Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը. Արարատ Միրզոյան

  • 09.07.2022
  • 0
  • 124 Views

Հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կաթիմերինի» պարբերականին, որը ներկայացված է ստորև.

Հարց․ Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում:

Պատասխան․ Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում և աշխարհում։ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների հազարամյակների ընդհանուր պատմությունն ու արժեքները, բարեկամությունն ու համերաշխությունը։ Դարեր շարունակ հայերն ու հույները խաղաղ ապրել են կողք կողքի, համագործակցել՝ արժեքներ ու բարեկեցություն ստեղծելու համար, և միասին պայքարել արտաքին կեղեքիչների դեմ: Այս համատեքստում ցանկանում եմ շեշտել, որ մենք երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ծանրագույն ժամանակաշրջաններում, ինչի ամենավերջին օրինակը 2020 թվականի պատերազմն էր։

Այս տարի նշում ենք մեր հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ։ Մենք զարգացրել ենք ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ծանրակշիռ երկկողմ օրակարգ՝ սկսած ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցություն, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն բազմակողմ հարթակներում: Հունաստան կատարած իմ վերջին աշխատանքային այցի ընթացքում ես շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ու խորքային քննարկումներ իրականացրել իմ գործընկեր և լավ բարեկամ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Մենք առաջընթաց ենք գրանցել և ընդհանուր փոխըմբռնման հասել մի շարք կարևոր հարցերի շուրջ. կշարունակենք աշխատել մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Ես նաև կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք Հայաստան-Հունաստան համագործակցությունը զգալիորեն ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը համապատասխան կլինի ռազմավարական գործընկեներին։ Վստահ եմ՝ մոտ ապագայում մենք կաշխատենք այս ուղղությամբ։

Հարց. Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը եռակողմ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Հետագայում ինչպե՞ս կարող են զարգանալ այս հարաբերությունները:

Պատասխան․ Հայաստանը մեծապես կարևորում է եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Մինչ այժմ մենք հաջողությամբ մի քանի եռակողմ նախարարական հանդիպումներ ենք անցկացրել, և ակնկալում ենք երեք երկրների ղեկավարների մակարդակով գագաթաժողով հյուրընկալել։

Մեր երկրները փոխգործակցության ու փոխադարձ աջակցության հարուստ փորձ ունեն, և մենք հավատում ենք, որ մեր պետություններն ունեն հսկայական ներուժ՝ խթանելու տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը՝ Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության ու համագործակցության ամրապնդման միջոցով: Մենք նաև ընդգծում ենք եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը պաշտպանության, սփյուռքի, խորհրդարանական կապերի, արտակարգ իրավիճակների, ՏՏ, առողջապահության, ներդրումների, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում։ Վստահ եմ, որ այս ձևաչափը դատապարտված է հաջողության։

Հարց. 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր տեղի ունեցել։ Հայաստանը պատրա՞ստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ստատուս քվոն։ Եվ եթե ոչ՝ ի՞նչ այլընտրանք կարող է լինել:

Պատասխան․ Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում. Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։

Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

Հարց. Դուք Ադրբեջանի հետ բանակցությունների մի քանի ուղղություններ ունեք։ Արդյո՞ք Ուկրաինայում պատերազմը կարող է ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա։

Պատասխան․ Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն: Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն։

Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։

Հարց. Արդյո՞ք լավատես եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Պատասխան․ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։

Հարց. Վերջերս Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել։ Արդյո՞ք ակնկալում եք այս ուղղությամբ շոշափելի քայլեր: Որո՞նք կարող են լինել այդ քայլերը:

Պատասխան․ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, և մեր կառավարության ծրագրում նույնպես նշված է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, և արդեն կայացել է չորս հանդիպում, որոնց ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակներում։

Այսօր գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։ Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից։

Հարց. Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Հունաստանի համար այս պահին ամենազգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հույն-թուրքական սահմանին շարունակաբար աճող լարվածությունը և Կիպրոսի հարցը։

Պատասխան․ Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Հայաստանն անընդունելի է համարում ցանկացած գործողություն և քայլ, որը կարող է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը, միջազգային ծովային իրավունքը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Ինչ վերաբերում է Կիպրոսի խնդրին, ինչպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, այս հարցում ևս մեզ համար անընդունելի է ուժի կիրառման հետևանքները որպես լուծում ներկայացնելու ցանկացած փորձ։ Հայաստանն ու Կիպրոսը մշտապես փոխադարձ աջակցություն են ցուցաբերել միմյանց երկկողմ և բազմակողմ հարթակներում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում