Աննախադեպ բարեգործական համերգ Մյունխենում՝ նվիրված Հայաստանի երեխաների կրթության ծրագրին

  • 07.07.2022
  • 0
  • 412 Views

Հուլիսի 3-ին Մյունխենի Մաքս-Ժոզեֆ համերգասրահում /Max-Josef-Saal der Residenz / տեղի ունեցավ դասական երաժշտության բարեգործական համերգ, որը կազմակերպել էր Dav Social e.V.   կազմակերպությունը։

200-ից ավելի հյուրեր հնարավորություն ունեցան վայելելու արտերկրում բնակվող  հայազգի տաղանդավոր երաժիշտների փայլուն կատարումները և միևնույն ժամանակ ներկա գտնվելու բացառիկ առիթի՝ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի Deux pièces pour Violoncello et Piano: 1.Monologue Autor des Marcos solitaires, 2. Issieliess կոմպոզիցիաների անդրանիկ ներկայացմանը ։ Համերգին մասնակցեցին Կարինե Գիլանյանը,  Հայկ Սուքիասյանը, Գոռ Արսենյանը, Լիլիան Ակոպովան, Մամիկոն Նահապետովը, Կորյուն Ասատրյանը, Արսեն Բաբաջանյանը։  

Դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը հանդիսատեսին դյութեց Դեբյուսիի և Ռամոյի կոմպոզիցիաների հրաշալի կատարմամբ՝ տպավորելով սահուն անցումներով և գործերի յուրօրինակ մեկնաբանությամբ։ Երկրորդ հատվածում ականատես եղանք Գոռ Արսենյանի հետ անզուգական նվագացությանը։  

 Հայկ Սուքիասյանը և Լիլիան Ակոպովան ապշեցրին ունկնդիրներին իրենց անզուգական դուետով։ Նրանց  Շումանի կատարմանը կարելի էր շունչը պահած հետևել։ Թավութակահար Սուքիասյանի  և դաշնակահարուհի Ակոպովայի ելույթը իրեն գերազանցեց Արսեն Բաբաջանյանի վերջին՝ “Monologue Autor des Parks solitaires” և “Issiliess” կոմպոզիցիաների անդրանիկ կատարման ժամանակ՝ հանդիսատեսին տեղափոխելով մի այլ աշխարհ և արժանանալով բուռն ծափահարությունների։  

Կորյուն Ասատրյանը և Մամիկոն Նահապետովը փայլեցին իրենց վարպետությամբ՝ կատարելով Դեբյուսիի “Première Rhapsodie”-ն։ Նահապետովը զմայլեց ունկնդրին Լիստի և Պրոկոֆևի գործերի փայլուն մենակատարմամբ՝ ավարտելով իր ելույթը Ակոպովայի նվագացությամբ հնչեցնելով հայ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի (1930֊2019) երկու ստեղծագործություն։  

Տենոր Գոռ Արսենյանը, որն իր վարպետությունը հղկել է համաշխարհային մեծ բեմերում և նախկինում հանդիսացել է Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի մենակատար, կատարեց Հարությունյանի, Լեհարի , Պուչչինիի հայտնի գործերից՝ իր խորը և ազդեցիկ ձայնով պարուրելով դահլիճը և թափանցելով հանդիսատեսների սրտերը։ 

 Կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը մեր երեկույթի շրջանակներում արժանացրեց մեզ իր նոր գործի պրեմիերային ականջալուր լինելու հաճույքին։ Լոկ այս իրադարձությունն ինքնին արդեն բավական էր՝ երեկոն հիշարժան դարձնելու համար։  Սակայն բոլոր երաժիշտները հանդիսատեսին նվիրեցին այնպիսի վարպետությամբ և զգացմունքայնությամբ լի կատարումներ, որ նույնիսկ նրանք, ովքեր դասական երաժշտության սիրահարների չեն, հնարավորություն ստացան վայելելու երեկույթի ամեն մի րոպեն։ 

Համերգի ողջ հասույթը ծառայելու է  կազմակերպության կողմից Հայաստանում  և Արցախում իրականացվող կրթական ծրագրերին։ 

Ինչպես ՕՐԵՐ-ի  հետ զրույցում  նշեց Dav Social e.V.   բարեգործական կազմակերպության համահիմնադիր Սոնա Կրյուգերը, իրենց  նպատակն է նպաստել  Հայաստանում սոցիալական եւ կրթական ծարգրերի իրականացմանը։

Կազմակերպության կամավորները սեպտեմբեր ամսից  առցանց պարապմունքներ են անցկացնելու Արցախից փախստականների, զոհվածների ու վիրավորների երեխաների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով  խավերի հետ։ Այդ նպատակով ընտրվել է երեք դպրոց՝ Երեւանում, Եղեգնաձորում եւ Արարատի մարզում։  Նրանք հնարավորություն կունենան առցանց գերմաներենի դասերի մասնակցել։ Մասնագետները Գերմանիայից կմիանան այդ դասընթացներին, իսկ հայաստանյան դպրոցների դասասենյակներում աշակերտները կհետեւեն ուսուցմանը։ Կազմակերպության նպատակն է հնարավորություններ ստեղծել դպրոցական երեխաների համար բազմակողմանի կրթություն ստանալու, ինչպես օրինակ առցանց արտադասարանական պարապունքներ, գերմաներենի ուսուցում, անհատական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն, մասնագիտական կողմորոշման խորհրդատվություն համապատասխան մասնագետների կողմից և այլն։  Հատուկ մասնագետները աշակերտների հետ զրուցելով, կօգնեն ճիշտ կողմնորոշվել  եւ  ընտրություն կատարել   Գերմանիայում գործող առցանց համալսարանների միջեւ։  Որպեսզի երեխաները ոչ թե հասնեն Գերմանիա կրթություն ստանալու համար, այլ Հայաստանում   ստանան այդ կրթությունը, իսկ հետագայում  նաեւ աշխատեն Հայաստանից՝ գերմանական կազմակերպությունների համար։

Սոնա Կրյուգերի ասելով, իրենք ընտրում  են երկարատեւ ծրագրեր, որոնց արդյունքը կարող է մեծ լինել, իսկ ծախսերը՝ քիչ։ Նրա կարծիքով, եթե գերմանացիները տեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, շատերը կմիանան այս ծրագրին։

Համերգի ողջ հասույթը կգնա վերը նշված բարեգործական ծրագրերին։

Նշենք, որ կազմակերպությունը հիմնվել է 2021 թվականին,  ունի 43 անդամ, որոնց  անդամավճարներից էլ  հոգում են ծախսերը։

Համերգի հովանավորները  և աջակիցներն են. Քրիստիան Մխիթարյանը, Դավիդ Գրիգորյանը,

Պիանո Ֆիշերը ( PIANO-FISCHER Musikhaus GmbH + Co. KG), Արմինե Բաբայանը եւ

Վարդուհի Կզլյանը։

Կազմակերպության  առցանց հասցեներն են.

https://www.facebook.com/socialdav , http://www.dav-social.de

Dav Social e.V. Բարեգործական կազմակերպության հիմնադրվել է 20.03.2022- ին յոթ հիմնադիրների կողմից։ Վարչության առաջին ղեկավարն է Յորան Կրյուգերը։ Վարչության երկրորդ ղեկավարն է  Տիգրան Մանվելյանը։ Անդամներն են  Սոնա Կրյուգերը, Մարիամ Ավագյանը, Դավիդ Հայդենռայխը, Մյասնիկ Մամվելյանը։

Կազմակերպության հաշվեհամարն է

DAV Social e.V.

IBAN: DE65 8306 5408 0004 2952 00

BIC (SWIFT-Code): GENO DEF1 SLR

Վերադառնալով բարեգործական համերգին, նշենք, որ կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն  են հայտնում   բոլոր ներկաներից՝ մասնակցության համար։

«Մեզ համար պատիվ էր դասական երաժշտության սիրահարների հետ մեկտեղ ողջունել նաև մեր կազմակերպության բազում աջակիցներին։  Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր երաժիշտներին եւ Արսեն Բաբաջանյանին , որոնց աջակցության շնորհիվ միայն հնարավոր եղավ այս ձեռնարկի  իրագործումը։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արմինե Բաբայանին, ում մասնագիտական փորձը և ջանքերը օգնեցին մեզ նման հաջողության հասնելու։  Երաժիշտների բարեգործական ելույթների, հանդիսատեսների մասնակցության և առատաձեռն նվիրատուների շնորհիվ մենք այժմ կարող ենք աջակցել Հայաստանում իրականացվող DAV-Socialի կրթական և մարդասիրական օգնության ծրագրերին, ինչի առիթով ցանկանում ենք բոլորին հայտնել մեր առանձնահատուկ շնորհակալությունը»։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում