
2022թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար։
Առաջին Համաժողովում քննարկման առարկա են դառնալու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։
Հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվեց համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը:
Միջոցառմանը ներկայացվեցին Համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվել մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։
«Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկման բանախոսներ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը, ինչպես նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Արամ Բեկչյանը անդրադարձան Արցախյան ֆորումի արդյունքներին և կարծիքներ փոխանակեցին հանրային քննարկումների ձևաչափի և դրա արդյունքների իրականացման կարևորության շուրջ:

«Ապագա Հայկականի առաջին Համաժողովը և քննարկվելիք թեմաները» պանելի բանախոսներն էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որոնք անդրադարձան Համաժողովի թեմաների կարևորությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին:
Քննարկումները վարում էր EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին։
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամ

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնություն է, որի շնորհիվ հնարավորություն են ունենալու աշխատել միասնաբար, նոր լուծումների ճանապարհներ քննարկել և փոփոխություններ իրականացնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց «Ապագա Հայկականը» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում:
Նա նշեց, որ փորձում են «Ապագա Հայկականը» նախաձեռնությամբ ցույց տալ, որ հայ ազգը, որը ոչ միայն ապրում է Հայաստանում, այլ սփռված է ամբողջ աշխարհով, իսկապես կարող է միավորվել և միասնական և արդյունավետ լուծումներ գտնել:
«Իսկապես կարևոր է, որ մենք կարողանանք օգտագործել մեր ամենաուժեղ կողմերը: Մենք ունենք Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող փայլուն մարդիկ, ովքեր պետք է զգան, որ միասին կարող ենք փոխել մեր ապագան: Այսօր ամբողջ աշխարհում հաջողության միակ ճանապարհը միասին աշխատելու, համագործակցելու մոդելն է, և մենք էլ պետք է գիտակցենք, որ առաջ շարժվելու ամենաճիշտ ուղին համագործակցությունն է բոլոր օղակների հետ»,-ասաց Վարդանյանը:
Ըստ նրա՝ հայ ժողովրդի մեծ մասը սովորություն ունի ապրել անցյալով, հիշել անցյալի տխուր կետերը: Վարդանյանի խոսքով՝ բոլորը ապագայի հանդեպ պետք է միայն լավատես լինեն և հասկանան, որ այսօր միակ ճիշտ տարբերակն է ոչ թե հետ, այլ առաջ նայելը:
Անդրադառնալով հայ ժողովրդի պատմական պատասխանատվությանն ու առկա մարտահրավերներին՝ Ռուբեն Վարդանյանն առանձնացրեց երեք միտք. «Տարիներ շարունակ հայ ազգի համար կրթությունը, գիտությունը կարևոր տեղ են զբաղեցրել: Ինձ համար այսօր դա պահպանելը կարևորագույն հարցերից է: Մեր նպատակներից է, որ կրթված հայը նորից դառնա օրինակ և մոդել բոլորի համար: Երկրորդը՝ Արցախը, որը ինձ համար կարմիր գիծ է: Մենք պետք է դուրս գանք զոհի կարգավիճակից, մենք հաղթող ժողովուրդ ենք, դա մեր արյան, գեների մեջ պետք է մտնի, որ մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել: Երրորդ՝ պետք է հստակ գիտակցենք, որ 21-րդ դարը մեր դարն է, որի տված հնարավորությունները պետք է օգտագործենք Հայաստանի զարգացման և լավագույն ապագայի համար, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր զոհված տղաների, մեր երեխաների և մեր ապագա սերունդների առջև»,- ասաց Վարդանյանը:
orer.eu