Գոյության պայքար. ի՞նչ է սպասվում Արցախին եւ Հայաստանին

  • 17.07.2022
  • 0
  • 48 Views

Եթե երկու բառով բնութագրելու լինենք աշխարհաքաղաքական ներկա վայրիվարումները՝ ավելի դիպուկ բնորոշում, քան գոյության պայքար, դժվար է մտածել:

Արեւմուտքը Ռուսաստանի ու Չինաստանի դեմ զուգահեռաբար խաղում է մի քանի «խաղատախտակների» վրա, եւ հիմնական «խաղատախտակները» Ուկրաինայում են, Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Միացյալ Նահանգները պայքարում է աշխարհում կամ, առնվազն, երկրագնդի մի մեծ հատվածում իր հեգեմոնիան պահպանելու համար: Չինաստանը ցանկանում է տնտեսական առումով  «նվաճել» աշխարհը, իսկ Ռուսաստանի գլխավոր խնդիրն է՝ վերադառնալ մեծ քաղաքականություն՝ որպես աշխարհաքաղաքական խոշորագույն դերակատարներից մեկի:

Այս մեծ խաղում իրականում չկան համամարդկային արժեքներ ու նմանատիպ այլ զգացմունքային հասկացություններ: Հիմա անկեղծության պահն է, ու դիմակները պատռված են: Խաղը երբեմն հիշեցնում է շախմատ, երբեմն՝ շաշկի, խաղադրույքը չափից դուրս բարձր է՝ զոհաբերվող երկրներ ու ժողովուրդներ: Բնության մեջ գիշատիչների գոտեմարտի բնազդաբար գործադրվող ջանքը ոչ միայն տիրելու, այլեւ՝ գոյությունը պահպանելու համար է: Այժմ, խոշոր հաշվով, գոյապահպանության այդպիսի պայքար է մղվում, ինչն անկանխատեսելի է դարձնում հնարավոր զարգացումները:

2021 թվականին Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը ստորագրեցին «Երկրորդ ատլանտյան խարտիան»՝ նմանակելով 1941 թվականին Ռուզվելտի եւ Չերչիլի միջեւ ստորագրված «Առաջին Ատլանտյան խարտիան», որի արդյունքում ամրագրվեցին այն սկզբունքները, որոնց վրա պիտի կառուցվեր ապագա աշխարհակարգը՝ Գերմանիայի շուրջ ձեւավորված կոալիցիային հաղթելուց հետո: Խարտիային միանգամից միացան երկու տասնյակից ավելի երկրներ, այդ թվում՝ Խորհրդային Միությունը: Խարտիայի թեզերի վրա հետագայում կառուցվեց նաեւ ՄԱԿ-ը:

2021-ին ստորագրված «Երկրորդ Ատլանտյան խարտիա»-ին միացան Մեծ յոթնյակի արեւմտյան երկրները: Հետաքրքիր է, որ խարտիային միանալու համար հրավիրված չէին Ռուսաստանն ու Չինաստանը: Մասնակիցները՝ ակնարկելով 1941 թվականի իրավիճակը, փաստորեն, «նոր աշխարհում» տեղ չտվեցին Չինաստանին ու Ռուսաստանին. նրանց, կարծես թե, հատկացվեց այն ժամանակվա Գերմանիայի դերը:

Դրան ի պատասխան՝ 2022-ին Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները ստորագրեցին «պատասխան խարտիան», որտեղ ասվում էր, որ նրանց միջեւ համագործակցությունը սահմաններ չունի, եւ իրենք չեն ընդունում միաբեւեռ աշխարհակարգը, ինչին հաջորդեցին ուկրաինական իրադարձությունները: Փաստացի՝ դրվեց երկրորդ կոալիցիայի ձեւավորման հիմքը:

Ըստ էության՝ նոր աշխարհակարգի, դրա կանոնների ու սկզբունքների շուրջ է գնում պայքարը: Ինչպես 1941-ին, այնպես էլ հիմա, ձեւավորվել են երկու կոալիցիաներ, որոնց շուրջ «թեժ» պայքար է ծավալվել Ուկրաինայում, նաեւ՝ «թեժ» տնտեսական գոյամարտ, եւ փոքր երկրները ստիպված են վերաբերմունք արտահայտել ու միանալ կոալիցիաներից մեկին կամ էլ մնալ չեզոք՝ եթե դա իրենց հաջողվի:

Հիշենք, որ Երկրորդ աշխարհամարտից հետո քաղաքական քարտեզի փոփոխություններ եղան, որոնց ժամանակ գծվում էին երկրների նոր սահմանները: Պետք է ենթադրել, որ այս նոր, ըստ որոշ կարծիքների, լատենտ ընթացող Երրորդ աշխարհամարտից հետո նույնպես տեղի է ունենալու քաղաքական քարտեզի փոփոխություն:

Կարող ենք ասել, որ թեժ մրցակցությունը սկսվել էր հենց արցախյան պատերազմով: Ուկրաինական պատերազմն ընդամենը դրա շարունակությունն է: Միգուցե հենց այս տրամաբանության մե՞ջ պետք է փնտրել, թե ապագայում ինչպես կդասավորվի Արցախի կամ, առհասարակ, Հայաստանի ճակատագիրը:

Գոյության պայքար. ի՞նչ է սպասվում Արցախին եւ Հայաստանին (acnis.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում