Երկօրյա դասընթացով մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունը. Հանդիպում Վեհափառ Հայրապետին

  • 08.07.2022
  • 0
  • 196 Views

Հուլիսի 6-ին մեկնարկեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը, որն անցկացվում է Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը մասնակցում են մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Ուխտագնացությունն իրենց մասնակցությամբ պատվել են ԱՄՆ Արևմտյան թեմի և ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Բուլղարիայի և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևելյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից ներկայացուցիչ Հոգեշնորհ Հարություն վարդապետ Տամատյանը։

Ուխտագնացությունը մեկնարկեց առավոտյան աղոթքով, որից հետո սկսվեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթացը։ Այն վարելու համար հրավիրվել են ոլորտի մասնագետները։ Դասընթացը միաժամանակ ընթանում էր հինգ խմբերում։ Այն ներառում էր թիմային, ճանաչողական խաղեր և վարժանքներ։ Երիտասարդները միասին կառուցեցին ակնկալիքների ծառը։

Այս դասընթացը երիտասարդական աշխատանքի մասնագետների և հոգևորականների արդյունավետ և ինտերակտիվ համագործակցության օրինակ էր։ Երիտասարդական աշխատանքի մարզիչների հետ նախապես համաձայնեցված օրակարգով յուրաքանչյուր խմբում բանախոսեցին ուխտագնացությանը մասնակից հոգևորականները՝ «Քրիստոնեական երիտասարդական աշխատանք», «Միասնականություն», «Ամենայն ձայն թող լսելի լինի» թեմաներով։ Երիտասարդներին խմբային առաջադրանքներ տրվեցին, որոնց միջոցով նրանք վերհանեցին իրենց թեմերում և երիտասարդաց միություններում առկա խնդիրները և լուծումներ առաջարկեցին։ Հուլիսի 8-ին ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։

Նույն օրը այցելություն կլինի նաև Եռաբլուր։ Երիտասարդները ուխտավորաբար կլինեն Օշականում և Հայաստանի այլ սրբավայրերում։ «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը կավարտվի հուլիսի 10-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցությամբ, որ կմատուցվի ձեռամբ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց

«ՀԵՀԵՄը ՀայաստանՍփյուռք կամուրջ»

համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:

Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Հանդիպումը սկսվեց Հայրապետական մաղթերգով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցեց Հայոց Հովվապետի օրհնությունը:

Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Կ․Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Երազ Չաղլայանը և Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Արշամ Արզումանը։

Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընգծեց, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելուեկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով: Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին և Հայր Թովմային եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց՝  համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները միատեղվել են հայրենիքի և Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, որով  պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ նպաստ բերելով հայրենի կյանքի վերազարթոնքին և հայրենիքի զորացմանն ու լուսավոր ապագայի կերտմանը:

Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորեց առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։

Իր խոսքում Նորին Սրբությունն ուխտավոր հայորդիներին բարեմաղթեց  Աստծու զորակցությունը՝  անձնական և համայնքային կյանքում նորձեռքբերումների և հաջողությունների հասնելու համար, որոնց արգասիքները կծառայեցնեն հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կյանքում իրենց ներգրավվածությանը, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ներկաներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում