Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ԵՊՀ «ISTC» կենտրոնում, հուլիսի 7-ին:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, փորձի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի, սիրո, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ է:
«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում մեծ տեղաշարժերի գիտության բնագավառում, և այս առումով բավականին մեծ էին նախորդ տարի կառավարության ջանքերը, ինչի շնորհիվ 83 տոկոսով ավելացվեց գիտության ֆինանսավորումը: Կարծում ենք, որ այս քայլը դրական կանդրադառնա երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու գործի վրա: Պարոն Աֆեյանի ջանքերն, ուղղված երիտասարդներին գիտության մեջ պահելուն, անգնահատելի և ողջունելի են: Մեծ ուրախությամբ պատրաստ ենք տարբեր հարցերում համագործակցության՝ ի շահ ԵՊՀ-ի, ի շահ ուսանողության, ի շահ պրոֆեսորա-դասախոսական կազմի»,- նշեց Հովհաննիսյանը:
Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ ուրախ և հպարտ է Երևանի ամենահզոր համալսարանի՝ ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու համար:
«Ինձ համար պարտավորեցնող է այս կոչումը: Հայաստանում կապերս քիչ են, ուրախ եմ, որ ներկա եղա և լիահույս եմ՝ ապագայում կարող ենք կապեր ստեղծել համալսարանի հետ,- ասաց Նուբար Աֆեյանը:
Միջոցառման ընթացքում Աֆեյանը հանդես եկավ ելույթով, ինչպես նաև կազմակերպվեց նրա հետ հարցուպատասխան։
Աֆեյանն առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդելի իր տարբերակը
«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը առաջարկում է Հայաստան-սփյուռք համագործակցության նոր մոդել՝ Հայաստանում գործիչները պետք է աշխատեն ներկայի ուղղությամբ, իսկ սփյուռքը՝ ապագայի, այսինքն երկարաժամկետ ծրագրերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աֆեյանը նման տեսակետ հայտնեց Ապագա Հայկականի համաժողովի շրջանակում պանելային քննարկմանը:
Աֆեյանը նշեց՝ ինքը սփյուռքում է ծնվել, հիմա էլ ԱՄՆ-ում է ապրում: «Անցյալ 22 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ծրագրերով զբաղվել եմ: Այդ ողջ ընթացքում միշտ կարծում էի, որ սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես լավ են ու լավանալու են: Որոշ պատճառներով վերջին 1-2 տարվա ընթացքում մտահոգություններ են ծնվել»,-ասաց Աֆեյանը:
Ըստ նրա՝ պատերազմից հետո Հայաստան-սփյուռք համագործակցությունը նախկինի նման այդքան մեծ կարևորություն չի ստանում: Նա նշեց՝ տարիներ շարունակ ինքը մասնակցել է տարբեր սփյուռք-Հայաստան կոնֆերանսների, լսել է այն միտքը, որ Ադրբեջանն ունի նավթ, Հայաստանն ունի իր սփյուռքը՝ իր «նավթը»: «Կարող է սփյուռքը նավթ է, բայց, եթե չկարողանանք նավթը հողից հանել և օգտագործել, դա կմնա պարզապես երազանք: Պետք է կարողանանք խոսակցությամբ իրար գտնել, հասկանալ, հարգել, կարոտն արտահայտել, որ կարողանանք առաջ գնալ»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ինչ պետք է արվի այդ ուղղությամբ, ինչ մոդել կա, նա ասաց՝ ամենակարևոր 10 նպատակներից մեկը պետք է լինի այն, որ հազարավոր մասնագետներ, տասնյակ հազարավոր ուսանողներ գան այստեղ և իրենց տաղանդը ներդնեն Հայաստանի ապագայի կերտման հարցում:
«Սփյուռքահայությունն ընդհանրապես հուսահատվելու իրավունք չունի: Իբրև սփյուռքահայ կարող եմ ասել, որ մենք ապրում ենք շատ ավելի դյուրին, շատ ավելի լավ վիճակում, եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախ և առաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունենք, որպեսզի մեր ներդրումները, մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան»,-ասաց Աֆեյանը:
«Ներկան պարտադրում է, որ գործիչներն անվերջ ներկայի վրա աշխատեն: Սփյուռքահայությունը կարող է ապագայի վրա աշխատել, քանի որ ներկայի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ: Կարող է փողով, ներդրումներով օգնել, բայց պետք է այստեղ լինս, որ ներկայի վրա աշխատես, բայց ապագայի վրա աշխատելու համար կարող ես լինել Լոս Անջելեսում կամ ուր ուզես, և կարող ես երազներդ արտահայտել և իրականություն դարձնել որոշ տարիների ընթացքում»,-ասաց Աֆեյանը:
Ըստ նրա՝ սփյուռքահայությանը երկարաժամկետ ծրագրերը պետք է ավելի հետաքրքիր լինեն: «Եթե գտնենք այն ձևը, որ Հայաստանն ու սփյուռքը կամուրջներ ստեղծեն, սփյուռքը՝ ապագայից, ներկան՝ Հայաստանի կողմից միացնենք, իմ կարծիքով դա կլինի նոր մոդել»,-եզրափակեց նա:
Աղբյուր՝ (armenpress.am)