
Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելեց Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում։
Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկեց նաև այլ թեմաներ:
Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ:
Ի դեպ, ավելացնենք, որ այս արվեստի գործի հեղինակը երուսաղեմահայ հայտնի վարպետ Վիգեն Լեփեջյանն է։

Այնուհետեւ NEWS.am-ի հետ զրույցում Կորյուն վարդապետը նշել է, որ Պատրիարքը ներկայացրել է հայկական ժառանգությունը ու ներկայությունը, քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների եւ կոնֆլիկտների մասին։
«Ջո Բայդենը մեզ մոտ մնացել է մոտ 40 րոպե, եւ հանդիպումն անցել է շատ լավ մթնոլորտում։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապա ներկայացրել է Սուրբ ծննդյան տաճարում մեր ունեցած եկեղեցու իրավունքները եւ առհասարակ՝ Սուրբ եկեղեցում ունեցած հայ եկեղեցու իրավունքները։ Պատրիարքը նաեւ խոսել է մեր պատմության, հայկական ժառանգության, ներկայության եւ քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների ու կոնֆլիկտների մասին։ Նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել բոլոր հոգեւոր հայրերի հետ լսելու համար նրանց մտահոգությունները եւ խնդրանքները»,- նշեց նա։
Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ պատրիարքը նախագահին նվիրել է հախճապակուց պատրաստված ափսե եւ նուռ, քանի որ հախճապակին հայկական արվեստի մասերից մեկն է։
«Հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է մի յուրահատուկ բրենդ։ Իսկ Ջո Բայդենի նվերը մեզ կհանձնեն դեսպանատնից»,- նշեց վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Բեթղեհեմից հետո Ջո Բայդենն ուղեւորվել է Սաուդյան Արաբիա։


orer.eu