանց արտաքին միջամտության»,- հայտարարել է Պուտինը՝ ընդգծելով, որ սիրիացիները պատրաստ են բանակցությունների։ Պուտինը ևս անմասն չի մնացել ամերիկացիներին քննադատելուց։ Նրա մատնանշմամբ՝ Միացյալ Նահանգները ապակառուցողական քաղաքականություն է վարում այդ երկրում։

Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի տարածքում։

Իսկ «Արմենպրես»-ի հաղորդմամբ , Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նրա խոսքով, այդ հարաբերությունները զգալի ներդրում ունեն սիրիական կարգավորման գործում, իսկ առևտրի առումով երկրները կարող են պարծենալ ռեկորդային թվերով։

«Մենք կարող ենք պարծենալ առևտրի աճի ռեկորդային թվերով։ Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը միջազգային անվտանգության ոլորտում՝ զգալի ներդրում ունենալով սիրիական ճգնաժամի կարգավորման գործում»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան շրջադարձային կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։

«Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռաիսին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում